Սեռավարակները նույնքան հին են, որքան և սեռական հարաբերությունները: Մեր օրերում սեռավարակների մասին տարածված են իրար հակասող տարատեսակ հոդվածներ ու նյութեր, որոնք կարող են շփոթության մեջ գցել ընթերցողին: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք փոքրիկ զրույց ունենալ ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԳԿ սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Զրույցը ներկայացնում ենք ստորև:
– Մի փոքր խոսենք սեռավարակների առաջացման պատմությունից:
– Սեռավարակները ամենահին հիվանդություններից են: Երկար ժամանակ բոլոր սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, որոնք փոքրաթիվ էին ու չէին տարբերակվում, անվանվել են «ֆրանսիական հիվանդություն»: Հետագայում՝ 1900-ականներից սկսվել է գործածվել «վեներական հիվանդություններ» տերմինը, որը առանձնացրել է 5 տեսակի հիվանդություն: Հիմա մոտ 20 հիվանդություն սեռավարակ են համարվում` այդ թվում նաև սեռական քոսը, ոջլոտությունն ու մի շարք սնկային հիվանդություններ:
– Վերջին տարիների ընթացքում փոփոխվե՞լ է արդյոք սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ ունեցողների թիվը Հայաստանում, և ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:
– Վերջերս բավականին քչացել են գոնորեայի ու սիֆիլիսի դեպքերի քանակը, բայց դրան հակառակ` ավելացել են ուերոպլազմայի ու սեռական գորտնուկների դեպքերը: Բավականին հաճախ սկսել ենք վիրուսային սեռավարակներ արձանագրել՝ հեպատիտ B, հեպատիտ C, ՄԻԱՎ վարակ: Սեռական հերպեսը նույնպես բավականին հաճախ է հանդիպում: Ինչ վերաբերվում է վերջին տարիներին բացահայտված դեպքերի ավելացմանը, ապա դրանց պատճառ կարելի է նշել մարդկանց տեղեկացվածության բարձրացումը, հետազոտության մեթոդների բարելավումը, հետազոտական կենտրոնների ավելացումը և այլն: Հնարավոր է` հիվանդների քանակը չի փոխվում, բայց հետազոտության դիմողներն ու բուժվողները շատացել են:
– Նշեք, խնդրում եմ, առավել տարածված սեռավարակները Հայաստանում: Որո՞նք են դրանց փոխանցման հիմնական ուղիները:
– Կանանց մոտ ավելի շատ կանդիլոզայի ու սնկային խնդիրներ են հայտնաբերվում: Տղամարդկանց մոտ բավականին հաճախ ուրեոպլազմա ենք հայտնաբերում: Սրանք կլասիկ սեռավարակներ չեն:
Այս սեռավարակների զարգացմանը կարող են նպաստել թույլ իմունիտետը, սեռական հիգիենային սխալ հետևելը, անկանոն սեռական կյանքը և այլն: Իսկ կլասիկ սեռավարակներից ամենատարածվածը քլամիդիոզն է: Քլամիդիոզը չի արտահայտվում, չի անհանգստացնում, ու հիվանդների մեծ մասը պատահական հետազոտության ժամանակ են պարզում, որ ունեն քլամիդիոզ:
– Որպես սեռավարակաբանության ոլորտում աշխատող մասնագետ, ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ որո՞նք են սեռավարակների նկատմամաբ առավել խոցելի խմբերը և ինչո՞ւ:
– Խոցելի են բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են անպաշտպան սեռական հարաբերություն ունենալ: Իհարկե կարող ենք առանձնացնել մարմնավաճառներին, նրանց ծառայություններից օգտվողներին, ՏՍՏ-ներին (տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ) և ներարկային թմրամիջոցներ օգտագործողներին որպես առավել խոցելի խմբեր:
– Համացանցը լեցուն է տարատեսակ գրառումներով, իբր «դեռահասության շրջանում, անգամ մինչև 24 տարեկան, սեռական հարաբերություն ունենալն ավելի խոցելի է դարձնում սեռավարակների նկատմամբ»: Իսկ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս հարցի շուրջ:
– Խոսքն այդքան էլ տարիքի մասին չէ, ավելի շատ զարգացվածության մակարդակի, գիտելիքների ու պատասխանատվության մասին է: Պետք չէ վերցնել որոշակի տարիք: Օրինակ`14 տարեկան ես, ունես գիտելիքներ, պատասխանատու ես քո ու զուգընկերոջդ առողջության համար, ունեցի հարաբերություն, ո՞վ է քեզ խանգարում: Իհարկե, հաճախ պատանի տղաները ինքնահաստատվելու, կամ ընկերների մոտ գլուխ գովալու համար պատահական ու չպաշտպանված հարաբերություններ են ունենում, որը նպաստում է սեռավարակ ունենալուն: Այսինքն երիտասարդները շատ կարևոր ասպեկտներ հիմնականում անտեսում են. դրա համար էլ երիտասարդությունն ավելի խոցելի է:
«Մենք ավտոմեքենա չենք, որ խոդի տվեցինք, աշխատեց, ունեցավ հարաբերություն, անջատեցիր, բենզինը պրծավ, վերջացրինք»: Շատ ավելի կարևոր են գիտելիքներն ու պատասխանատվությունը քո ու զուգընկերոջդ առողջության:
– Ավելի շատ ո՞ր տարիքային խմբի ու որ սեռի մարդիկ են դիմում Ձեզ` սեռավարակների նկատմամբ հետազոտվելու համար:
– Կոնկրետ իմ պրակտիկայում՝ 20-25 տարեկան երիտասարդներն են դիմում: Ընդ որում, ավելի շատ դիմում են տղամարդիկ, որովհետև նրանց համար սեռավարակաբանին դիմելը այդքան էլ վարկաբեկիչ չէ: Բայց կանայք, հատկապես այդ տարիքի, հիմնականում շատ լուրջ խնդիրների դեպքում են դիմում միայն, քանի որ ենթադրվում է նախաամուսնական սեռական կյանք:
– Հասանելի՞ է արդյոք սեռավարակների նկատմամբ հետազոտությունն ու բուժումը սոցիալական բոլոր շերտերին:
– Հասանելի է Հայաստանի գրեթե ողջ տարածքում: Իհարկե, կան հետազոտություններ, որոնք միայն Երևանում են հնարավոր և ցավոք, ոչ բոլոր սոցիալական խմբերին են հասանելի. որակյալ դեղորայքը թանկարժեք է: Չնայած կան տարատեսակ ծրագրեր, որոնց միջոցով որոշ խմբեր, օրինակ՝ ՏՍՏ-ներ, մարմնավաճառներ ու ներարկային թմրամիջոցներ օգտագործողներ, պարբերաբար հետազոտվում ու բուժվում են անվճար արդեն 2 տարի է` իրականացնում ենք նմանատիպ ծրագիր ՏՍՏ-ների համար:
– Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ անցնել հետազոտություններ սեռավարակների նկատմամբ:
– Հետազոտվել անհրաժեշտ է յուրաքանչյուր անպաշտպան հարաբերությունից հետո: Գիտե՞ք, կա մարդկանց մի խումբ, որ պարբերաբար հետազոտվում են՝ 3-ից 6 ամիսը մեկ, ու համոզված են, որ խնդիր չունեն: Մենք ունեցել ենք դեպք, երբ 17 -18 տարեկան տղան կյանքում առաջին անգամ սեռական հարաբերություն է ունեցել ու վարակվել է ՄԻԱՎ-ով: Այսինքն վարակվելու համար ոչ մի նախապայման չկա, ընդհամենը «պետք է» անպաշտպան սեռական հարաբերություն:
Ցակացած չպաշտպանված հարաբերություն, պետք է գնահատել որպես վտանգավոր, որպես ռիսկային` սեռավարակ ձեռքբերելու համար: Իհարկե, բացառություն են հետազոտված ու հավատարիմ զունգընկերների հարաբերությունները:
– Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ սեռավարակների չբուժման բարդացումները:
-Ցանկացած հիվանդություն, որը բարդացավ, արդեն հետևանքներ ունի: Սեռավարակն, ինքնին, արդեն իսկ լուրջ խնդիր է, ինչպես այս պահին, այնպես էլ հետագայում: Չբուժվելու դեպքում կարող են առաջանալ վերարտադրողական առողջության խնդիրներ (իմպոտենցիայի զարգացում, չբերություն և այլն): Իսկ օրինակ սիֆիլիսի չբուժման դեպքում հնարավոր են կյանքին սպառնացող խնդիրներ: Շատ կարևոր է հիշել ու միշտ շեշտադրել, որ օրգանիզմում սեռավարակների առկայությունը մեծացնում է սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը:
– Ըստ Ձեզ որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք հետ են պահում մարդկանց սեռավարակների նկատմամբ հետազոտվելուց:
– Առաջին հերթին, մարդը ռեալ չի գնահատում ու չի գիտակցում իր` սեռավարակ ունենալու ռիսկը: Ես շատ հաճախ եմ լսում, որ «ես նենց մարդու հետ եմ սեռական հարաբերություն ունենում, որ իրա մոտ սեռավարակ չէր լինի», կամ օրինակ «էդ կինը ամուսնացած էր, ուրեմն իրա մոտ չի կարա սեռավարակ լինի»: 2-րդը «դանակը ոսկորին հասնելու» սկզբունքն է գործում: Անգամ գանգատ ունենալու դեպքում մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի: 3-րդը` մարդիկ ամաչում են, հատկապես փոքր քաղաքներում, որտեղ բոլորն իրար ճանաչում են: 4-րդը ֆինանսական կողմն է. հետազոտությունները բավականին թանկ են: Ու թերևս ամենավերջին տեղում, դա բուժանձնակազմի վերաբերմունքն ու պայմաններն են, որը մենք ինչ-որ չափով փորձում ենք լուծել: Ավելի բայրացակամ վերաբերմունքով բարենպաստ պայմանների ստեղծմամբ` նպաստում ենք հետազոտվելուն:
– Ձեր ուղերձը մեր ընթերցողին:
-Չունենալ անպաշտպան սեռական կյանք: Ամենակարևորը այս 3 սկզունքներն են «ժուժկալություն, հավատարմություն ու պահպանակի օգտագործում»: Ժուժկալություն, եթե տվյալ սեռական հարաբերությունը կարող է ձեզ համար վտանգավոր լինել, ուրեմն այդքան ուժ ունեցե´ք ու հրաժարվե´ք այդ հարաբերությունից: Հավատարմություն, եթե դուք ուզում եք ունենալ սեռական հարաբերություն, ուրեմն ունեցեք հավատարիմ զուգընկերոջ հետ: Իսկ եթե վերոնշյալ պայմանները ձեզ համար անհնարին է, ուրեմն գոնե օգտագործե´ք պահպանակ:
Արտուշ Ռուշանյան
Հովիկ! Հրաշալի մարդ ու ֆանտաստիկ մասնագետ