Խտրականություն և օրենք

equalityԽտրականության արգելքը համարվում է միջազգային իրավունքի հիմնարար և անքակտելի սկզբունքներից մեկը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ցանկացած ժողովրդավարական հասարակությունում անձանց իրավունքների և ազատությունների հավասարության հիմքով իրականացումը:

Դեռևս 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվել է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և այդ իրավունքներն ու ազատությունները պետք է իրականացվեն առանց որևէ խտրության՝ հիմնված ռասսայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա:

Ավելին, այն պաշտոնապես ամրագրված է գրեթե այն բոլոր միջազգային պայմանագրերում, որոնք վավերացվել կամ հաստատվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից:

Բացի դրանից, կան նաև միջազգային իրավական ակտեր, որոնք ամբողջությամբ նվիրված են խտրականության արգելման սկզբունքին և խտրականությունից զերծ մնալու անձի իրավունքին: Այսպես օրինակ՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (ՀՀ-ն միացել է սեպտեմբեր 13, 1993թ.) կոչված է պայքարելու կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների հետ և հավասարության հիմքով ճանաչելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը կանանց և տղամարդկանց շրջանում, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի նպատակը (ՀՀ-ն միացել է հունիս 23, 1993թ.) ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով խտրականության արգելումն է, և այլն:

«Խտրականություն» հասկացության սահմանման ու մեկնաբանման մեջ հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «խտրականության» հասկացության սահմանումը իր Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով:

Խտրականությունը տարբերակման, բացառման, սահմանափակման կամ նախապատվության դրսևորում է, որը նպատակ է հետապնդում կամ հանգեցնում է որոշակի հատկանիշով օժտված անձի համար նվազ բարենպաստ իրավիճակի ստեղծմանը:

Թեև միջազգային պրակտիկայում խտրականության տարբեր դրսևորումները տարբեր կերպ են դասակարգվում, այնուամենայնիվ, ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, ենթադրության վրա հիմնված խտրականությունը և ատելության կոչերը համարվում են խտրականության հիմնական տեսակները:

equalityactimage

Մի շարք դեպքերում խտրական վերաբերմունքի դրսևորումները կարող են չորակվել որպես խտրականություն, այլ կարող են դիտվել իբրև «կառուցողական գործողություններ» կամ դրական խտրականություն, այն է՝ հատուկ միջոցառումներ ուղղված հասարակության մեջ առավել նվազ պաշտպանված անձի/անձանց կամ խմբերի և հասարակության մնացած մասի միջև իրավական կամ փաստացի անհավասարությունների վերացմանը՝ հնարավորություն ընձեռելով անձին և/կամ մի խումբ անձանց իրացնել իրենց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հավասարության հիմքով:

Խտրականության դեմ պայքարը մտահոգիչ է նաև մեր հասարակությունում: Այսպես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման անհրաժեշտ հնարավորությունների բացակայությունը, աշխատանքի ընդունման չափանիշներում տարիքային անհարկի սահմանափակումները, զանգվածային լրատվության միջոցներում կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ատելության և բռնության կոչերը, բժշկի կողմից ՄԻԱՎ-ով ապրող անձի հարազատին ուսումնական հաստատությունից հեռացնելը, դանակահարված նույնասեռական անձին բժշկական օգնության տրամադրման մերժումը, ինչպես նաև նմանատիպ և տարբերվող այլ դեպքեր մեր հասարակությունում առկա խտրական դրսևորումների դասական օրինակներ են:

Չնայած ՀՀ Սահմանադրությամբ և որոշ իրավական ակտերով խտրականության արգելքը այս կամ այն կերպ արտացոլված է, այնուամենայնիվ, այս մոտեցումը հատվածական է և կան ոլորտներ, որտեղ ընդհանրապես ապահովված չէ անձի խտրականությունից զերծ մնալու իրավունքը: Բացի դրանից, ազգային օրենսդրության մեջ կան այնպիսի բացեր, որոնք հնարավորություն չեն տալիս պատասխանելու խտրականությանն առնչվող ամենատարրական, բայց թերևս կարևորագույն հիմնահարցերին, մասնավորապես՝ մինչ օրս որևէ իրավական ակտ չի սահմանել խտրականություն հասկացությունը, դրա դրսևորման ձևերը, ատելության կոչերի հասկացությունը, ինչպես նաև պատասխանատվությունը դրանց համար: Ներկայումս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից մշակվում է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը, որը նպատակին ծառայելու դեպքում կարող է վեր հանել և լուծել հասարակության մեջ ծառացած վերոնշյալ և այլ կարևորագույն խնդիրներ:

Լուսինե Ղազարյան