Ֆեմինիզմ. պատմությունից իրականություն

feminismԻնչպես ասել է ամերիկացի ֆեմինիստ, լրագրող, ակտիվիստ Գլորիա Շտայնեմը. «Հոգուս խորքում ես կարծում եմ, որ կինն ունի երկու ըտրություն` լինել ֆեմինիստ կամ մազոխիստ»: Իսկ ի՞նչ է իրականում նշանակում լինել ֆեմինիստ:

Այս տերմինը պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում 1872 թ.-ին, հետո նաև Մեծ Բրիտանիայում 1890 ականներին և ԱՄՆ-ում 1910թ.-ին: Ֆեմինիզմն ինքնին սեռերի քաղաքական, տնտեսական, սոցիալական հավասարության ու կանանց իրավունքների և համատեղ շահերի համար կազմակերպված գործունեության ամբողջություն է: Առանձնացվում են ֆեմինիզմի հինգ տեսակներ` լիբերալ, ռադիկալ, մարքսիստական և սոցիալիստական, ինչպես նաև մշակութային և էկո-ֆեմինիզմ:

Ֆեմինիստական շարժումը բաժանվում է երեք ալիքների`առաջին ալիքը ( 19-րդ դարից վաղ 20-րդ դար) վերաբերվում է կանանց ընտրական իրավունքին, աշխատանքային պայմաններին և կրթության իրավունքին: Ականավոր ֆեմինիստներից էին Մարի Վոլստոնքրավթը, Սյուզան Բ. Էնթոնին, Լյուսի Սթոունը և այլք: Համարվում է որ առաջին ալիքն ավարտվեց, երբ ընդունվեց ԱՄՆ Սահամանադրության 19-րդ լրացումը, որը կանանց ընտրության իրավունք ընձեռեց: Ի տարբերություն առաջին ալիքի երկրորդ ալիքը (1960-ականներ-1980-ականներ) կենտրոնացած էր փաստացի անհավասարությունների վրա` օրենքի անհավասարություն և կնոջ դերը հասարակության մեջ: Ֆեմինիզմի երրորդ ալիքը (վաղ 1990ականներ-մեր օրեր) առաջ եկավ ի պատասխան երկրորդ ալիքի արդյունքում ստեղծված նախաձեռնությունների և շարժումների ձախողմանը: Այս շրջանի հայտնի ֆեմինիստներից էին Ջուդիթ Բաթլերը, Մարթա Դեյվիսը, Բեթթի Դոդսոնը և այլք:

Որոշ տղամարդիկ, նույնիսկ կանայք սխալաբար գտնում էին, որ ֆեմինիզմը սարսափելի երևույթ է` ստեղծելով սխալ վարկածներ, թե բոլոր ֆեմինիստները նույնասեռականներ են և ատում են տղամարդկանց, կանայք չեն կարող միաժամանակ լինել կանացի և ֆեմինիստ կամ ֆեմինիստները ամուսնության ինստիտուտին չեն հավատում և այլն: Այնուամենայնիվ տղամարդիկ ևս կենսական դեր են ունեցել ֆեմինիստական շարժման մեջ: Պրոֆեմինիստ հեղինակների մեծամասնությունը Ֆրանսիայից էր, նրանց թվում էին Դենիս Դիդերոն, Պոլ Հենրի դը Հոլբախը և Շառլ Լուի Մոնտեսքյոն: Ջոն Ստյուարտ Միլը, ով համարվում է ֆեմինիզմի հայրը վաղ պրոֆեմինիստների շարքում էր: Նա իր «Կանանց հնազանդությունը» հոդվածում փորձում էր ապացուցել, որ կանանց իրավական ենթակայությունը ճիշտ չէ և պետք է ելք գտնել կատարյալ հավասարության համար:

we can do itՖեմինիզմի պատմությունից գալով հայկական իրականություն` պետք է խոստովանենք, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով: Հայ կանայք 20-րդ դարից ի վեր սկսեցին խոսել գենդերային հավասարության և կանանց իրավունքների մասին: Կարևոր է այդ կանանց շարքին դասել այնպիսի անուններ ինչպիսիք են Սիրան Զարաֆյանը, ով կանանց հնարավորությունների ընդլայնման և վերջիններիս կրթության ջատագովներից էր, Առլենե Ավակյանը, ով Մասաչուսեցի համալսարանի կանանց ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիրներից մեկն է, Սրպուհի Տյուսաբը (Վահանյան), ով առաջին հայ ֆեմինիստ նովելագիրն է:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար: Ֆեմինիստների խմբի հաջողված օրինակ է ընտանեկան բռնության դեմ կոալիցիան, որը ստեղծել է յոթ հկ-ների ջանքերով: Կոալիցիայի նպատակն է բարձրացնել կանանց նկատմամբ բռնության մասին տեղեկացվածության մակարդակը, փոխել ընտանեկան բռնության մասին գոյություն ունեցող կարծրատիպերը, տրամադրել պաշտպանություն և աջակցություն բռնության զոհ կանանց: Կոալիցիայի գործունեությունը բազմազան է` հանդիպումներ, միջոցառումներ, թրեյնինգներ նվիրված ընտանեկան բռնությանը և կանանց իրավունքերին:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:

Հուսանք` մոտ ապագայում կտեսնենք ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումն ու արդյունավետ կիրարկումը որպես օրենքի գերակայության հաղթանակ և հայ ֆեմինիստների դեդուկտիվ աշխատանքի արգասիք:

Լիլիթ Սարգսյան