Հպարտության ամիս, Հպարտության շքերթներ

Հունիսն աշխարհի բազմաթիվ երկրներում Հպարտության ամիս է` ԼԳԲՏԻ+ համայնքների ինքնաարտահայտման, ինքնադրսևորման, իրենց իրավունքների բարձրաձայնման ու ձեռքբերումները տոնելու մի ժամանակաշրջան։

1970 թվականին Նյու Յորքում տեղի ունեցած առաջին հավաքից ի վեր Հպարտության շքերթներն աշխարհի շատ քաղաքներում այդ տոնական ամսվա հիմնական միջոցառումներն են: Մասնակիցները հպարտ ուրախությամբ ընդգծում են իրենց գենդերային ինքնությունը` միաժամանակ հիշելով անցած տասնամյակների` ընդունելի լինելու համար մղվող պայքարը, որը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այնտեղ, որտեղ շարունակում են անհանդուրժողական ու խտրական քաղաքականությունն ու վերաբերմունքը:

ԼԳԲՏԻ+ համայնքի ներկայացուցիչների համար 21-րդ դարը նշանավորվել է արագ առաջընթացով ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ այլ երկրներում: Միևնույն ժամանակ՝ նրանք զերծ չեն մնացել անհավասար վերաբերմունքից: «Մի՛ հարցրու, մի՛ ասա» ակտն ուժը կորցրած ճանաչվեց միայն 2011 թվականին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք, որն այդպիսով կարևոր քայլ կատարեց քաղաքացիական իրավունքների ասպարեզում` հայտարարելով, որ ԼԳԲՏԻ+ անձինք կարող են չթաքցնել իրենց սեռականությունը զինված ուժերում ծառայելու ժամանակ։

ԱՄՆ-ում ևս մեկ առաջընթաց գրանցվեց, երբ 2020 թվականի հունիսին ԼԳԲՏԻ+ մարդկանց տրվեցին աշխատավայրում խտրականությունից պաշտպանվելու իրավունքներ: Այս զարգացումների հիմքում ընկած է 20-րդ դարի կեսերին մեկնարկած խիզախ ակտիվիստների և նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների պայքարը: Այսօր նրանք հավաքվում և հիշում են 1970-ականների սկզբների Հպարտության առաջին տոնախմբությունները` թե ինչպիսի ոգևորություն էր տիրում Նյու-Յորքի Քրիստոփոր փողոցի փոքրիկ թաղամասում, որն այն հազվադեպ վայրերից էր, որտեղ գեյերը կարող էին հավաքվել ու տոնել:

Երկար ճանապարհ էր հարկավոր անցնել, որ 2019-ին Նյու-Յորքում անցկացված Հպարտության համաշխարհային շքերթին մասնակցեր ԼԳԲՏԻ+ համայնքի` ավելի քան 5 միլիոն ներկայացուցիչ. Լոս Անջելեսի և Չիկագոյի ակտիվիստական խմբերը, որոնք 1970-ականների Հպարտության շքերթների մասնակիցն են եղել, կապ էին հաստատել Նյու Յորքի գործընկերների հետ՝ ծրագրելու գործողություններ տարեդարձի շուրջ: Լոս Անջելեսի միջոցառումը զվարճանալու և տոնելու մասին էր, մինչդեռ Նյու Յորքի շքերթի նպատակն ակտիվիստների միջև նոր կապերի հաստատումն ու անցած պայքարի հիշատակումն էր:

«Մենք պետք է շարունակենք դուրս գալ բաց հրապարակներ և դադարենք ամաչել, այլապես մարդիկ կշարունակեն մեզ տարօրինակ համարել. այս երթը հաստատում է Հպարտության մեր նոր հռչակագիրը», – Նյու Յորք Թայմս պարբերականի հետ զրույցում ասել էր միջոցառման մասնակիցներից մեկը։

Արդեն 1980-ականներին Հպարտության շքերթներ էին անցկացվում նաև այլ երկրների խոշոր քաղաքներում` Մոնրեալում, Լոնդոնում, Մեխիկոյում, Սիդնեյում: 1980-ականներին, սակայն, իրադարձությունների երանգը փոխվեց, երբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամի վրա հանրային-քաղաքական ուշադրության սևեռումը, ինչպես նաև նորահայտ առողջական խնդրի հետ կապված կարծրատիպերի կոտրումը կենտրոնական դարձան միջոցառումների ընթացքում: Փոխվեց դրանց բնույթը. դրանք վերածվեցին բողոքի և տեղեկատվական ցույցերի։

Երբ 1990-ականներին հավաքները հայտնվեցին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ԼԳԲՏԻ+ համայնքի հանրային կյանքը հետզհետե տեսանելի դարձավ, ինչն իր հերթին առաջացրեց տարատեսակ կորպորացիաների շահագրգռվածությունը: Հատկանշական է, որ Նյու-Յորքում 2019-ին տեղի ունեցած Հպարտության ամենամեծ շքերթը զուգորդվեց ԼԳԲՏԻ+ հազարավոր ներկայացուցիչների` «Քվիր ազատագրման երթ» (Queer Liberation March) անունը կրող այլընտրանքային երթով: ԼԳԲՏԻ+ շարժման ակունքներում կանգնած ակտիվիստների` «Հպարտության վերականգնում» կոալիցիան (The Reclaim Pride Coalition) այդկերպ իր անհամաձայնությունն էր արտահայտում նյույորքյան գլխավոր շքերթի` կորպորացիաների կողմից հովանավորված լինելուն, ինչպես նաև ոստիկանական առկա ուղեկցությանը:

Կոալիցիայի ակտիվիստներն ազատագրման այդ այլընտրանքային երթի միջոցով վերադարձ կատարեցին քվիր համայնքի` խտրականության, ճնշումների, վերահսկման դեմ պայքարի ավանդույթին` կրկին պահանջելով սոցիալական, տնտեսական, իրավական արդարություն և վառ պահելով ԼԳԲՏԻ+ համայնքի երկարամյա պայքարի հիշատակը: Այդ օրվանից կոալիցիայի միջոցառումներն ամենամյա դարձան` տասնյակ հազարավոր մասնակիցներով, առանց ոստիկանական վերահսկողության ու կորպորացիաների հովանավորչության:

Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր

Լուսանկարները՝ The New Yorker-ի