Սաֆո. լեսբիական սիրո խորհրդանիշը

Լեսբիական սիրո խորհրդանիշ Սաֆոն անտիկ շրջանի մեծագույն պոետներից է, որ հայտնի է հիմնականում կանանց ձոնված իր կրքոտ քնարական բանաստեղծություններով:

Սաֆոյի կյանքի մասին հստակ փաստերը շատ քիչ են: Նա, ամենայն հավանականությամբ, ծնվել է մ․թ․ա․ 620-ին Էգեյան ծովում գտնվող Լեսբոս կզղում, բարձրաշխարհիկ ընտանքիում: Սաֆոն իր հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է Միտիլինեում (Լեսբոսի կենտրոնական քաղաքը), որտեղ չամուսնացած երիտասարդ կանանց խմբակ է ղեկավարել: Սաֆոյի դպրոցում տիրում էր Աֆրոդիտեի ու Էրոսի պաշտամունքը: Նրա բանաստեղծություններից շատերի հասցեատերերը հենց իր կին աշակերտներն են: Չնայած Սաֆոյի՝ մեզ հասած բանաստեղծություններում չկան փաստացի ապացույցներ նրա՝ լեսբի լինելու մասին, բայց անտիկ պոետները, որոնք ավելի ամբողջական պատկերացում ունեին նրա ստեղծագործությունների ու կյանքի մասին, այնպես են նկարագրում նրա կենսակերպն ու կերպարը, որ այն ժամանակակից պատկերացումներով կարելի է լեսբիական անվանել:

Հույն փիլիսոփա Տյուրոս Մաքսիմուսը Սաֆոյի հարաբերությունները կին աշակերտների հետ համեմատել է Սոկրատեսի՝ տղամարդ աշակերտների հետ ունեցած նույնասեռական հարաբերությունների հետ: Անտիկ շրջանում Սաֆոն իր սեռական նախընտրությունների համար նաև ծաղրի ու վատաբանման է ենթարկվել: Նրա կյանքի մի շարք փաստեր ժամանակի «բարոյական» արժեքներին հարմարեցնելու համար հաճախ չէին հիշատակվում: Գրաքննիչները նրա բանաստեղծություններից հանում կամ փոխում էին որոշ բառեր և ամբողջական տողեր, քանի որ, իրենց կարծիքով, ընթերցողը դրանք սխալ կհասկանար: Անտիկ շրջանում նրա կերպարը ծաղրի էր ենթարկվում կատակերգություններում, իսկ ավելի ուշ՝ տարբեր ժամանակաշրջաններում, քրիստոնեական գրաքննիչներն Ալեքսանդրիայում, Հռոմում և Կոնստանդնուպոլսում նրան ներկայացնում էին իբրև «բարոյազրկված կին, որ երգում էր սեփական սանձարձակության մասին»: Գրիգոր Նազիանզացին՝ Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսը, ինչպես նաև հետագայում Հռոմի Պապ Գրիգոր 7-րդը հրամայել են այրել նրա գրքերը:

Սաֆոյի գործունեությունն ուսումնասիրելու ամենաբարդ ու ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեզ հասել է պոետի գրական ժառանգության շատ քիչ մասը: Անհայտ է նույնիսկ, թե որքան բանաստեղծություններ է գրել Սաֆոն: Այժմ հաշվվում է Սաֆոյի բանաստեղծությունների մոտ 250 հատված, որոնցից միայն 70-ն ունեն ամբողջական տողեր: Սաֆոյի պոեզիան ներկայացնող լավագույն տեքստերից է թիվ 31-ը, որտեղ նկարագրված է բանաստեղծի՝ սիրելիին տենչալու ֆիզիկական արտահայտումը, երբ նա նայում է սիրած կնոջը՝ մի տղամարդու հետ խոսելիս: Այս բանաստեղծությունը պահպանվել է «Վեհության վրա» (մոտավորապես մ․թ․ առաջին դար) գրքում, որի հեղինակ Լոնգինուսն այն բերում է որպես բովանդակության հմուտ ձևակերպմամբ վեհության հասնելու կատարյալ օրինակ:

Սաֆոյի բանաստեղծություններում, սակայն, հիմնական թեման անպատասխան սիրո պատճառով առաջացած անձնական տառապանքն է: Սիրո հետևանքով անորոշության, անքնության, բուռն ապրումների թեմաներ կարող ենք գտնել թիվ 51, 134 և շատ այլ բանաստեղծություններում: Տպավորիչ ու հիշարժան պատկերների միջոցով Սաֆոն նկարագրում է, թե ինչպես է իր սիրտը կոտրվել սիրուց և ինչպես է այն քարացել՝ կարծես ծառերն ավիրող լեռնային քամի (բանաստեղծություն 47), իսկ մեկ այլ գործում նա իր սիրելի կնոջը համեմատում է ճանապարհին տրորված ծաղիկի հետ: Հաճախակի հանդիպում ենք գեղեցկության հանդեպ հիացմունք արտահայտող տողերի (օրինակ՝ թիվ 156 ու 167) կամ կարոտի ու տենչի նկարագրության, քանի որ պոետի համար ցանկալի անձն անհասանելի է (թիվ 105):

Բացի սիրո թեմայի նկատմամբ ունեցած հիացմունքից, Սաֆոն նաև այլ ձևերով է իր ներդրումն ունեցել քնարական ժանրի զարգացման մեջ: Նրա կենտրոնացումը զգացմունքների, սուբյեկտիվ փորձի և անհատի վրա կտրուկ տարբերություն է դնում իր ու ժամանակի դյուցազներգական, ծիսական կամ դրամատիկ պոեզիայի միջև: Ավելի վաղ պոեզիան ծիսակարգային էր, արարողակարգային կամ նրբագեղ՝ այս կամ այն ձևով հանրային: Սակայն Սաֆոյի բանաստեղծությունների մեծ մասն անձնական է ու ինտիմ՝ ուղղված կոնկրետ կանանց կամ իր ընկերներին, իսկ նրա խոսակցական ոճը բանաստեղծություններում նման է միջնադարյան ու մոդեռն բանաստեղծական փորձին: Ի տարբերություն ավելի վաղ շրջանի երգիչների, որոնք ներկայացնում էին ամբողջ սոցիալական խմբի արժեքներն ու գաղափարները՝ մնալով, սակայն, անանուն, քնարերգուները, որոնցից ամենահիշարժաններից մեկը Սաֆոն է, ամենակարևոր ու ամենաճշմարիտ նյութը գտնում էին անձնական փորձի մեջ:

Սաֆոն ոչ միայն անտիկ շրջանի քիչ կին պոետներից է, որին մենք գիտենք, նա նաև բոլոր ժամանակների մեծագույն քնարական պոետներից է: Նա իր բանաստեղծություններն «անմահ դուստրեր» էր անվանում՝ հավանաբար կանխատեսելով, որ իր մահից երկու հազար տարի անց էլ դրանք ընթերցողի մոտ նույն հիացմունքն ու ոգեշնչումն են առաջացնելու, ինչ այն ժամանակ, երբ դրանք գրվել են:

«Տեղեկացված հանրություն» ամսագիր