Ախտորոշման խնդիրը. Ո՞վ պետք է բուժօգնություն տրամադրի ՄԻԱՎ-էնցեֆալոպաթիա ունեցող մարդուն

d31d83b471dfdf3600b2546446412df4Ներսիսյանների ընտանիքն (անուն-ազգանունները փոխված են ընտանիքի ցանկությամբ) ամբողջ աշուն մի հիվանդանոցից մյուսն էր գնում, լինում էր` օրվա մեջ 4 անգամ շտապօգնություն էին կանչում:  Բայց էդպես էլ հայտնի չդարձավ, թե որ բուժհաստատությունը պետք է ընդունի ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) և էնցեֆալոպաթիա (գլխուղեղի հիվանդություն, որը կապված չէ որևէ բորբոքային գործընթացի հետ) ունեցող տղամարդուն` Գագիկին:

Հայաստանում բուժօգնություն ստանալը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական խնդիրներով, այլև ախտանիշով:

Վերջին մերժումը հանրապետական հիվանդանոցի հոգեսոմատիկ բաժանմունքից էր: Ավանի հոգեբուժարանն էր այնտեղ ուղեգրել: Ավանում չէին պահել`պատճառաբանելով, որ «հիվանդն անկողնային ա, խնամքի կարիք ունի, մենք չունենք համապատասխան ծառայություն ու չենք էլ կարող խնամակալի տեղ տալ»,- պատմում է Սարգիսը` Գագիկի բարեկամը:

Հոգեսոմատիկի մերժման պատճառը, Ներսիսյանները պնդմամբ, Գագիկի ՄԻԱՎ դրական կարգավիճակն է:

«Կարդաց, որ Գագիկը ՄԻԱՎ ունի, ասաց` ես նման հիվանդի չեմ ընդունի, որովհետև հիվանդը կգա ինձ ու իմ հիվանդներին կվարակի»,- ըստ Սարգիսի և Գագիկի կնոջ` Աննայի, այսպես է իրենց ասել հոգեսոմատիկի բաժանմունքի վարիչ Գայանե Մարգարյանը, երբ առաջին անգամ այցելել էին բուժհաստատություն: Իսկ երբ պահանջել են գրավոր մերժում ներկայացնել, Մարգարյանն ասել է. «Ես կարող եմ հիմա գրել, որ մենք տեղ չունենք ու մերժել»:

Բժիշկ Մարգարյանը հերքում է, թե մերժումը որևէ կապ ունի ՄԻԱՎ կարգավիճակի հետ. «Մենք սպիդով հիվանդներ ընդունում ենք»,- ասում է, -«ես ասացի մեզ մոտ հիմա տեղ չկա, հետո դիմեք, վաղը, մյուս օրը: Բաժինը փոքրիկ է, 14 կոյկա է բաժնում, միշտ չէ, որ լինում է տեղ»:

Ներսիսյանները գնում են փոխտնօրենի մոտ, որն առաջարկում է մի քանի օրից գալ: Այդպես էլ անում են, գնում են ու մի քանի օրից են գալիս ու ստանում գրավոր մերժում` պատճառաբանությունը, որ ուղեգրում «սոմատիկ հիվանդության նպատակով հոսպիտալացման համար պետպատվերի հիմքերը չեն ներկայացվում (հաշմանդամության կարգ և այլն)»: Թեև Ավանի ուղեգրում պետպատվերով բուժման համար հիմքը նշված է` «սոցիալական նշանակության հիվանդություն»: 

Գագիկի առողջությունը վատացել էր Վլադիկավկազում, այնտեղ վերակենդանացման բաժանմունքում պառկելուց հետո տեղափոխվել էր Հայաստան` Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, 6 օր պառկելուց ու ախտորոշումը դնելուց հետո ու այդ ամենի համար, Ներսիսյաննրի ասելով, 320 հազար դրամի պահանջից հետո, տեղափոխվել էր Արմենիկում կլինիկական կենտրոն, որտեղ Արմենիկում դեղի կուրսի ընդունումը կիսատ է մնացել,  որովհետև Գագիկի մոտ ցնցումներ էին սկսվել:

Տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց, որտեղ 3 օր վերակենդանացում, 3 օր էլ նյարդաբանական բաժանմունքում է պառկում, ինչի դիմաց 90 հազար դրամ են պահանջում. «Տեղափոխելու ժամանակ հարցրին` առանձին սենյակ եք ուզում, թե ընդհանուր: Մենք ընդհանուր ուզեցինք, բայց մեզ չտեղեկացրին, որ ընդհանուր պալատն էլ է վճարովի»,- ասում է Աննան:

«Վիճեցինք, ասեցինք, որ հնարավորություն չկա վճարելու, ասացին` կապ չունի, անձնագիր պահեցին, ահագին ժամանակ հիվանդին դուրս չէին գրում: Մայրը պարտավորագիր գրեց, բայց, չգիտես ինչու, 75 հազար ուզեցին: Էրեբունու էպիկրիզը չտվեցին տենց էլ` չվճարելու պատճառով»,- ասում է Սարգիսը:

Գագիկին տուն են բերում: Տանն իրար հետևից երեք ցնցում է ունենում, շտապօգնություն են կանչում. «Ասացին` հիվանդանոց տանելու կարիք չկա, մագնեզիում ներարկեցին, գնացին: Դրանից հետո երկրորդ ցնցումը ունեցավ, նորից զանգեցինք, մինչև էկան, երրորդը տեղի ունեցավ, շտապօգնությունը տարավ, մեքենայի մեջ էլ` չորրորդ ցնցումը»,- պատմում է Աննան, -«Էրեբունի տարան, էնտեղ ճանաչեցին Գագիկին: Ընդունարանից ուղարկեցին տուն, ասացին` մեր հիվանդը չի, ռեանիմացիայի կարիք չունի, ընդհանրապես ոչ մի բժշկի կարիք չունի, ինքը հանգիստ ա: Բայց ինքը դեղերի ազդեցության տակ էր հանգիստ, որովհետև չորս դեղ էր ընդունել»:

 Գագիկին տեղափոխում են Արմենիկում կենտրոն, որտեղ վերակենդանացում են կազմակերպում. «էնտեղ չունեն ռեանիմացիա, բայց տնօրենը ընդառաջեց, դեղերը ճարեց բերեց: Էդ օրը գիշերը Գագիկը ցավերից գոռում էր»:

Առավոտը նոր ցնցումների մեջ է ընկնում, որոշվում է նրան տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ, Ներսիսյանների պատմելով, գումարային վեճեր են առաջանում, ու Գագիկին նորից տանում են Արմենիկում ու նորից վերակենդանացում կազմակերպում:

Երեք օր անց նա գիտակցության է գալիս ու տեղափոխվում տուն: Օրեր անց պատմությունը կրկնվում է. «Հոկտեմբերի 18-ին արթնացավ, ասաց` ես վատ եմ, հես ա մի բան կլինի, միշտ ինքը կանխազգում ա վատանալուց առաջ: Ինքը լսում էր` մենք ինչ ենք խոսում, բայց ինքն իրեն չէր կարողանում կառավարել, գոռում էր, թավալվում էր տեղերի մեջ»,- հիշում է Աննան:

Սարգիսն ասում է, որ Գագիկը սկսել էր տեսիլքներ տեսնել, ու արդյունքում որոշվեց տանել Նուբարաշենի հոգեբուժարան, թեև Ներսիսյանների համար մինչ օրս անհայտ է, թեարդյոք Գագիկը հոգեկան խնդիրներ ունի: Նուբարաշենում բուժօգնություն ստացավ 24 օր. «Բաժնի վարիչն ասաց, որ պետպատվերով 24 օր ա տևում, դրանից հետո մենք իրեն դուրս ենք գրելու, գնացեք Ավան կամ Նորք»:

Աննան պատմում է, որ Նուբարաշենի հոգեբուժարանում` ՄԻԱՎ կարգավիճակի հետ պայմանավորված, տարատեսակ ծաղրանքի ու խտրականության են ենթարկվել:

«Մի անգամ նենց արտահայտություն լսեցի, որ ամբողջ օրը լաց եմ էղել: Էնտեղ լիքը ճանճեր կային, որովհետև զիբիլը ներսում ա դրած: Հսկիչներն ասում են` բա մեզ մոտ էսքան տարի ճանճ չի եղել, էս տարի խի՞ ա սենց շատ, մյուսը բա` ամեն ինչը ստեղի պատճառով ա, ճանճերը վարակի վրա են հավաքվում: Բուժքույրն էլ ասում ա` լավ էլի, խի՞ ես տենց բաներ ասում, առանց էդ էլ վախեցած ենք»:

«Մի անգամ էլ մտա խոհանոց` ամանները ողողեմ, բուժքույրը եկավ բա` Աննա ջան, մեզ մոտ չմտնես, ամանները չլվաս, եթե էդ ամեն ինչը չլիներ, էլի ոչինչ, բայց էդ բանը որ կա, էլ մյուս անգամ էստեղ չմտնեք»:

«Գագիկը մրսեց ահավոր, 10 օր ջերմությունը 39-ից չէր իջնում: Թերապևտին կանչեցի: Թերապևտը ասում ա` ես իրա մոտ չեմ մտնի ու իրան ձեռք չեմ տա, մեկը թող իրան նստացնի, ես ուղղակի թոքերը կլսեմ: Ես օգնեցի բարձրանա, ամեն ինչ ես էի անում, որովհետև իրան ոչ ոք չէր կպնում, կամ էլ եթե կպնում էր երկու հատ ձեռնոց էր հագնում, մարդ կար երեք հատ էր հագնում»:

Սարգիսն էլ հիշում է, որ երբ բաժնի վարիչը Գագիկի մասին էր խոսում, անունը չէր տալիս, այլ «սպիդ» էր ասում. «Պարտադիր շեշտում ա` սպիդով հիվանդի համար սենց, սպիդով հիվանդի համար նենց: Սպիդի համար են եկել: Եթե հիվանդին անունով դիմեին, արդեն պարզ կլիներ, բոլոր անձնակազմի ներկայությամբ, տեսակցող մարդկանց ներկայությամբ բարձր ձայնով գոռում էր` սպիդով հիվանդ, սպիդով հիվանդ»:

Նուբարաշենի հոգեբուժարանի տղամարդկանց բաժանմունքի վարիչ Լաուրա Գրիգորյանը զարմացած է, որ Ներսիսյանները դժգոհ են իրենց անձնակազմից` պնդելով, որ իրենք շատ լավ են վերաբերվել նրանց. «Բավական ծանր վիճակում էր, ծանր վիճակից նա դուրս ա էկել: Էն աշխարհից հետ ենք բերել: Դա էլ շնորհակալությո՞ւնն ա: Ամբողջ անձնակազմն էլ, էնքան խղճմտանքով էին վերաբերվում և մորը, և կնոջը, մենք ոչ մի վատ տպավորություն չենք ստեղծել նրանց համար: Նրանք գնալուց մեզ ասացին`մեզ ոչ մի տեղ էսպես չեն ընդունել»:

Խոհանոցից օգտվելու հետ կապված արգելքին, տիկին Գրիգորյանը պարզաբանեց, որ այն անձնակազմի համար է նախատեսված, իսկ իրենց համար առանձին պայմաններ ստեղծվել էին:

«Բժշկական ծառայության մասին» ՀՀ օրենքով բժիշկները պարտավոր են պահպանել մարդու առողջական վիճակի մասին գաղտնիությունը: Բժիշկ Գրիգորյանը վստահեցնում է, որ ՄԻԱՎ կարգավիճակի մասին ոչ տարածվել է, ոչ խոսվել, ինչպես նաև համոզմունք հայտնեց, որ իրենց անձնակազմը ՄԻԱՎ վարակի մասին բավականաչափ իրազեկված է. «Մենք բոլորս տեղյակ էինք, որ իր մոտ վիրուս չկա հիմա, բայց բոլոր դեպքերում անվտանգությունը, պահպանվել ա»,- ասում է նա, իսկ հարցին, թե ինչ նկատի ունի «վիրուս չկա» ասելով, նշեց` «վիրուսը բացասական ա իր մոտ արդեն»:

Բժշկությանը դեռ հայտնի չէ, թե ինչպես է հնարավոր ՄԻԱՎ դրականը դարձնել ՄԻԱՎ բացասական, այսինքն` վարակը հեռացնել մարդու օրգանիզմից: Այդուհանդերձ, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով կամ հպումով, փոխանցման ճանապարհները երեքն են`սեռական ճանապարհով, արյան միջոցով, ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` երեխային:

Նուբարաշենից հետո Գագիկին տեղափոխում են տուն, սակայն նորից ստիպած են լինում օրը մի քանի անգամ շտապօգնություն զանգել: Շտապօգնության որոշմամբ նորից տեղափոխում են Գրիգոր Լուսավորիչ, այնտեղ բացատրում են, որ վերակենդանացման միջամտության կարիք չունի:

 «Վերջին անգամ, որ [շտպօգնություն] կանչեցինք շատ ծանր էր վիճակը, շտապօգնության բժիշկն ասաց` էկեք էս անգամ ձեզ օգնենք, գնանք մինչև վերջ, ինչու՞ ոչ մի բժշկական կենտրոն ձեզ չի վերցնում, ինքը հիվանդանոցի հիվանդ ա: Առողջապահության նախարարության թեժ գիծ զանգեց, բացատրեց կարգավիճակը, մեզ ուղարկեցին Էրեբունի»:

Էրեբունիում գալիս են եզրակացության, որ Գագիկը նյարդաբանի ու վերակենդանացման կարիք չունի ու պետք է բուժօգնություն ստանա Արմենիկում կենտրոնում, գրավոր մերժում են: Արմենիկումում` նույնպես գրավոր մերժում` բացատրելով, որ նա հոգեբույժի կարիք ունի: Դրանից հետո, առողջապահության նախարարության որոշմամբ կրկին ուղարկում են Նուբարաշեն.

«Հերթապահ բժիշկն ասաց` բա խի՞ եք բերել, ուրիշ տեղ չկա՞ր պառկացնելու, որ ստեղ եք բերել»,- հիշում է Սարգիսը: Այդուհանդերձ, գիշերը Գագիկը մնում է Նուբարաշենում.

«Առավոտ բաժնի վարիչն էկավ, բա խի՞ եք բերել, ինքը հոգեկան հիվանդ չի, ասաց` ինքը նյարդաբանի կարիք ունի»,- շարունակում է Սարգիսը,- «նաև լսեցի, որ ասացին` մենք մեկուսարանը իրանից հետո նոր ենք ախտահանել, մենք էլ իրան էնտեղ պառկացնող չենք»: »

Նուբարաշենում գրավոր բացատրում են, որ Գագիկը հոգեբուժարանում պառկելու կարիք չունի:

Եվս մեկ անցակետ, որը պետք է անցնեն Ներսիսյանները առողջապահության նախարարության ուղեգրով` նյարդաբանի մոտ հետազոտվելն է: Բուժհաստատությունները կընդունե՞ն Գագիկին նյարդաբանի կարծիքից հետո:

Հովհաննես Իշխանյան