19-րդ դարի վերջերին Անգլիայում և Ամերիկայում սկիզբ առած կանանց իրավունքների համար պայքարը 20-րդ դարի 60-70-ական թվականներին մեծ թափ առավ, ինչի արդյունքում ակադեմիական մի շարք հաստատություններում հետզհետե ֆորմալ կարգավիճակ ստացավ ինչպես Կանանց գիտությունը, այնպես էլ` Գենդերային գիտությունը (Women’s Studies and Gender studies): Վերջին մի քանի տասնամյակում կանանց ներգրավվածությունը առաջադիմական գործընթացներում, ինչպես նաև գենդերի կարևորության շեշտադրումը մասնավոր և հասարակական ինստիտուտներում ձևավորված օրակարգերի անբաժանելի մաս դարձան: 1970-ականներին հատկապես կին սոցիոլոգների ու տեսաբանների հետաքրքրության առարկա դարձան հասարակական տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց տարբերությունների ու անհավասարության խնդիրների ուսումնասիրությունն ու դրանց բացատրությունը:
Աստիճանաբար հետազոտությունների առիթ դարձան կանանց` գործանականում արտահայտվող սոցիալական կարգավիճակը, նրանց կենսագործունեության տարատեսակ կողմեր, ինչպիսիք են՝ վճարովի աշխատանքը, տնային տնտեսվարությունը, մայրությունը, կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից բռնության դրսևորումները: 1970 և 1980-ականների կանանց իրավունքների շարժումները այդ ժամանակաշրջանի ինքնության քաղաքականության մաս դարձան: Կանանց գիտության կենտրոններ հիմնվեցին ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու եվրոպական մի շարք երկրներում, որոնց գործունեությունն ուղղված էր կանանց էմանսիպացիային` կախվածությունից ու սահմանափակումից ազատագրմանը` գիտական ու էմպիրիկ վկայության հիմքով քաղաքական փոփոխությունների հասնելու համար: Գենդերը` որպես սոցիալական կառուցակարգ, ինչպես նաև կանանց իրավունքները` որպես սոցիալ-մշակութային պահանջարկ, մտան քաղաքական օրակարգ ու ձևավորեցին նոր խոսույթ:
Կանանց գիտությունը միջառարկայական գիտություն է, որն ուղղված է հասարակության մեջ կնոջ դերի, փորձառության և ձեռքբերումների ուսումնասիրությանը: Ֆորմալ կրթության մաս դառնալով` Կանանց գիտության հետազոտական պրակտիկան հիմնվեց հասարակագիտության, հումանիտար գիտությունների, բժշկագիտական ու բնագիտական գիտելիքի վրա: Կանանց գիտության առաջին ակադեմիական կուրսի հեղինակը ամերիկացի պատմաբան Մարի Ռիթեր Բերդն էր, որը 1934 թվականին կազմել էր «Փոփոխվող քաղաքական տնտեսությունը և կանանց վրա դրա ներգործությունը» (“A Changing Political Economy as It Affects Women”) 54 էջից բաղկացած ուսումնական պլան, որը թեև երբեք չդասավանդվեց, սակայն հիմք դարձավ ԱՄՆ-ում Կանանց գիտության առաջին ծրագրի մշակման համար: Սան Դիեգոյի պետական քոլեջի Կանանց ազատագրման խմբի կողմից ստեղծվեց Կանանց գիտության կոմիտե, որի ջանքերով 1970-ին հիմնադրվեց Կանանց գիտության առաջին բաժինը` ԱՄՆ-ի Սան Դիեգոյի պետական քոլեջում:
Հատկանշական է, որ Կանանց և Գենդերային գիտությունները հաճախ նույնացվում են: Մինչդեռ Գենդերային գիտությունը, սերելով Կանանց գիտությունից, ձևավորվել է վերջինիս ուսումնական օրակարգում հասունացած մոտեցման շրջանակներում, այն է` գենդերն իբրև սոցիալական կառուցակարգ ունեցող երևույթի: Կանանց գիտությունը, իր հերթին, սերել է ֆեմինիստական մտածողությունից և պրակտիկայից ու որպես գիտություն ձևավորվել հասարակական, քաղաքական, պատմամշակութային ու գրականության ոլորտներում կնոջ դերի ու ազդեցության դիտանկյունից: Ֆեմինիզմը լայն իմաստով հասարակական շարժում է, որի կողմնակիցները գտնում են, որ կանայք պետք է տղամարդկանց հետ հավասար լինեն կյանքի բոլոր ոլորտներում, պետք է վերջ դրվի կանանց շահագործմանը և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ու հնարավորություններ ապահովվեն: Կանանց գիտությունն ու Ֆեմինիստական գիտությունը հաճախ նույնական են: Այդուհանդերձ, Ֆեմինիզմը նեղ իմաստով մտածողություն է, որն ունի պատմական արմատներ և ինտելեկտուալ բանավեճի մաս է կազմում:
Գենդերային գիտությունն ընդգրկուն է` հիմնված գենդերային ինքնության վրա: Երբեմն գենդեր բառն օգտագործվում է սեռ իմաստով, ինչը սխալ է. սեռը կենսաբանական ու ֆիզիոլոգիական երևույթ է, մինչդեռ գենդերը` սոցիալական և մշակութային կառուցակարգ: Գենդերային գիտությունում ուսումնասիրություններն իրականացվում են ռասայի, դասակարգի, սեռականության, ազգության, էթնիկ պատկանելության և այլ սոցիալական բնութագրերի շրջանակներում՝ գենդերի՝ սոցիալական կառուցակարգ լինելու հիմքով: Ունենալով ուսումնասիրության լայն շրջանակ` Գենդերային գիտությունն ընդգրկում է սոցիալ-հոգեբանական և հոգեվերլուծական, հետ-ստրուկտուրալիստական ու հետ-գաղութատիրական տեսություններ, ինչպես նաև` ֆեմինիստական կամ կանանց, տղամարդկանց ու ԼԳԲՏԻՔ+ գիտություններ (Feminist or Women’s studies, Men’s studies and LGBTQ studies).
«Տեղեկացված հանրություն» ամսագիր