Սիրո և համերաշխության շարժման ԼԳԲՏ դուխով մարդիկ․ Վարդան Համբարձումյան

Միայն Օքսֆորդի շրջանավարտ Վարդան Համբարձումյանին ոստիկանները բերման ենթարկեցին ապրիլի 17-ին Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկը փակած մոտ 20 ցուցարարներից։ Ներկաներից մեկը հարցրել էր, թե ինչու են միայն նրան տանում՝ առաջարկելով իրեն էլ տանել, ինչին ոստիկանները պատասխանել էին՝ դու նորմալ տղա ես, դրա համար քեզ չենք տանում, իսկ ինքը՝ չասենք՝ ինչ ա, ստեղ լիքը աղջիկ կա։ Վարդանը պատմում է, որ մեքենայում նրան ծեծում էին, թքում վրան ու ասում, որ փչացնում են նրան․ «Փաստերը վերլուծելով՝ հասկացել ենք, որ սեռական կողմնորոշման հիմքով էին ինձ թիրախավորել»։

     Ցուցարաներից միայն Վարդանին բերման ենթարկեցին

Վարդանը «Լույս» հիմնադրամից կրթաթոշակ ստացածների բաց նամակի համահեղինակներից էր, որոնք Սերժ Սարգսյանից պահանջում էին հրաժարական տալ և դադարեցնել ուսանողների նկատմամբ ճնշումները։

29-ամյա բժիշկը ցույցերին սկսել է մասնակցել շարժման սկզբներից, երբ առաջին անգամ փակեցին Ֆրանսիայի հրապարակը․ «Հետո միացել եմ ուսանողների դասադուլներին»։ Նա ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի խաչմերուկում էր, երբ մի խումբ անձինք դուրս եկան մեքենաներից ու հարձակվեցին ցուցարարների վրա

     Վարդանը՝ Հերացի-Կորյուն խաչմերուկի ընդհարմանը

«Բրաբուսն էկավ ու քշեց ուսանողների վրա։ Դուրս էկան ու ցուցարարներին ասին՝ բա պտի անցնենք, ասեցինք՝ փողոցը փակ ա, ու միանգամից հարձակվեցին։ Մեքենան քշեցին ցուցարար աղջկա վրա, հետո սկսեցին հարվածել։ Ինձ էլ գլխիս են հարվածել։ Էդ պահին լարված եմ էղել, չեմ նկատել, որ ակնոցս ընկել ա։ Հետո գտա, լրիվ տափակել էր»։

Վարդանն ասում է, որ հավատում էր փոփոխությանը ու մասնակցում էր շարժմանը, որ հանրապետականները հեռանան, որովհետև․ «Էդ իշխանությունը ֆաշիստական իշխանություն ա»,- ու նշում է պատգամավորներից մեկին , –«Հայկ Բաբուխանյանը, անընդհատ ֆաշիստական, ատելություն քարոզող հայտարարություններ էր անում»։

Թեև նրան շատերը սկսել էին ճանաչել Կիսաբաց Լուսամուտներում երևալուց հետո, որտեղ նա պաշտպանում էր նույնասեռական տղային, սակայն ասում է, որ ցույցերի ժամանակ իր սեռական կողմնորոշման մասին որևէ բացասական խոսակցություն ցուցարարների կողմից չի եղել, ավելին․ «Ֆեյսբուքում քոմենթներ եմ կարդացել, որ քյառթերն ու գեյերը նստած վառարանի մոտ պլեճ են կերել։ Էս հեղափոխությունը միավորեց»։

Ֆեյսբուքի գրառումներից՝ քյառթուներն ու գեյերը միասնական են

 

         Վարդանն` ուսանողների հետ փողոց փակելիս

Ասում է, որ ցույցերին մասնակցում էր և՛ որպես նույնասեռական, և՛ որպես Հայաստանի քաղաքացի ու շեշտում, որ ԼԳԲՏ համայնքը շարժման ժամանակ առաջնագծում էր, քանի որ․ «Հանրապետական կուսակցությունը միշտ ԼԳԲՏ համայնքին թիրախավորել ա ու օգտագործել ա իրա սեփական շահի համար, երբ ուզեցել ա հասարակության ուշադրությունը մի թեմայից շեղի, ԼԳԲՏ թեման շահարկել ա»։

«Լույս» հիմնադրամի շահառուներով բաց նամակ գրելու միտքը ծագեց, երբ նրանք տեսան, որ մտավորականները շնորհավորում էին Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ինչը Վարդանի համար անհեթեթ էր, որովհետև կարծում է՝ մտավորականը միշտ պետք է հոսանքին հակառակ գնա։

Սկզբում բաց նամակին միացան 61 հոգի, բայց Սերժ Սարգսյանի պատասխանից հետո էլի միացողներ եղան ու ի վերջո դարձավ 157 հոգի՝ 517-ից․ «էդ իշխանությունների համար շատ մեծ հարված էր։ Վիգեն Սարգսյանը շատ վրդովված ասուլիս տվեց, որ հերիք չի մենք Սերժ Սարգսյանից փող ենք ստացել, մի հատ էլ դասեր ենք տալիս։ «Լույս»-ը անմիջապես Սերժից չի ստանում ֆինանսավորումը (հիմնադրամի ֆինանսավորվում էր տարբեր ընկերություններից, տե՛ս այստեղԹեկուզ հենց Սերժից գար, էդ չի նշանակում, որ մենք հավերժ դառնում ենք Սերժի սեփականությունը»։

Վարդանը լիովին վստահ չէ, որ նոր իշխանությունները հաշվի կառնեն ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների հարցերը, բայց նախկինում, երբ դեռ ընդդիմություն էին, լսել է, որ ԼԳԲՏ բարեհաճ հայտարարություններ են արել․ «Բայց դե էդ նախկինում արած հայտարարությունները հիմք չեն, որ իշխանության գալուց հետո իրանք կլինեն գեյ ֆրենդլի (ԼԳԲՏ բարեհաճ), բայց ենթադրում եմ, որ կլինեն։ Եթե չլինեն, իրանց էլ կմերժենք»։

Հովհաննես Իշխանյան