«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպություն

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ստեղծվել է 2007 թվականին մի խումբ երիտասարդ և եռանդուն քաղաքացիական հասարակության ակտիվիստների կողմից, ովքեր նպատակ ունեին հիմնելու մի կազմակերպություն, որը կզբաղվեր սեռական ճանաճարհով փոխանակվող վարակների, ՄԻԱՎ-ի կանխարգելմամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ: Կազմակերպությունը հանրությանն ավելի հայտնի է իր անգլերեն հապավմամբ` որպես ՓԻՆՔ (PINK) և միջազգային հարթակում մյուս նույնանուն կազմակերպություններից տարբերակվելու համար այն անվանվում է ՓԻՆՔ Արմենիա:

Իր գործունեության սկզբից կազմակերպությունը իրականացնում է միջոցառումներ սեռական առողջության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, անվտանգ սեռական հարաբերություններին ու վարքագծին նպաստելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը խրախուսում է հավասարության և խոցելի խմբերի ընդունման գաղափարները, ջանում է նվազեցնել ամեն տեսակի խտրականության արտահայտումը` հաստատելով մշակութային զգայունության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջավայր մեր հասարակությունում:

ՀԿ-ն իր  գործունեությունը ծավալում է և՛ Երևանում, և՛ Հայաստանի տարածաշրջաններում: «Տեղեկատվություն, կրթություն, հաղորդակցություն» կենտրոնում (Երևանում), որը բացվել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, այցելուները կարող են մասնակցել դասընթացներին, քննարկումներին, ֆիլմերի դիտումներին, սեռական առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ անվճար և անանուն խորհրդատվություն ստանալ, հնարավորություն ունեն օգտվելու գրադարանից ու կազմակերպության կողմից տրամադրվող այլ ծառայություններից:

Չնայած իր երիտասարդ տարիքին, կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով: Այն հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:

ՓԻՆՔ Արմենիան հանդիսանում է «Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի» և «ՁԻԱՀ-ի խնդրի եվրոպական շարժման» անդամ: 2010 թվականին յոթ ՀԿ-ներ, ներառյալ ՓԻՆՔ Արմենիան, կազմավորեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը ձևավորվեց ընտանեկան բռնության զոհ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Կոալիցիայի գործունեության շրջանակներում ՓԻՆՔ Արմենիան ջանում է պաշտպանել կանանց իրավունքները և վերջ տալ Հայաստանում ընտանեկան բռնությանը:

Հայաստանում սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն իրականացրել է տարաբնույթ հանրային և հասարակական միջոցառումներ Երևանում և Հայաստանի մարզերում: Գործընկերների միջև նմանատիպ համագործակցությունը ամուր հիմք հանդիսացավ «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ստեղծման համար: Դրա նախաձեռնողներն են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները: Խումբը նպատակ ունի նախաձեռնել համատեղ գործողություններ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովության համար, ինչպես նաև սևեռել հանրային ուշադրությունը սեռական առողջության խնդիրների վրա:

ՓԻՆՔ Արմենիան նաև «Մարդու իրավունքների տան» հիմնադիրներ անդամներից մեկն է: Այս կառույցը կմիավորի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 12 կազմակերպությունների` նպատակ ունենալով ստեղծել «մեկ դուռ» ծառայություններ:

2010 թվականի նոյեմբերին այս կազմակերպությունը սկսեց «Բազմազանություն» ծրագիրը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այս ծրագիրը ՓԻՆՔ Արմենիայի անձնակազմի նվիրվածության արտահայտում է այն արժեքներին և սկզբունքներին, որոնք ընկած են կազմակերպության առաքելության ու տեսլականի հիմքում:

Մեկ այլ ծրագիր, որ ՓԻՆՔ Արմենիան սկսել է 2011 թ ապրիլի 1-ից` «Մենք և մեր իրավունքները» ծրագրի շարունակությունն է, որ հովանավորվում է «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» հայաստանյան գրասենյակի կողմից: Այս բազմափուլ  ծրագրի նպատակն է նվազեցնել անհանդուրժողական և խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր)  անձանց նկատմամբ հասարակական կյանքի տարաբնույթ բնագավառներում և ջատագովել նրանց իրավունքների պաշտպանությունը:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն քաջալերում է բոլորին լինել մեր երկրի ակտիվ քաղաքացիներ, աջակցել կառուցողական փոփոխություններին և քաղաքացիական հասարակության բարգավաճմանը: Եթե հետաքրքրված եք ՓԻՆՔ Արմենիայի գործունեությամբ, կազմակերպությունը բաց է օգնության և ամեն տեսակի աջակցության համար:

Մարինե Մարգարյան