ԼԳԲՏԻ+ կինո. պատմական ակնարկ

Թեև անհավանական է թվում, բայց ԼԳԲՏԻ+ կինոն նույնքան հին է, որքան ինքնին ֆիլմարտադրությունը: Այն, իհարկե, ոչ միշտ է գոյություն ունեցել այն ձևով, ինչ այսօր, բայց նույնասեռական և տրանսգենդեր հերոսները բոլոր ժամանակներում էլ այս կամ այն կերպ պատկերվել են ֆիլմերում:

Չնայած շատ ուսումնասիրողներ չեն համաձայնի, առաջին ֆիլմը, որը կարելի է ԼԳԲՏԻ+ թեմայի մասին ֆիլմ համարել, 1895-ին նկարահանված “The Dickson Experimental Sound Film”-ն է, որտեղ երկու տղամարդու պարը որոշ մասնագետների կողմից համարվում է ֆիլմերում նույնասեռական հարաբերության պատկերաման առաջին օրինակը: Համր ֆիլմերում, ինչպես, օրինակ, Չառլի Չապլինի “The Masquerader”- ում շատ տարածված էր տղամարդկանց կանանց հագուստով ներկայացնելը՝ ծիծաղաշարժ արդյունք ստանալու համար: Ընդհուպ մինչև 1940-ականները, սակայն, նույնասեռական կերպարները ստեղծվում էին՝ հիմնված կածրատիպերի ու գենդերային կարծրացած դերերի վրա՝ կանացի տղամարդիկ ու նրանց ի հակադրություն՝ առնական լեսբիներ: Նրանց կերպարները հիմնականում օգտագործվում էին հանդիսատեսին զվարճացնելու ու շոկի ենթարկելու համար:

1940-ականներից սկսած՝ ամերիկյան օրենքն արգելում էր մեծ կինոստուդիաներին ԼԳԲՏԻ+ համայնքի ներկայացուցիչներին դրականորեն ներկայացնող ֆիլմերի արտադրությունը: Նույնասեռական անձինք սովորաբար ներկայացվում էին որպես սադիստներ և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, որպեսզի ֆիլմերն անցնեին գրաքննությունը:

Մինչև 1960-ականները եվրոպական կինոն «միայնակ էր մնացել» ԼԳԲՏԻ+ խնդիրները ներկայացնելու հարցում, թեև կինոյի նկատմամբ գրաքննությունն այդտեղ նույնպես իր ազդեցությունը թողնում էր: Առավել հիշարժան են ֆրանսիական “A Song of Love” (1950) և գերմանական “Different from You and Me” (1957) ֆիլմերը, որոնցում արծարծվում էր նույնասեռականության թեման, սակայն սրանք նույնպես գրաքննության են ենթարկվել:
Թեև հեռու հավասարությունից, սակայն հանդուրժողականությանը մոտ է 1965-ին նկարահանված “Inside Daisy Clover” ֆիլմը, որն առաջին գործերից էր, որում նույնասեռական հերոսն իր սեռականության հետ ներդաշնակ է ներկայացվում:

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում ընդհատակում աշխատող ռեժիսորներ Էնդի Ուորհոլը և Քեննեթ Էնգըրը փորձում էին նույնասեռական հարաբերություններն էկրան բերել, Եվրոպայում իտալացի ռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինին էր սկսել իր ֆիլմերում օգտագործել նույնասեռականության թեման, սակայն նրա ուղերձները հաճախ թաքնված էին նրա նեոռեալիստական աշխատանքներում:

ԱՄՆ-ում Սթոունուոլի ապստամբությունից հետո հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏԻ+ մարդկանց նկատմամբ սկսում է փոխվել, և ֆիլմինդուստրիան սկսում է ԼԳԲՏԻ+ հայանքը դիտարկել որպես թիրախային լսարան: Առավել հիշարժան են 1970-ին նկարահանված Ռոզա ֆոն Փրաունհայմի “It Is Not the Homosexual Who Is Perverse, But the Society in Which He Lives” և Վիլյամ Ֆրեդկինի “The Boys in the Band” ֆիլմերը, որոնք երկուսն էլ պատմում էին պատմություններ ԼԳԲՏԻ+ համայնքի տեսանկյունից: Մինչ շատերը նույնասեռականությունը ֆիլմերում ներկայացնում էին որպես ոչ նորմալ երևույթ, այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են “Sunday Bloody Sunday”-ը, “Dog Day Afternoon”-ը, “La Cage aux Folles”-ը և “The Rocky Horror Picture Show”-ը, ԼԳԲՏԻ+ թեման ներմուծում էին 1970-ականների ֆիլմարտադրության ոլորտ:

Այս առաջընթացն անկում ապրեց 1980-ականներին, երբ ԼԳԲՏԻ+ իրավունքներին դեմ արտահայտվող աջ քաղաքական թևի քրիստոնեկան խմբերն ԱՄՆ-ում մեծ ազդեցություն ձեռք բերեցին: ՁԻԱՀ վարակի տարածման և դրա՝ «նույնասեռականների հիվանդություն» լինելու թյուրըմբռման հետևանքով այդ ժամանակաշրջանում շատ քիչ դրական ֆիլմեր են ստեղծվել:

Ֆիլմարտադրությունը հետագայում շատ դանդաղորեն սկսեց թեման օբյեկտիվ անկյունից արծարարծել՝ նույնասեռականությունն առանց մեղադրական երանգների ներկայացնելով: 1986-ին նկարահանված “Parting Glances” ֆիլմը ռեալիստական կերպով ներկայացնում էր նույնասեռական կյանքը և ՁԻԱՀ ճգնաժամը. այն հիմնաքարային գործ է համարվում ԼԳԲՏԻ+ կինոարտադրությունում: Դոկումենտալ ֆիլմերը, ինչպես, օրինակ, “Paris is Burning”-ը, ներկայացնում են գեյ ու տրանսգենդեր մշակույթը ռեալիստական կերպով և այն հասկանալի դարձնում լայն լսարանին:
1990-ականների սկզբերին կինոարտադրությունում սկսեցին ներգրավվել նոր սերնդի բացահայտ գեյ ռեժիսորներ և ստեղծեցին այն, ինչն ապագայում պետք է կոչվեր Նոր քուիր կինո (New Queer Cinema): Աստիճանաբար հոլիվուդյան առաջատար դերասանները սկսեցին հետաքրքրվել նույնասեռական հերոսներ մարմնավորելով: “Orlando”, “Boogie Nights”, “My Own Private Idaho” և “Heavenly Creatures” ֆիլմերում հերոսների սեռականությունը ոչ միանշանակ է ներկայացված, մինչդեռ “La Vie en Rose”-ում ու “Transameric”-ում ներկայացված են տրանսգենդեր հերոսներն ու հասարակությունում ընդունված դառնալու համար նրանց պայքարը:

Թեև ԼԳԲՏԻ+ կերպարները սկսել էին ընդունելի դառնալ ֆիլմերում, նրանց միջև սիրո, կրքի ու սեռական հարաբերությունների ներկայացումը շարունակում էր տաբու մնալ: Իրավիճակը, սակայն, փոխեց երկու գեյ տղամարդու սիրո մասին պատմող հոլիվուդյան օսկարակիր “Brokeback Mountain” ֆիլմը:

Աստիճանաբար ֆիլմերում ընդունելի դարձան ինչպես գեյ ու տրանսգենդեր անձանց կերպարները, այնպես էլ՝ նրանց միջև հարաբերությունները: ”Milk”, ”The Kids are Alright”, “Weekend” և “A Single Man” ֆիլմերը ճանապարհ հարթեցին ԼԳԲՏԻ+ թեմայով զանգվածային ֆիլմերի համար:

Լավ օրինակներից են “Blue is the Warmest Colour” և “Strangers by the Lake” ֆիլմերը, որոնցում առկա են գլխավոր հերոսների միջև սեռական հարաբերության երկար տեսարաններ: Առավել վառ օրինակներ են “Vic and Flo saw a Bear”, “Keep the Lights On”, “Kill Your Darlings”, “Dallas Buyers Club” ֆիլմերը: Ցանկը կարելի է անվերջ շարունակել:

ԼԳԲՏԻ+ կինոն իր պատմության ընթացքում երկար ճանապարհ է անցել, սակայն դեռևս շատ բան կա անելու: Ժամանակակից շատ ֆիլմեր քննադատության են արժանանում ԼԳԲՏԻ+ համայնքի ներկայացուցիչների կողմից գեյ, տրանսգենդեր անձանց կերպարները թյուր կամ վատ լույսի ներքո ներկայացնելու համար: Դեռևս շատ են ֆիլմերը, որոնցում նույնասեռական կերպարներ ներկայացնելու համար տարածված կարծրատիպեր են օգտագործվում․ քննադատելի երևույթ, որը դեռ պետք է փոխվի հանուն հավասարության համար պայքարի արդյունքում։

«Տեղեկացված հանրություն» ամսագիր