Դրական փոփոխություններ չկան․ Մամիկոն Հովսեփյան

Մեր զրուցակիցն է Pink Armenia համայնքահեն իրավապաշտպան կազմակերպության հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը

– Մամիկո՛ն, նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում իրադրությունը բոլոր ոլորտներում էականորեն տարբեր, այլ է։ Եթե զուգահեռենք ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրների շուրջ խոսույթը հեղափոխությունից առաջ ու դրանից հետո, ինչպիսի՞ փոփոխություններ կան:

– Մինչ իշխանափոխությունը ԼԳԲՏԻ+ համայնքն ամենաբարձր պետական մակարդակով ներկայացվում էր իբրև հասարակական վտանգ․ առաջ էին քաշվում հայկական ինքնության, կրոնի, ավանդական ընտանիքի, ծնելիության և այլ հարցեր, խնդիրը շահարկվում էր, պիտակ էր փակցվում համայնքին, ներկայացվում էր, թե ԼԳԲՏԻ+ մարդիկ այս ամենից հեռու են կամ հեռու են տանում երկիրն ու հասարակությունը: Այդ առումով խոսույթն առանձնապես չի փոխվել, դրական փոփոխություններ չկան, ուղղակի հիմա նույնն արվում է ներկա իշխանություններին ԼԳԲՏԻ+ համայնքի հետ նույնացնելու միջոցով պախարակելու համար: Այսինքն՝ նույն շրջանակները կրկին փորձում են օգտագործել ԼԳԲՏԻ+ անձանց խնդիրների հարցն իրենց քաղաքական շահերի համար։ Ուղղակի նախկինում այդ հետադեմ գործիչները փորձում էին իրենց արարքները, ապօրինությունները կոծկել՝ ուշադրությունը շեղելով ԼԳԲՏԻ+ համայնքի հարցերի վրա, իսկ այժմ ԼԳԲՏԻ+ անձանց փորձում են ներքաշել հինունոր բանավեճերի մեջ, որ մեկը մյուսին մեղադրելու առիթ ունենա: ԼԳԲՏԻ+ համայնքը ներկայացվում է իբրև արհեստականորեն ստեղծված արևմտյան դավադրություն, հաշվի չի առնվում, որ խոսքը մարդկանց մասին է, որոնք կան ու միշտ եղել են:

– Կարելի՞ է պնդել, թե ներկայիս իշխանությունն ավելի հանդուրժող է ԼԳԲՏԻ+ համայնքի հանդեպ՝ ի համեմատ նախորդի։ ԼԳԲՏԻ+ համայնքն այս իշխանությունների վարած քաղաքականությունից՝ իրենց խնդիրների լուծման առումով, գո՞հ է:

– Իրականում երկու դեպքում էլ առանձնապես ոչինչ չի արվել իրավունքների իրավիճակը բարելավելու համար: Տարբերությունն այն է, որ եթե նախկինում համայնքն ընդհանրապես անտեսված էր ու որևէ հնարավորություն չկար մարդու իրավունքների օրակարգը դնելու իշխանությունների սեղանին, ապա հիմա այդպիսի ձևական հնարավորություն թեև կա, բայց միևնույնն է՝ արդյունք չկա: Արդյունքը երկու դեպքում էլ զրո է: Այս իշխանությունները կլսեն, թե չեն լսի, գիտակցում են խնդիրները, թե չեն գիտակցում՝ ոչինչ չի փոխում: Խտրականությունն արգելող օրենքի նախագիծը, որը 2016-2017 թվականից մշակվել է, գործնական ուշադրության չարժանացավ նաև այս իշխանության օրոք, այդպես էլ չունեցանք լավ օրենք: Ատելության հիմքով հանցագործությունները կանխելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ նույնպես չարվեցին: Ոստիկանությունը, դատական համակարգը շարունակում են մնալ կողմնակալ, խտրականությունը շատ դեպքերում որակվում է որպես խոսքի ազատություն։ Իշխանությունն՝ իր բոլոր ճյուղերով, այս ոլորտում բարեփոխումներ չի ուզում:
2020-ին բռնության կոչերը հրապարակային արդարացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենք ընդունվեց, բայց այդ օրենքում էլ սակավ թվով հիմքեր են գրված: Ես կատակով ասում եմ, որ նման օրենքները Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու օրենքներ են․ այդ օրենքը միայն կաշխատի, երբ Նիկոլ Փաշինյանի կամ Ալեն Սիմոնյանի նկատմամբ բռնության կոչ լինի, այլ ոչ թե հասարակ քաղաքացու, առավել ևս՝ խոցելի խմբի: Այսինքն՝ խոցելի խմբերը կրկին դուրս են մնում օրենքի պաշտպանության ոլորտից:

– Այս կառավարությունն իշխանության եկավ դեմոկրատական կոչերով ու կարգախոսներով։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԼԳԲՏԻ+ անձանց գոյությունն աշխարհի ցանկացած երկրում հնարավոր չէ հերքել, որ ի վերջո ինչ-որ կառավարություն առերեսվելու է այդ համայնքի վերաբերյալ շատ հստակ որոշումներ կայացնելու խնդրին: Այս իշխանության հետ երկխոսությունն ինչո՞ւ, ուրեմն, չի ստացվում:

– Իշխանափոխությունից հետո ԼԳԲՏԻ+ համայնքում փոփոխությունների հույս առաջացավ, որովհետև իշխանության եկած անձանցից շատերը քաղհասարակության ինստիտուտներում էին աշխատել, ավելի գիտակից էին թվում ու այդ հարցերով ավելի կրթված: Հույս, իհարկե, առաջացավ, որ հնարավոր է սայլը տեղից շարժել, բայց հետո հայտնվեցինք պատնեշի առաջ… Երկխոսության հնարավորություն կա, բայց, կրկնում եմ, իշխանությունը չի ուզում աշխատել այս ուղղությամբ: Ասում են՝ հասկանում ենք, շատ ենք ուզում, որ փոփոխություն լինի, բայց շատ բան անել չենք կարող: Բոլոր պետական կառույցները հնարավորություն ունեն խնդիրներին ծանոթանալու, խնդիրները հասկանում են կամ առնվազն ցույց են տալիս, թե հասկանում են, բայց պատասխանը նույնն է՝ ոչ մի բան անել չենք կարող: Լավ, իսկ ո՞վ է կարող: Եթե դուք ոչինչ անել չեք կարող, ինչո՞ւ եք այդտեղ աշխատում, դո՛ւրս եկեք աշխատանքից: Երբ ասում են՝ մենք գիտակցում ենք, գիտենք այդ խնդիրները, բայց ոչինչ անել չենք կարող, աբսուրդ է ստացվում: Չէ՞ որ իրենք են իշխանության, իրենց ձեռքում են բոլոր լծակները։

– Ո՞րն է ոչինչ չանելու պատճառը։

– Իրենք ասում են՝ համակարգը փոխելը բարդ գործընթաց է: Պնդում են, թե փոփոխություններ կատարելու քաղաքական կամք կա, բայց մեխանիզմ չկա։

– Եթե քաղաքական կամք կա, քաղաքական իշխանությունն էլ ամբողջ ծավալով իրենց ձեռքում է, փոփոխությունների մեխանիզմներ չե՞ն կարող ներդնել։

– Դե, պարզ է, որ իրենց հիմնավորումը լուրջ չէ։ Ես վստահ եմ՝ իրական պատճառը վախն է։ Վարկանիշ կորցնելու վախը։ Այս իշխանությունն իր էությամբ պոպուլիստական է բառի ամենավատ իմաստով։

– Նշեցիք, որ ԼԳԲՏԻ+ անձինք ներկայացվում են որպես վտանգ՝ հայկական ինքնության, կրոնի, ազգային արժեքների համատեքստում: Բայց 2020-ին տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, որ ԼԳԲՏԻ+ անձինք անմասն չեն պետության, հայկական ինքնության պաշտպանության խնդիրներից:

– Ճիշտ եք, փաստ է, որ ԼԳԲՏԻ+ համայնքից շատերն են մասնակցել պատերազմին։ Հոմոֆոբ զանգվածը, իհարկե, դա չի ցանկանում տեսնել։ Մյուս կողմից էլ մենք, բնականաբար, չենք կարող մատնացույց անել ու հայտարարել, որ այս մահացածը, վիրավորվածը, մասնակիցը համայնքից է: Փաստ է, սակայն, որ ինչպես մյուսներն են անհանգստանում իրենց երկրի համար, այնպես էլ՝ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք հավասարապես մասնակցել են պետության պաշտպանության գործին թե՛ առաջնագծում, թե՛ Հայաստանում տարվող թիկունքային աշխատանքներին՝ աջակցություն տեղահանվածներին և այլն։

– Ի՞նչ է փոխել պատերազմը ԼԳԲՏԻ+ համայնքի ռազմավարությունում:

– Պատերազմից հետո դժվարացել է խոցելի խմբի իրավունքների մասին խոսելն այն տոնով, այն ոճով, որով հնարավոր էր խոսել 5 տարի առաջ: Հիմա Հայաստանի հասարակության համար խնդիրների մի այնպիսի ծանր ու մեծ բեռ է առաջացել, որ շատ ավելի դժվար է դարձել առանձին խոցելի խմբերի իրավունքների հարցերն առաջնային պլան բերելը։ Եթե մինչ պատերազմն այդ խնդիրները լսող ու լուծող չկար, հիմա՝ առավել ևս, մանավանդ որ պատրվակն էլ կա՝ հիմա դրա ժամանակը չէ։

– Այնուամենայիվ՝ որո՞նք են ԼԳԲՏԻ+ համայնքին վերաբերող այն առաջնահերթ հարցերը, որոնց լուծմանը կցանկանար հասնել համայնքը:

– Կարծում եմ՝ խտրականության օրենսդրական արգելքն առաջնային է, դրա շնորհիվ տարբեր ոլորտներում մի շարք խնդիրներ կլուծվեին՝ սկսած աշխատանքային իրավունքներից, վերջացրած առողջապահական ծառայությունների հասանելիությամբ, ինչպես նաև կմեղմվեր ատելության մթնոլորտը։

«Տեղեկացված հանրություն» ամսագիր