Հայաստանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները

ribbonՀայաստանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների 2014թ. զեկույցի արդյունքների հիման վրա առաջարկվում է բարելավել համաճարակաբանական հսկողությունը` ՄԻԱՎ վարակի տարածումը կասեցնելու համար: Ուսումնասիրությունն իրականացրել է Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը:

Հետազոտությունն իրականցվել է ՀՀ երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում`ընդգրկելով բնակչության ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի հետևյալ խմբերը` թմրամիջոցների ներարկային օգտագործողներին (ԹՆՕ), Կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց (ԿՍԿ), տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց (ՏՍՏ), քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ, 15-24 տարեկան երիտասարդներ:

ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ տարածվածության դեպքերն ամենաշատը Երևանում են գրանցվել` 4%, Գյումրիում այն կազմում է 3,8%, իսկ հետազոտությունն իրականացրած մյուս քաղաքում` Վանաձորում, ՄԻԱՎ-ի դրական դեպքեր չեն գրանցվել:

ԿՍԿ-ների շրջանում քաղաքներից ոչ մեկում ՄԻԱՎ-ի դրական դեպք չի գրանցվել:

Երևանում ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը կազմում է 0,4%, Գյումրիում` 1,4%, իսկ Վանաձորում` 1,9%:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցներից ամենատեղեկացվածը Գյումրիում են, որտեղ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների գնահատման ցուցանիշը (ԳԳՑ) կազմում է 88,9%: Վանաձորում ամենաքիչն են տեղեկացված`59,2%: Իսկ Երևանում ԳԳՑ-ն 60,9% է:

Նույն ցուցանիշը ԿՍԿ-ների շրջանում բարձր է Վանաձորում և Գյումրիում` 95,5% և 94,6% համապատասխանաբար: Մայրաքաղաքում այդ ցուցանիշը զգալի զիջում է մյուս քաղաքներին`կազմելով 58,9%:

Այս ցուցանիշը ՏՍՏ-ների շրջանում Գյումրիում կազմում է 69,8%, Երևանում՝ 78,9%, Վանաձորում`85,7%:

ԳԳՑ-ն առավել ցածր է քրեակատարողական հիմնարկներում, միգրանտների և երիտասարդների շրջանում: Այն կազմում է 38,4%, 24,4% և 22,4%  համապատասխանաբար:

Հետազոտությանը Երևանից մասնկցել են 300-ական հոգի ԹՆՕ, ՏՍՏ և ԿՍԿ խմբերից: Վանձորից և Գյումրուց` 50-ական:

ՔԿՀ-ներում գտնվողներից մասնակցել են 350, միգրանտներից 550, իսկ հարցված երիտասարդների քանակը 1200 է:

Հովհաննես Իշխանյան