Սիրո և համերաշխության շարժման ԼԳԲՏ դուխով մարդիկ․ Մխիթար Երիցյան

Տեսնելով Մխիթար Երիցյանենց տրանսգենդեր կին ընկերոջը՝ մի քանի տղա  մոտենում են ու․ «Խոսում են՝ վախ, հորս արև, էս ո՞վ ա։ Սրանք գնում են սաղ օր ստեղ-ընդեղ, պատերի տակ ինչ ասես անում են, էսօր էկել են ստեղ»։

22-ամյա Մխիթարը սկզբում վախենում էր մասնակցել ցույցերին։ Կարծում էր՝ տնօրենը աշխատանքից կհանի։ Ընկերները համոզեցին, ու միասին դուրս եկան փողոց։

Մխիթարն ընկերոջ հետ

Փակում էին Մաշտոցի պողոտան, «Սերժիկ հեռացիր» գոռալով՝ իջնում ու փակում էին Աբովյան փողոցը, Թումանյան փողոցը, որտեղ մի անգամ․ «Մենակ էի կանգնած Վարորդը գոռգռաց իբր ապրանք կա, փչանում ա։ Ես իրան ասեցի՝ ցույց տուր ապրանքդ, եթե փչանում ա, թույլ կտամ անցնես։ Բայց ինքը չհամաձայնեց։ Ես էլ ասեցի՝ դե որ ցույց չես տալիս, ավտոմեքենադ կարաս թողնես ստեղ, ոտքով տանես։ Ինքը գոռգռաց իմ վրա, բայց չթողեցինք անցնի»։

Բայց միշտ էդպես չէր․ սկզբից դուխով չէր։ Ֆրանսիայի հրապարակում աշխատում էր չառնչվել ուրիշների հետ․ «Մենք՝ ԼԳԲՏ ընկերներով առանձին էինք նստում։ Վախենում էինք որևէ մեկի հետ մի բան խոսել, որտև գիտեինք՝ եթե իմանան, որ ԼԳԲՏ համայնքից ենք, կարող ա խնդիրներ լինեն»։

Իրավիճակը փոխվեց, երբ տրանսգենդեր կնոջ հետ միջադեպի ժամանակ խառնվեցին այլ մարդիկ, ու չթողեցին, որ շարունակեն վիրավորանքները․ «Մի քանի տղա նրանց կանչեցին մի կողմ։ Ասեցին՝ էսօրվա դրությամբ էս մարդիկ են, որ կանգնած են մեր կողքին, ոչ թե նրանք, որոնք հիմա պառկած քնած են»։

Դրանից հետո այլևս չառանձնացան․ երեկոյան բոլորի հետ խարույկ վառեցին, զրուցեցին, երգեցին, ուրախացան․ «Մարդիկ տեսնում էին, որ մենք ԼԳԲՏ համայնքից էինք, բայց նրանց համար միևնույն էր։ Բոլորս միասնական էինք»։

Երեկոյան բոլորի հետ խարույկ վառեցին

Մխիթարն ասում է, որ փողոց դուրս գալու պատճառներից մեկն այն էր, որ երկրում այնպիսի վիճակ էր, որ մարդիկ, և ինքն այդ թվում, ստիպված 12 ժամից ավելի էին աշխատում, որ կարողանան գոյատևել։ Բայց բացի դրանից, նա պայքարում էր, որպեսզի ապագայում այլևս ոչ ոք սեռական կողմնորոշման համար իրեն չհալածի․ «Ես էն հույսով էի գնում, որ եթե ինչ-որ փոփոխություն լինի, անպայման մեր համայնքի համար էլ լինի»։ Պատմում է, որ աշխատավայրում հագուկապի համար մյուս աշխատողների հետ վիճել է ու դրա պատճառով պատրաստվում էր դուրս գալ գործից, նաև՝ երբ մազերը ներկել էր, ստիպված էր խաբել, որ ներկած չի, որպեսզի խնդիրներ չառաջանային։ 

Թեև նա իշխանափոխությունից հետո անգործ է, քանի որ փակվել է սրճարանը, որտեղ աշխատում էր, սակայն չի հուսահատվում, քանի որ․ «Հիմա մարդիկ [նույնասեռականներին] ավելի տոլերանտ են նայում, թեթև են տանում, հետևներիցս ռեպլիկաներ չեն թողնում, նույնիսկ որ գնում եմ աշխատանքի ընդունվելու, արդեն չեն նայում, տեսնեն մազերս ներկած ա, թե ներկած չի»։ 

Նա հիշում է` ցույցերի օրերին մի քանի կանայք բողոքում էին, որ փողոցները փակ են․ «Ես ասեցի նրանց՝ քեզ դուր ա գալիս, որ դու 8 ժամի փոխարեն 14 ժամ ես աշխատում»,- ու այդ ասելու պահին տնօրենին է տեսնում, որը նայում է Մխիթարին, ժպտում ու անցնում։

Հովհաննես Իշխանյան