Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում

textbookԱնհատի սոցիալականացման ընթացքում մի շարք սոցիալական ինստիտուտներ կարևոր դեր են խաղում: Նրանք են դառնում անհատի արժեքային համակարգի ձևավորողը, այդ թվում և՛ գենդերային դերերի, և՛ ինքնության մասին պատկերացումների ձևավորումը իրագործվում է նրանց կողմից:

 Սոցիալականացման այսպիսի մի ագենտ էլ դասագրքերն են: Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը իր հետազոտության մեջ անդրադարձել է  հենց այս խնդրին:

Հետազոտության նպատակը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում ներկայացված իգական և արական սոցիալական դերերի, հատկանիշների վերհանումն է, ինչպես նաև այդ պատկերների, հատկանիշների փոխանցման առանձնահատկությունների և հիմնական ուղիների ներկայացումը: Տարրական դպրոցի դասագրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  դրանցում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերի գերակշռում իգականի նկատմամբ, որոնք բացի զուտ պատկերներ և տեքստ ներկայացնելուց, միևնույն ժամանակ ներկայացնում են նաև մասնագիտական, սոցիալական դերեր և հատկանիշներ: Առաջին հայացքից անմեղ թվացող այս փաստերի մեջ ամփոփված են բազմաթիվ վտանգներ. սովորողների մոտ անընդհատ արական պատկերների և դերերի գերակշռումը իգականի հանդեպ ոչ միայն չի կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, այլև ստեղծում կամ վերարտադրում է մասկուլին հասարակական մշակույթ, ինչն իր հերթին դժվարություններ և բարդություններ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում:

Դասագրքերում արական դերերը հիմանականում ներկայացված են հանրային դաշտում, իսկ իգական դերերը` մասնավոր, ընտանեկան հարթությունում: Տղամարդիկ և տղաները հիմնականում ներկայացված են առաջնորդող, նախաձեռնող դերերում, մինչդեռ աղջիկները` ավելի շատ կատարողի, հետևողի, լրացնողի դերերում: Տղաները ներգրավված են ակտիվ, ստեղծագործ զբաղմունքներում ինչպիսիք են՝ ծառ մագլցել, լողալ, սպորտային խաղեր, վերանորոգում, հեծանիվ քշել, ֆիզիկական աշխատանքներ կատարել, մինչդեռ աղջիկները ներգրավված են հիմնականում ավելի պասիվ դերերում:

Արական և իգական զբաղմունքները հստակ տարանջատվում են հատկապես մաթեմատիկայի դասագրքրերում, որտեղ խնդիրների սահմանափակ բովանդակության վերլուծությունը ցույց է տալիս, որ տղաները/տղամարդիկ հիմնականում ներգրավված են այնպիսի զբաղմունքներում, ինչպիսիք են շինարարությունը, մետաղալարով իրերի պատրաստումը և ոչ մթերային գնումները, դրամային հարցերը, իսկ աղջիկները/կանայք` տորթ են թխում, ճաշ պատրաստում, գուլպա գործում, ժապավեն, ուլունք, ծաղիկներ, մթերք գնում և այլն:

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ:

 

Լուսինե Սաղումյան