«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը, մտահոգված լինելով ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի բացասական հետևանքներով, նախաձեռնել է ուսումնասիրություններ և հետազոտություններ: «Մենք և մեր իրավունքները» երկու փուլից բաղկացած սոցիոլոգիական հետազոտություն և իրավական վերլուծություն է: Հետազոտությունները հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեյշնլի Հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հետ համագործակցությամբ:
Առաջին փուլ
Ուսումնասիրությունների առաջին փուլը մեր երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռել: Ինչպես նաև օրենսդրական դաշտի վերլուծության միջոցով փորձ է կատարվել պարզելու` որքանով է իրավական դաշտը երաշխավորում մեր երկրի քաղաքացի համարվող ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը: Հետազոտության ժամանակ հավաքված տեղեկատվության վերլուծության արդյունքում տրվում է ԼԳԲՏ իրավունքների հետ կապված իրավիճակի ընդհանուր նկարագիրը, այդ թվում` ԼԳԲՏ անձանց պատկերացումները սեփականիրավունքների մասին, նրանց կարծիքները խտրական վերաբերմունքի և հոմոֆոբ վարքի դրսևորումների վերաբերյալ` Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Հայաստան – այլ երկրներ համեմատության մեջ: Այնուհետև ներկայացվում են ԼԳԲՏ անձանց հանդեպ վերաբերմունքն ու իրավունքների ոտնահարման դրսևորումներն ընտանիքում, աշխատավայրում, կրթական հաստատություններում, ԶԼՄ-ներում և այլուր: Որպես էական խնդիրներ` առանձնակի վերլուծվում են ԼԳԲՏ անձանց առողջությանն առնչվող հիմնախնդիրները: Այնուհետ ներկայացվում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության նվազեցման ուղիները, որոնք առաջարկվել են հարցվողների կողմից:
Երկրորդ փուլ
«ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում. 2011» հետազոտությունը քանակական սոցիոլոգիական հետազոտություն է, որի կենտրոնում հետևյալ հիմնահարցերի վերաբերյալ քանակական տվյալների հավաքագրումն է և վերլուծությունը.
- խոցելի խմբերը Հայաստանում,
- տեղեկացվածություն ԼԳԲՏ անձանց մասին,
- վերաբերմունք / դիրքորոշում ԼԳԲՏ անձանց հանդեպ:
Մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք պարզ դարձան հետազոտության և հարցումների շնորհիվ.
Երևանցիների 49.5% կարծում է, որ ԼԳԲՏ անձանց շրջանում ավելի շատ են տղամարդիկ, իսկ գյումրեցիների 49.4% կարծում է, որ ԼԳԲՏ անձանց շրջանում ավելի շատ են կանայք:
Հարցվողներից ոմանք կարծում են, որ նույնասեռականությունը`
- hիվանդություն է – 18.6%,
- արևմտյան երկրների բացասական ազդեցությունն է – 12.7%,
- դաստիարակության արդյունք է – 10.8%:
Հարցվողների 72.1% նշել է, որ բացասական է վերաբերվում ԼԳԲՏ անձանց:
66.9% հարցվողների կարծիքով հասարակությունը պետք է դատապարտի ԼԳԲՏ անձանց:
Հարցվողների 97.4% նշել է, որ նույնասեռականությունը շեղում է:
Հետազոտության մասնակիցների 55.3% էլ նշել է, որ կդադարեցնի շփումը, եթե իմանա, որ իր ընկերը / ազգականը / ծանոթը նույնասեռական է:
Հետազոտության արդյունքները մասամբ կանխատեսելի էին, մասամբ էլ` անսպասելի: Դրանք ցույց տվեցին, որ հարցվողների մեծամասնությունը ԼԳԲՏ անձանց չի դիտարկում որպես խոցելի խումբ (միայն 6.3% ԼԳԲՏ անձանց դիտարկել որպես խոցելի խումբ):
Ի սկզբանե հետազոտությունը նախաձեռնողները մտահոգված էին այն հավանական եզրահանգմամբ, որը կարող էր ստացվել. «Այո, մեծամասնությունն անհանդուրժող է, և լավ է, որ այդպես է»: Ուստի առանձին տեղ հատկացվեց առաջարկություններին` ուղղված
- ՀՀ կառավարությանը,
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին,
- տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին:
Կարելի է ենթադրել, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքը պայմանավորված է տեղեկատվության և գիտելիքի պակասով: Հետազոտությունը պարզորոշ կերպով հիմնավորեց, որ հայ հասարակության մեջ առկա են ընկալման և վերաբերմունքի խնդիրներ` կապված ԼԳԲՏ անձանց հետ: Հարցվողների 71.5 տոկոսը կարծում է, որ պետությունը պետք է պայքարի ԼԳԲՏ անձանց դեմ:
Ուստի, այսօր ԼԳԲՏ անձիք Հայաստանում ընկալվում են այնպես, ինչպես որ տասնամյակներ առաջ ձախլիկներն էին ընկալվում` «շեղվածներ», որոնց պետք է «օգնել», որպեսզի «նորմալանան», իսկ չենթարկվողներին էլ` հեռացնել, օտարել հասարակությունից:
Հարցազրուցավարներն իրենք էլ ունեցան հետաքրքիր արկածներ, երբ զբաղված էին այս հետազոտությունն իրականացնելով: Գործընթացը բարդ էր, երբեմն նույնիսկ վտանգավոր: Հաճախ նրանց դիմավորում էին անհանգստացած տանտերեր` մտածելով, որ նրանք խաբում են, և իրականում զբաղված չեն հետազոտություններ իրականացնելով, այլ ցանկանում են թալանել իրենց տունը: Իգական սեռի հարցազրուցավարներից մեկը գրեթե հարձակման ենթարկվեց մի հոր կողմից, որը կարծում էր, որ իր որդուն փորձում են «այլասերել»` հարցեր տալով «սեռական փոքրամասնությունների» մասին… ոչ սեփական կամքով հոր պաշտպանության հովանին «վայելող» տղան չափահաս էր: Լուսինեի համար, որը կորդինացնում էր աշխատանքը, գործընթացը նույնպես դժվար էր, քանզի նա լսում էր բոլոր այդ պատմությունները, որոնց միջով անցնում էին հարցազրուցավարները և ստուգում աշխատանքն ու կարդում բոլոր հայհոյական բառերը, որ հարցվողներն օգտագործել էին ԼԳԲՏ անձանց նկարագրելու համար:
Այս հետազոտությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի համար, և այն խիստ կարևոր է: Հետազոտությունը ոչ միայն հայաստանյան իրականությունը տեսնելու հնարավորություն է տալիս, այլև հիմք է հանդիսանում հետագա քայլերի իրագործման համար, ինչպես նաև ապագա հետազոտությունների համար ծառայելու է որպես սկզբնական տեղեկատվության համընդգրկուն աղբյուր:
Սևակ Կիրակոսյան