Կանայք և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը

women and HIV/AIDSՄինչև 2012թ. նոյեմբերի 30-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 206 նոր դեպք, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 30%-ն այսօր կանայք են` 405 հոգի:

Իսկ ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի մոտ կեսն արդեն արձանագրվում է կանանց մոտ, ընդ որում` ենթասահարյան Աֆրիկայում կանայք ՄԻԱՎ-ի գրանցման դեպքերում մեծամասնություն են կազմում: Այստեղ հարց է ծագում. երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի ռիսկային վարքագիծ են ցուցաբերում, քան կանայք, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք ավելի շատ են աշխարհում, քան տղամարդիկ:

Պատճառը կանանց խորը քաղաքական, սոցիալական, տնտեսական և սեռական ստորադասումն է` նախատեսված օրենքներով և արտացոլված մշակույթի և կենսակերպի մեջ: Խտրականությունը, խարանը և բռնությունը նույնպես առօրյա իրողություններ են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող բազմաթիվ կանանց համար:

Կանանց խոցելիությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ կարելի է դիտարկել երկու հիմնական տեսանկյունից`

  1. կենսաբանական գործոններ,
  2. սոցիալական  գործոններ:

Կենսաբանական տեսանկյունից` կանանց` ՄԻԱՎ-ով վարակելու հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է տղամարդկանց վարակվելու ռիսկից` ելնելով հետևյալ դրույթներից.

  • սերմնահեղուկի մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան հեշտոցային արտազատուկում,
  • սեշտոցի թաղանթն ավելի բարակ է, քան առնանդամի մաշկը,
  • սերմնահեղուկը հեշտոցի մեջ ավելի երկար է մնում,
  • երիտասարդ կանանց մոտ ավելի հաճախ են հանդիպում միկրոճեղքվածքներ,
  • սեռական հարաբերության ժամանակ կնոջ օրգանիզմը հանդիսանում է ընդունող կողմը:

Գենդերային դերերը և հարաբերությունները մեծ ազդեցություն են ունենում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընթացքի և հետևանքների վրա: Գենդերային անհավասարությունը ՁԻԱՀ-ի տարածման հիմնական ուժերից է: Բոլոր առանձնահատկություններն ու դերերը, որոնք հասարակությունը առանձնացնում է կանանց և տղամարդկանց համար, շատ դեպքերում նաև այն ուղիներն են, որորնք անհրաժեշտ են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից պաշտպանվելու և հետևանքները հաղթահարելու համար: Այդ իսկ պատճառով, որպեսզի կանխենք ՄԻԱՎ-ի տարածումը, անհրաժեշտ է կնոջն ընձեռնել իրավունքներ և հնարավորություններ բոլոր ոլորտներում:

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք բարձրացնում են կանանց և աղջիկների խոցելիությունը ՄԻԱՎ-ի նկատմամբ: Այստեղ կարելի է նշել այն հասարակական նորմերը, սոցիալական գործոններոը, որոնք չեն թույլատրում կանանց ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկություն սեռական առողջության վերաբերյալ, տնօրինել իրենց մարմինը և հետևել իրենց սեռական կյանքին:

  • Բազմաթիվ պետությունների օրենքներով սահմանափակվում են գույքի սեփականատեր լինելու, գույք ժառանգելու և գույք տնօրինելու` կանանց իրավունքները: Կանայք անհավասարության զոհ են դառնում և բախվում են կրթություն, վարկեր, աշխատանք և ամուսնալուծություն ստանալու հարցում: Իրավական և սոցիալական անհավասարությունը կանանց տնտեսական կախվածության մեջ է գցում իրենց ամուսիններից` ստիպված լինելով համակերպվել այնպիսի իրավիճակներին, երբ չեն կարողանում մերժել սեռական հարաբերերությունները կամ պնդել, որ հարաբերությունների ժամանակ պահպանակ օգտագործվի:

Ինչպես նկատում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ սոցիալական աշխատող Աննա Ավետիսյանը, «Այս իրադրությունը հատկապես ակնառու է մեր հանրապետությունում: Ինչպես նաև պատկերը բավականին տարբեր է գյուղական և քաղաքային համայնքներում: Կազմակերպության աշխատակիցները տեղեկացվածությունը բարձրացնող աշխատանքներ են իրականացրել Հայաստանի բոլոր մարզերում, հանդիպել են գյուղական համայնքների աղջիկների և կանանց հետ, տրամադրել նրանց խորհրդատվություն: Սակայն, կրթությունն ու տեղեկացվածությունը դեռևս երաշխիք չէ առողջ հարաբերությունների: Կանայք առավել հաճախ դիտարկվում են որպես սեռական օբյեկտներ, ինչպես նաև նրանց կողմից սեռական հարաբերության մերժումը կամ պահպանակ օգտագործելու առաջարկը կարող է ուղեկցվել բռնությամբ (նույնիսկ այն պարագայում, երբ ամուսինը ռիսկային վարքագիծ է դրսևորում և կանայք տեղյակ են այդ մասին)»:

Կանայք ամուսինների մահից կամ ամուսնալուծությունից հետո հաճախ հայտնվում են աղքատության մեջ, որի հետևանքով նրանց ընտրությունը  և հնարավորություններն այնքան են սահմանափակվում, որ գոյատևելու համար ստիպված են լինում վճարի դիմաց մտնել սեռական հարաբերությունների մեջ կամ բնակարանային կամ աշխատանքային տարաբնույթ իրավիճակներում դառնալ սեռական չարաշահման կամ բռնության զոհ: Թվարկված գործոններից յուրաքանչյուրը բարձրացնում է ՄԻԱՎ-ի ձեռք բերման ռիսկը կանանց շրջանում:

  • Կանանց նկատմամբ բռնությունն ինքնին ամբողջ աշխարհով մեկ տարածված երևույթ է, որը նույնպես կանանց շրջանում ՄԻԱՎ-ով վարակաման բարձր ցուցանիշների պատճառ է: Կանանց պարագայում ՄԻԱՎ-ով վարակման ռիսկն ավելի բարձր է հարկադրանքով, քան` համաձայնությամբ տեղի ունեցող սեռական հարաբերությունների դեպքում: Բռնությունը և բռնության ենթարկվելու վախը կարող են կանանց ետ պահել ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցնելուց, պահպանակի օգտագործում պահանջելուց կամ իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին սեռական զուգընկերներին հայտնելուց:

«Շատ հայկական ընտանիքներում, երբ կանայք վարակվում են ՄԻԱՎ-ով, դրա մասին հիմնականում իմանում են իրենց ամուսինները և ամուսնու ընտանիքը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող կանանց 98%-ը վարակվել է ՄԻԱՎ-ով իրենց հիմնական զուգընկերոջից, սակայն կնոջ ՄԻԱՎ կարգավիճակի բացահայտումից հետո կանայք են, որ խտրականության են ենթարկվում ընտանիքում ամենից շատ: Իսկ հիմնականում խտրականության և բռնության նրանց ենթարկում են իրենց սկեսուրները: Իսկ աղջկա ընտանիքի անդամները հիմնականում տեղյակ չեն իրենց աղջիկների ՄԻԱՎ կարգավիճակի մասին.  նրանք նախընտրում են այն թաքցնել սեփական ծնողներից: Իսկ այս պարագայում, բռնության արդյունքում դժվարանում է նույնիսկ ամուսնալուծության հարցը»,- հավելում է Ա. Ավետիսյանը:

ՄԻԱՎ-ով ապրող և խոցելի բազմաթիվ կանանց համար առողջապահական համակարգը ոչ թե բուժման և խնամքի, այլ, նախկինի պես, նախապաշարմունքի և խտրականության վայր է: Կանանց և աղջիկների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման կարևորագույն նախադրյալի` վերարտադրողական առողջության համապարփակ ծառայությունների հասանելիությունն աշխարհի ցանկացած տարածաշրջանում ոչ միայն ծայրահեղ ցածր է, այլ նաև` սահմանափակված է օրենքով և գործառույթներով: ՄԻԱՎ ունենալու փաստը հայտնաբերելու դեպքում կանայք ենթարկվում են մեղադրանքի և բռնության, որը նրանց ստիպում է չդիմել ՄԻԱՎ-ի նկատմամաբ հետազոտության կամ բուժման ծառայությունների: ՄԻԱՎ-ով ապրելու ընթացքում հղիացող կանանց բուժաշխատողները հաճախ քննադատում կամ պախարակում են` մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելող գիտականորեն ապացուցված բուժումը կազմակերպելու փոխարեն:

Նվարդ Մարգարյան

Օգտագործված գրականություն` «Մարդու իրավունքները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. Այժմ` ավելի, քան երբևէ» – 10 հիմնավորումներ, թե ինչու պետք է ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում առանցքային տեղ զբաղեցնեն մարդու իրավունքները