Արուսիկ Մկրտչյանը`ավելի հայտնի որպես դիջեյ Վակցինա, Հայաստանի թերևս ամենահայտնի, ամենաոճային, ամենահամարձակ կին-դիջեյն է: Նա, համագործակցելով աշխարհահռչակ դիջեյների հետ, կազմակերպել է խոշոր ակումբային և բացօթյա միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Սակայն, բացի իր հիմնական գործունեությունից, ներգրավված է նաև ակտիվ հասարակական կյանքում. 2009թ-ին «Դը Լաբորաթորի»-ի հետ համատեղ իրականացրել է «Ո´չ թմրանյութին, ո´չ ծխախոտին», իսկ նույն թվականի դեկտեմբերի 1-ին` «Ո´չ ՁԻԱՀ-ին» քարոզարշավները: Դիջեյ Վակցինան հանդիսանում է «Կարմիր ժապավեն» խմբի տարածաշրջանային ներկայացուցիչ, իսկ 2011թ-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը շնորհել է նրան «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով» մրցանակը` որպես մտահոգված մշակութային գործչի: Վերջին տարիներին նա զբաղվում է արյան դոնորության քաջալերմամբ` լեյկոզով հիվանդ մարդկանց օգնելու համար, ինչպես նաև բարեգործական ծրագրեր է իրականացնում` ուղղված մանկատան երեխաների ու քաղցկեղով հիվանդ մարդկանց խնդիրների լուծմանը:
– Մի փոքր պատմիր` ինչպիսի՞ պայմաններում և մթնոլորտում ես ձևավորվել որպես անհատ :
– Ընտանիքս շատ մեծ դեր է ունեցել իմ ձևավորման ու կայացման գործում: Քանի որ հայրս բնագետ է (ֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա), իսկ մայրս` նկարչուհի, ես մեծացել եմ բավականին ազատ ու կիրթ միջավայրում: Սակայն մանկությունս անցել է մութուցուրտ ու դժվարին տարիներին, ինչի արդյունքում էլ հենց կոփվել է պայքարող ոգիս: Երևի այդ հակասությունների համադրումն է, որ իմ մեջ ձևավորվել է մի փոքր ծայրահեղ, բայց փոխլրացնող աշխարհընկալում:
– Ինչպե՞ս և ինչո՞ւ դիջեյ Վակցինա. խոսենք ուղուդ ընտրության և կայացման դժվարությունների մասին:
– Դիջեյության ընտրությունը շատ ճակատրագրական է ստացվել: Առաջին անգամ` 12-13 տարեկանում, ընկերուհիներիս հետ մի կերպ սողոսկեցի ակումբ ու տեսնելով` ինչպես է դիջեյը նվագում, միանգամից սիրահարվեցի այդ գործին: 16 տարեկանում տեղի ունեցավ իմ առաջին բեմելը: Սակայն որպես դիջեյ Վակցինա արդեն հանդես եկա 2006 թվականից, երբ վարում էի իմ հեղինակային «Քլաբ թայմ» ծրագիրը` ռադիոյի ամենավարկանիշային հաղորդումներից մեկը:
«Վակցին (vaccine)» (խմբ.` «պատվաստանյութ») բառը պրպտել եմ կենսաբանության անգլերեն բառարանիցս. տեսա ու միանգամից հասկացա, որ սա լավագույն տարբերակն է ինձ համար, քանի որ ես ներարկում եմ լավ երաժշտություն, որը դեմ է վատ տրամադրությանը:
– Ինչո՞վ է տարբերվում դիջեյ Վակցինան իրական Արուսիկ Մկրտչյանից:
– Իմ երկու տեսակների մեջ գաղափարային և արմատական ոչ մի հակասություն չկա: Պարզապես Արուսիկն ավելի մեղմ է, ընտանեկան, սիրում է ինքնակրթությամբ զբաղվել, իսկ դիջեյ Վակցինան, որը զբաղեցնում է իմ ժամանակի մոտ 85 տոկոսը, դրական իմաստով ավելի ագրեսիվ է, աշխույժ. այն իմ հիմնական տեսակն է:
– Լինելով կայացած և հայտնի կին «տղամարդկային» համարվող ոլորտում, արդյո՞ք հանդիպել ես խտրական վերաբերմունքի:
– Ի սկզբանե շատ դժվար էր ինձ համար, քանի որ այս ոլորտում աշխատող տղամարդկանցից շատերն ուղղակի պատրաստ են քեզ ոչնչացնել, փոշիացնել, ամեն հարմար պահի վատաբանել ու վարկաբեկել: Նրանք կարծում են, եթե կին ես, ուրեմն թույլ ես ու ավելի հեշտ կհանձնվես: Սկզբում ամբողջ էներգիաս վատնում էի նրանց դեմ պայքարելուն: Բայց հետո հասկացա, որ դա ուղղակի լճացում է: Պարզապես պետք է ուշադրություն չդարձնել ու զբաղվել ինքնաբարելավմամբ: Գիտե՞ս` մարդիկ չեն սիրում ուժեղներին, բայց այսօր նրանք ինձ հարգում ու ընդունում են:
– Ինչպե՞ս ես դու պատկերացնում ԿԻՆ և ՀԱՅ ԿԻՆ կերպարները. արդյո՞ք դրանք տարբեր կերպարներ են քեզ համար:
– Ըստ իս` այս երկու կերպարների առանցքային տարբերությունը հենց իրավունքների պաշտպանվածությունն է: Ի տարբերություն արևմտյան կնոջ` հայ կինն արդեն իսկ ճնշված կերպար է, վախենում է արտահայտվել, միշտ պիտի ենթարկվողի կարգավիճակում լինի, չի կարողանում ինքնաիրացվել, անընդհատ ճնշված է, սահմանափակված է իր որոշումներում ու արժանանում է խտրական վերաբերմունքի, բայց չեմ կարող դա բոլորին վերագրել, քանի որ հիմա շատ կանայք են պայքարում իրենց իրավունքների համար ու իրավիճակը շահեկանորեն փոխվում է: Օրինակ`ես հրաշքների չեմ սպասում, ես ինքս եմ կառուցում իմ երջանկությունը:
– Ի՞նչ ես կարծում, ով կամ ինչն է կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի ձևավորման պատճառը:
– Կարծում եմ, դրա պատճառն արդեն քարացած նորմաներն են ու կարծրատիպային հայրիշխանական մոտեցումները: Իհարկե, այնպես չէ, որ այս խնդիրը միայն մեզ մոտ կա: Աշխարհի բազմաթիվ երկրներում տղամարդիկ հիմնականում ավելի ցածր են գնահատում կանանց, վերաբերվում են ինչպես ավելի ցածր էակների: Իհարկե, յուրաքանչյուրն իր դերն ունի, սակայն պետք է փոխհարգանք լինի բոլորի միջև:
– Խոսելով հասարակական թեմաներից` չեմ կարող չանդրադառնալ քո հասարակական գործունեությանն ու համագործակցությանը քաղաքացիական հասարակության` այդ թվում նաև ՄԱՁԻԱՀ-ի (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր) և ՓԻՆՔ Արմենիայի հետ: Պատմի´ր մի փոքր այդ համագործակցության մասին: Հաջողվա՞ծ էր այն:
– Առաջին հասարակական կազմակերպությունը, որի հետ ես համագործակցել եմ, եղել է ՓԻՆՔ Արմենիան: Անչափ ուրախ եմ այդ սկզբի համար, քանի որ կարծում եմ` նոր գործն ինչպես սկսես, այնպես էլ կշարունակվի: ՓԻՆՔ-ից սովորել եմ, որ համագործակցությունն ու միասնականությունն ավելի մեծ հնարավորություններ են տալիս բարձրաձայնելու հասարակական խնդիրները. սա 1+1=2 չէ, սա 1+1=3; 4 և ավելի է:
2 տարի առաջ համատեղ իրականացրեցինք «Ո´չ ՁԻԱՀ-ին» միջոցառումը, իսկ 2012թ-ին «Կամի» ակումբում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված անցկացրեցինք երեկույթ, որի աջակիցը ՓԻՆՔ Արմենիան էր: Մեր համագործակցությունը միանշանակ կգնահատեմ որպես արդյունավետ ու դրական ու կարծում եմ այն դեռ կշարունակվի:
Իսկ ՄԱՁԻԱՀ–ի տարածաշրջանային թիմի հետ կապ հաստատեցի 2011թ-ին հենց ՓԻՆՔ-ի միջոցով, ընտրվեցի «Կարմիր ժապավեն» խմբի տարածաշրջանային ներկայացուցիչ ու մասնակցեցի Կիևում տեղի ունեցած միջոցառումներին, որտեղ Հայաստանն ամենաակտիվն ու կրեատիվն էր: Այս ամենով ոգեշնչված վերադարձա և ՄԱՁԻԱՀ -ի ու 19 հայտնի անհատների հետ համատեղ կազմակերպեցինք «ՁԻԱՀ-ը բոլորի և յուրաքանչյուրի խնդիրն է» լուսանկարների մրցույթը:
Կարծում եմ նման միջոցառումները միանշանակ ազդում են երիտասարդների վրա ու բավականին արդյունավետ են: Սակայն միայն այս մոտեցումը լիարժեք չէ, քանի որ մենք չունենք պետական աջակցություն ու հոգածություն այս խնդրի վերաբերյալ:
– Կրկին վերադառնանք կանանց: Ըստ քեզ, ի՞նչ է երջանկությունը կնոջ աչքերով:
– Ըստ իս` կնոջ համար երջանկությունը լիակատար է, երբ նա հնարավորություն ունի ինքնաիրացվել, երբ ազատ է իր որոշումներում և զգացմունքներն արտահայտելիս, երբ իրեն վերաբերվում են որպես հավասարի:
– Վերջում որևէ խորհուրդ, մաղթանք, ցանկություն կանանց:
– Մաղթում եմ, որ յուրաքանչյուր կին կարողանա գտնել իր երջանկության բանաձևը, կիրառել այդ բանաձևը կյանքում և հասնել լիակատար ներդաշնակության:
Կամո Դավթյան