«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպություն

Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է 1997թ-ից: Այն մարդկանց միություն է, ովքեր համախմբել են իրենց ջանքերը հանուն ընդհանուր նպատակի` կանխելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը, պահպանելու կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը և իրավունքները:

Կանանց ակումբի հիման վրա, որը գործում էր սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին հիմնադրվեց «Հայուհի» կանանց միավորումը և 1991 թվականի հունվարին գրանցվեց Արդարադատության նախարարությունում: Այն առաջին գրանցված հասարակական կազմակերպությունն էր Հայաստանում, որը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել կանանց դերը քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում: 1997 թվականին «Հայուհի» Կանանց միավորումը վերանայեց իր կանոնակարգը, առաքելությունը և մշակեց նոր ռազմավարություն` գործունեությունը կենտրոնացնելով կանանց և երեխաների իրավունքների վրա: «Հայուհին» վերանվանվեց «Կանանց իրավունքների կենտրոն» և 1997 թվականի նոյեմբերին վերագրանցվեց Արդարադատության նախարարությունում:

Մարդկային բռնություններից ամենադաժանը, թերևս, ընտանեկան բռնությունն է: Այն ոչնչացնում է մարդկային կյանքեր, ձևավորում է անառողջ հասարակություն և խոչընդոտում է դրա զարգացմանը: Հայաստանը ևս բացառություն չէ աշխարհի այլ երկրների մեջ, և այստեղ նույնպես գոյություն ունի ընտանեկան բռնության երևույթը` իր բոլոր դրսևորումներով ու տեսակներով: Այդ իսկ պատճառով կազմակերպության տեսլականն է ունենալ բռնությունից զերծ երկիր, որտեղ կանանց իրավունքները հարգված կլինեն, իսկ կանայք կլինեն անկախ, ապահով և ուժեղ:

Կազմակերպությունն առաքելություն ունի աջակցելու Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխելու հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց խնդիրների նկատմամբ, պաշտպանելու կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը, նվազեցնելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը` քարոզչության և լոբբինգի, թրեյնինգների, սեմինարների և կոնֆերանսների, խորհրդատվության և ծառայությունների, հետազոտությունների, ուսումնասիրությունների և հրապարակումների, աջակցման և կրթական ծրագրերի, մշակութային և բիզնես նախաձեռնությունների միջոցով:

Կազմակերպության հիմնական նպատակներն են.

  • կանխարգելել կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը,
  • պաշտպանել կանանց և նրանց երեխաների` բռնությունից ազատ լինելու իրավունքը,
  • աջակցել կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության կանխարգելման և պատժամիջոցների մեխանիզմերի կատարելագործմանը,
  • պաշտպանել կանանց վերարտադրողական ու սեռական առողջությունը և իրավունքները:

Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում է Հայաստանում Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայի ցանցի (Վիեննա) համակարգող և Բաց հասարակության ինստիտուտի կանանց նկատմամբ բռնության ծրագրի ազգային մոնիտոր: Կազմակերպությունը հանդիսանում է նաև Ընտանեկան բռնության միջազգային կոնսորցիումի հիմնադիրը և քարտուղարությունը, Վերարտադրողական ընտրության Արևելաեվրոպական Ալյանսի և Կանանց ապաստարանների ցանցի հիմնադիր անդամը: Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում է նաև ԱՍՏՐԱ – Կենտրոնական և Արևելաեվրոպական սեռական և վերարտադրողական առողջության կանանց ցանցի, Արևելքի Արևմուտքի կանանց ցանցի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կանանց ՀԿ-ների Կարատ տարածաշրջանային կոալիցիայի և Հղիության դեղորայքային ընդհատման միջազգային կոնսորցիումի անդամ:

Միջազգային գործընկերությունից զատ` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է նաև տեղական հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հիմնադիր անդամներից է:

Հայաստանի 10 մարզերում ԿԻԿ-ը ունի ներկայացուցիչներ և կանանց ակտիվ խմբեր, իսկ 4 մարզկենտրոններում` Գավառում, Իջևանում, Վանաձորում և Կապանում` Ճգնաժամային կենտրոններ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար:

Գործունեությունը

Ընտանեկան բռնության Ազգային Թեժ Գիծ

1997թ.-ից կազմակերպության ընտանեկան բռնության ազգային թեժ գիծը բռնության ենթարկված կանանց տրամարդում է անվճար հոգեբանական աջակցություն և իրավաբանական խորհրդատվություն: Ծառայությունը հասանելի է 24 ժամ և ընդգրկում է ողջ Հայաստանի տիրույթը: Թեժ գծի նպատակներն են `

  • բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը,
  • տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին,
  • անհրաժեշտության դեպքում ուղղորդել ապաստարան:

Կանանց աջակցման և խորհրդատվության կենտրոն (Ճգնաժամային կենտրոն)

Ճգնաժամային կենտրոնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց տրամադրվում է անվճար անհատական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նրանք ուղղորդվում են ապաստարան: Կանանց և նրանց երեխաների համար կազմակերպվում է նաև խմբային հոգեբանական աշխատանք:

Կանանց և երեխաների աջակցման խմբեր

Բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների աջակցման խումբը նպատակ ունի համախմբել կանանց, ինչպես նաև նրանց երեխաներին` անցկացնելու խմբային հոգեբանական թերապիայի պարապունքներ` կիրառելով արտթերապիայի և դրամաթերապիայի տարրեր:

Ապաստարան

Հայաստանում գործող միջազգային նորմերին համապատասխանող միակ ապաստարանն է և ժամանակավոր կացարանը, որի ստեղծման նպատակն է խզել բռնության փակ շրջանը, օգնել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին դառնալ անկախ, ինքնավստահ և ունենալ ապահով ու բռնությունից զերծ ապրելակերպ:

Ապաստարանում կանայք և նրանց երեխաներն ապահովվում են անվճար օթևանով և սննդով, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ, ինչպես նաև սոցիալական և բժշկական օգնությամբ: Անհրաժեշտության դեպքում ԿԻԿ-ի իրավաբանները ներկայացնում են բռնության ենթարկված կանանց իրավունքներն ու օրինական շահերը դատական և այլ ատյաններում:

«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ԿԻԿ-ը մշակել և 2009թ. մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառության համար:

«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը ուսումնասիրվել և համապատասխան փոփոխությունների է ենթարկվել ինչպես ԿԻԿ-ի կողմից հրավիրված Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների, այնպես էլ տեղական և միջազգային փորձագետների կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն էին հանդիսանում այն գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր առնչվում են ընտանեկան բռնության հիմնախնդրի հետ:

Հղիության դեղորայքային ընդհատման ծրագրի իրականացում Հայաստանում

«Կանանց իրավունքների կենտրոնը» աջակցում է նաև Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի ներդրման գործընթացին` որպես ներկայումս ամենաանվտանգ և ապահով հղիության ընդհատման միջոց:

«Ամեն մի բռնություն ավելի ու ավելի մռայլ և վանող է, քանզի վկայում է ոչ թե ուժի, այլ դրա բացակայության մասին» Էմերսոն

Նվարդ Մարգարյան