Սոնա Խաչատրյան

Sona Khachatryan2012թ-ի դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իրենց անգնահատելի ներդրումն ունեցող և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բարձրացման համար անձնուրաց աշխատող անձանց` «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» շնորհակալագրեր հանձնեց: Նրանց շարքում էր նաև «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի» մանկաբարձության և հղիության բարձր ռիսկի բաժանմունքի վարիչ Ս. Գ. Խաչատրյանը, կամ ուղղակի լավատեսություն, պրոֆեսիոնալիզմ ու վստահություն ճառագող Սոնա Գուրգենովնան: Տկն. Խաչատրյանը օգնում է ՄԻԱՎ-ով ապրող ապագա մայրերին առողջ բալիկներ լույս աշխարհ բերել: Նա լիովին համոզված է` բժշկության վաղվա օրը շատ ավելի լավն է լինելու, իսկ ՄԻԱՎ-ը ` բուժելի:

Ես նրան հավատում եմ:

– Մի փոքր պատմեք Ձեր մասին` որպես անհատ և բժիշկ:

– Ծնվել եմ մաթեմատիկոսների ընտանիքում: Միայն քեռիս է բժիշկ եղել: Ինքնուրույն եմ ընտրել մասնագիտությունս, բայց ինքս ազդեցություն ունեցել եմ ընտանիքիս անդամների մասնագիտության ընտրության հարցում:

Բժիշկ դառնալը մանկական երազանք է եղել ու մի ամբողջ գիտակցական կյանք նվիրել եմ դրան` երբեմն զոհաբերելով առողջությունս ու անձնական կյանքս:

Ես շատ սիրել և սիրում եմ մասնագիտությունը իր բոլոր ծայրահեղություններով` գիշերային հերթապահություններ, չնորմավորված գրաֆիկ, մեղքի զգացում ընտանիքի առաջ` նրանց քիչ ուշադրություն և ժամանակ տրամադրելու համար:

– Հաճախ Ձեր կոլեգաները հրաժարվում են իրականացնել ՄԻԱՎ-ով ապրող կանանց ծննդօգնությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված: Արդյո՞ք կան այդպիսի մասնագետներ: Ո՞վ է ասել, որ ՄԻԱՎ-ը ավելի վտանգավոր է, քան, օրինակ, հեպատիտները: Ինձ համար ավելի վտանգավոր են անհայտ կարգավիճակով հիվանդները:

Բժիշկը այն մասնագետն է, որ պետք է աշխատի խոլերայի էպիդեմիկ օջախում, խոզի գրիպով կնոջ հետ, օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններ կրողների հետ, իսկ այդ հիվանդությունները ավելի վտանգավոր են իրենց տարածվածությամբ, փոխանցման ուղով և այլն…

Պրոֆեսիոնալը իրավունք չունի մերժելու, հրաժարվելու կամ տարբերակելու. դա խոսում է այդ հասարակության ցածր որակի մասին: Ես չէի ուզենա, որ իմ հասարակությունը` առավել ևս բժիշկները, այդպես բնութագրվեն:

– Իսկ դուք ինչպե՞ս որոշեցիք աշխատել ՄԻԱՎ-ին առնչվող հիմնահարցերի ոլորտում:

– Համագործակցությունը սկսվել է շատ պարզ ընկերական զանգից: Իմ դասընկեր, համակուրսեցի, հին ընկեր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը զանգահարեց ու ասաց, որ խնդիր կա ՄԻԱՎ-ով ապրող կանանց ծննդօգնության կազմակերպման հարցում: Ես պարզապես ժամանակ խնդրեցի, որպեսզի պատրաստվեմ: Ուսումնասիրեցի միջազգային փորձը, պրպտեցի համացանցը, ապա խորհրդակցեցի հակահամաճարակային ծառայության հետ, որոնց հետ սերտ համագործակցում եմ. նրանք բժշկության թիկունքն են: 2003թ.-ին առաջին անգամ վիրահատեցի ՄԻԱՎ-ով ապրող հղի կնոջ ու, փառք Աստծո, մինչ օրս, համաձայն կենտրոնի վիճակագության, բոլոր նորածինները առողջ են ծնվել`ՄԻԱՎ բացասական են :

– Այսքան ժամանակ է աշխատում եք այս ոլորտում, արդյո՞ք աճել է ՄԻԱՎ-ով ապրող կանանց թիվը, ովքեր ցանկանում են երեխա ունենալ:

– Կարող եմ հավաստիացնել, որ իրազեկվածության բարձրացման հետ մեկտեղ աճել է ՄԻԱՎ-ով ապրող կանանց թիվը, ովքեր ցանկանում են մայր դառնալ: Շատ կարևոր է նշել նաև ՁԻԱՀ կենտրոնի արդյունավետ աշխատանքը և´ հայտնաբերման, և´ հետագա մասնագիտական հսկողության, բժշկական ու հոգեբանական օգնության, թանկարժեք դեղորայքների, մոր կաթը փոխարինող նորածինների սննդի, շիճուկների անվճար տրամադրման տեսանկյունից:

– Հենվելով տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների վրա` հասարակությունում ստեղծվել է ոչ միանշանակ` հաճախ նույնիսկ ոչ դրական կարծիք ՄԻԱՎ -ով ապրող մարդկանց մասին: Ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպել Ձեր աշխատանքի ընթացքում:

– Մեր ազգը ունի այս հատկությունը. չգիտեմ, ուրեմն հիվանդ չեմ: Այսինքն խնդիր կա պացիենտին համոզելու, որ անցնի այդ հետազոտությունը: Օրենքը չի նախատեսում պարտադիր հետազոտություն, և շատ բան կախված է բժշկի վերաբերմունքից, ջանքերից ու պրոֆեսիոնալիզմից: Շատ կանայք 3 ասմական հղի լինելով` նոր պարզում են իրենց կարգավիճակը ու ընկնում ընկճախտի մեջ` վախենալով և´ ընտանիքի, և´ հասարակության արձագանքից, և´ իր ու երեխայի ապագայի համար:

Մեկ այլ խնդիր է նաև հասարակության կարծիքը, վերաբերմունքը. ՄԻԱՎ-ը մարդկանց մոտ ավելի վատ համբավ ունի սեռավարակ լինելու պատճառով, այլապես հեպատիտները շատ ավելի վտանգավոր են:

– Այսքան կարևոր ու բարդ ոլորտում Դուք հասել եք արդեն հասարակության համար տեսանելի փոփոխությունների: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

– Մի այսպիսի չգրված օրենք գոյություն ունի. բոլոր հիվանդների հետ վարվել որպես պոտենցիալ ՄԻԱՎ ունեցողների: Տարբերություն չկա հիվանդների մեջ. հիվանդը պետք է ընտրի բժշկին այլ ոչ թէ հակառակը: Շատ կարևոր է նաև կոնֆեդենցիալությունը. այդ կինը չպետք է առանձնանա հասարակությունից ու մնացած հիվանդներից: Անձնակազմիս միշտ ասում եմ` լեզուները` ատամների տակ, ձեռնոցները ձեռքին` պաշտպանված. մնացածի հետ գործ չունեք:

Իսկ ընդհանրապես ես շատ եմ սիրում մասնագիտությունս ու մասնագիտական տեսանկյունից շատ եմ սիրում կանանց: Կարևոր են նաև որոշակի հատկանիշներ, որոնք պարտադիր են մանկաբարձ-գինեկոլոգի համար: Նա պետք է լինի բարի, էմոցիոնալ, արագ արձագանքող: Շատ կարևոր է անտարբերության բացակայությունն ու ժամանակի զգացումը :

– Եվ վերջում ձեր ուղերձն ու խորհուրդը հասարակությանը և ՄԻԱՎ-ով ապրող կանանց:

– Շատ կուզենայի` նախքան ամուսնության պետական գրանցումը` օրենքով պարտադիր դարձնեինք ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը, ինչպես շատ երկրներում է: Թող զուգընկերդ իմանա քո կարգավիճակը ու քեզ ընտրի, ոչ թե դառնա զոհ:

Կուզեի դիմել երիտասարդներին, որ լավ ճանաչեն սեռավարակները, պաշտպանվեն ու հեռու մնան անհայտ կապերից:

Մյուս խնդրանքս հղի կանանց է վերաբերվում`թող չվախենան ու հասկանան` միշտ կա մի բժիշկ, որ իրենց կօգնի ծննդաբերել առողջ բալիկներ:

Ու ընդհանրապես ես համոզված եմ` բժշկության վաղվա օրը շատ ավելի լավն է լինելու: Պացիենտներիս միշտ ասում եմ, որ չվախենան, պայքարեն ու հույս ունենան: Չես կարող իմանալ` 5 տարի հետո գիտությունը ինչպես կզարգանա: Միշտ օրինակ եմ բերում սիֆիլիսը: Այն երկար ժամանակ մահաբեր հիվանդություն էր համարվում, ու շատ հանկարծակի բուժումը գտնվեց: Իսկ միգուցե ՄԻԱՎ-ի բուժումը նույնպե՞ս արդեն գտնվել է:

Sona Khachatryan receiving award

Գործընկերը Ս. Խաչատրյանի մասին

Աննա Ավետիսյան, «Իրական Աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

– Նրա մասին կարող եմ խոսել անվերջ, անդադար ու միշտ միայն ամենադրականը: Եվ սա միայն իմ կարծիքը չէ, այլ բազմաթիվ ՄԻԱՎ-ով ապրող մայրերի: Նա տարբերություն չի դնում հիվանդերի մեջ, և հանդես է գալիս նախ որպես հոգատար ու սրտացավ մայր, ծնող, ապա պրոֆեսիոնալ, որը ոչ թե ուղղակի իր գործն է անում, այլ 9 ամիս շարունակ ապրում է յուրաքանչյուր ՄԻԱՎ-ով ապրող կնոջ պատմությամբ:

Մի դեպք պատմեմ վերջերս է տեղի ունեցել: 40 անց մի կին` առաջնեկով հղի, իմացել էր իր կարգավիճակը ու որոշել ազատվել պտղից: Այդպես ահավոր ընկճված` գնացել էինք խորհրդակցության Սոնա Գուրգենովնայի մոտ: Ի՞նչ ասեմ` արդեն մեկ ամսից կծնվի այդ բալիկը: Նա հույս է ներշնչում ու ոգևորում է կանանց: Ամեն անգամ իր մոտ գնալիս ասում ենք`գնում ենք մեր հույսի մոտ:

Կուզեմ միշտ մնա այնպիսին ինչպիսին որ է` դրական, սկզբունքային, մարդասեր: Շատ կուզենամ, որ անչափ երջանիկ լինի, առողջ ու միշտ մեզ հետ լինի:

Մարիա Աբրահամյան