Հոգեբանները սոցիալական արդարության մասին

Stitched Psychology symbol in red on a black chairՍոցիալական արդարություն. հավասարություն մարդկանց, խմբերի միջև, հավասարություն նրանց իրավունքներում, գաղափարներում, վարքում, այսինքն` հավասարություն և սոլիդարություն մարդկային ցանկացած հարաբերություններում և դրսևորումներում: Սա է սոցիալական արդարությունը, որը հասկանում ենք բոլորս: Սոցիալական արդարության հարցը, սակայն, քննարկվում է նաև տարբեր գիտությունների տեսանկյունից, հոգեբանությունը այդ գիտությունների ցանկում բացառություն չէ: Հոգեբանները փորձել են պատասխանել այն հարցին՝ արդյոք սոցիալապես արդար և հավասար լինելու գաղափարը մարդու ներքին ցանկությունն է, թե արտաքինից սովորած մի բան: Մինչ հոգեբանների մոտեցումներին անդրադառնալը, եկեք պարզենք, թե մենք ինչպես ենք զգում սոցիալական արդարության գաղափարը:

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ: Ձեզ 1 մլն դրամ կտան միայն այն դեպքում, եթե դուք ձեր դիմաց գտնվող անձին առաջարկեք դրա մի մասը` 0-ից մինչև 1 մլն դրամ, և նա անպայման վերցնի այն, հակառակ դեպքում դուք չեք ստանա 1 մլն դրամ: Որքա՞ն գումար Դուք կառաջարկեիք Ձեր դիմացինին…

Հետաքրքիր է, որ ըստ ամերիկյան գիտնականների հետազոտության` մարդկանց մեծամասնությունն առաջարկում է գումարի ուղիղ կեսը (տվյալ դեպքում կես մլն. դրամ): Դա նյութական բարիքները` փողը, սոցիալապես արդարացի բաժանելու սկզբունքն է, որ կա մարդկանց մեծամասնության մոտ: Իսկ ինչու՞ է դա այդպես: Այս հարցին պատասխանելու համար սոցիալական հոգեբաններն առաջարկում են մի քանի մոտեցումներ: Մոտեցումներից մեկի համաձայն, որը հիմնականում բնորոշ է ամերիկյան գիտնականներին, սոցիալական հավասարության սկզբունքը տրվում է մարդուն իծնե: Ս. Աշը նշում է, որ մարդիկ ունեն «արդարության դրդապատճառ», որը դրսևորվում է մարդկանց վարքում. մարդիկ ձգտում են բաժանել նյութական, սոցիալական ու հոգևոր բարիքները հավասարապես կամ օգնում են այլ մարդկանց տարբեր իրավիճակներում, որ պահպանեն արդարությունը:

Մեկ այլ մոտեցման համաձայն, մարդիկ ընկալում են արդարության սկզբունքը` սովորելով այն իրենց շրջապատի մարդկանցից և միաջավայրից`յուրացնելով ու պահպանելով սոցիալական նորմերը:

Այս երկու մոտեցումներն էլ պնդում են, որ մարդուն բնորոշ է սոցիալական արդարության սկզբունքը, և դրա առաջացման պատճառները գտնվում են մարդուց դուրս. կամ մեր բնածին սկզբունքն է պատասխանատու արդարության համար, կամ էլ հասարակությունը, որը մեզ «սովորեցնում է» արդարության սկզբունքները: Սակայն ու՞ր է այստեղ մարդը, ով ընդունակ է հասկանալ, վերլուծել ու ինքը որոշել, թե որն է արդարացի, որը՝ ոչ:

Կան հոգեբաններ, ովքեր հենց այս տեսանկյունից են նայում սոցիալական արդարությանը: Սոցիալական հոգեբան Լ. Կոլբերգն ասում է, որ սոցիալական արդարության պահպանումը բարոյականության խորհրդանիշ է, քանի որ մարդիկ ունեն վստահության ու արդարության արժեքներ: Օրինակ, լիբերալ հոգեբանները գտնում են, որ մարդը պահպանում է սոցիալական արդարությունը` ելնելով իր անձնային շահերից, քանի որ սոցիալական արդարությունը մարդուն հնարավորություն է տալիս հասնել իր անձնական նպատակներին: Գիտնականների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ սոցիալական արդարությունը գոյություն ունի միայն մարդու և խմբի միջև: Ի.Լինդը և Թ.Թեյլորը գտնում են, որ մարդկանց խումբը շատ ավելի արժեքավոր է, քան անհատը: Այդ պատճառով մարդիկ ունեն աֆիլյացիայի պահանջմունք, այսինքն` կարիք ունեն պատկանել որոշակի խմբի և դրա համար զոհում են իրենց անձնային շահերը՝ հանուն խմբի բարօրության:

Իսկ մեկ այլ սոցիալական հոգեբան Մ.Վենզելը նշում է, որ տարբեր տեսակի ռեսուրսների բաշխումը որոշվում է մարդու ինքնադասակարգումով:Նշանակում է, որ մադիկ պահպանում են սոցիալական արդարությունը` հաշվի առնելով շրջապատի մադրկանց սոցիալական պատկանելությունը:

Մենք բոլորս ինչ-որ խմբի անդամ ենք` ուսանող, որևիցե փոքրամասնության ներկայացուցիչ,ընտանիքի անդամ և այլն, ու կախված տարբեր խմբերի ներկայացուցիչների նկատմամբ մեր դիրքորոշումներից` մենք պահպանում կամ չենք պահմանում սոցիալական հավասարությունը ու արդարությունը:

Սոցիալական հոգեբան Ե. Ա. Լինդը, համակցելով բոլոր մոտեցումները, առաջ է քաշում իր տեսությունը:

Ցանկացած իրավիճակում, երբ կարիք կա դատելու, թե որնե է արդարացի, իսկ որը ոչ, սկսում ենք իրավիճակը գնահատել որոշակի չափանիշներով: Չափանիշների մի մասը՝ մեր վերաբերմունքը, հավատալիքները, արժեքները և զգացողություններն են, իսկ մյուսը՝ կոնկրետ իրավիճակի կոնտեքստն է, այսինքն՝ ում կամ ինչն ենք մենք դատում: Ելնելով այս ամենից` մենք կոնկրետ իրավիճակում գնահատում ենք` արդյո՞ք վարվենք արդարացի, թե ոչ: Սա բացատրում է և այն, թե ինչու են տարբեր մշակույթներում գործում տարբեր սոցիալական արդարության չափանիշները, և այն թե ինչու տարբեր մարդիկ ունեն արդարության տարբեր չափանիշներ, և թե ինչու նույն մարդը տարբեր իրավիճակներում տարբեր կերպ է դրսևորում իր արդարությունը: Եթե հետ վերադառնանք մեր փորձին, ապա մեր 1 մլն. դրամը դիմացինին առաջարկելիս՝ հաշվի կառնենք մեր բոլոր վերոնշյալ չափանիշները ,դրանից հետո միայն, կամ կառաջարկենք գումարի կեսը, կամ ամբողջը, կամ միգուցե ընդհանրապես ոչինչ ենք առաջարկի: Հետևաբար, ինչպես նշում են տարբեր հոգեբաններ, սոցիալական արդարության սկզբունքը և մեր մեջ է, և կապված է այն իրադրությունից, որտեղ որ մենք գտնվում ենք տվյալ պահին:

Մենք ենք որոշում մեր վարվելաձևը տարբեր իրավիճակներում և մենք ենք պատասխանատու սոցիալական արդարության պահպանման համար:

Լիլիթ Ավետիսյան