Բազմազանություն

Խորհրդային մի ամբողջ դարաշրջան է անցել: Դարաշրջան, երբ գովերգվում էր միանմանությունը, ուր բավականին համասեռ, միատարր մշակույթ էր կերտվում բոլոր եղբայրական հանրապետությունների համար: Նույն ձևով էր կերտվում նաև քաղաքականությունը, ինչը բնականաբար ազդում էր հասարակական ոլորտի վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո` պայթյուն. պետությունն ընտրեց դեպի ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն տանող ճանապարհը (որոշները դեռևս Գորբաչովն էր հասցրել ներմուծել): Անհատականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անձնական կյանք ունենալու իրավունքի պաշտպանությանը, խոսքի ազատությանը և ազատ ինքնաարտահայտմանը մեծ նշանակություն տրվեց մեր երկրում` որպես նոր արժեքներ: Իհարկե, ինչպես ասում են` Հռոմը մի օրում չի կառուցվել, նմանապես Հայաստանում դեռևս չի կառուցվել ու հաստատվել ժողովրդավարությունն ու օրենքի գերիշխումը, և անելու դեռևս շատ բան կա: Ցավոք, դրական տեղաշարժերն ու փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում. դա մի երկար ճանապարհ է, որը պետք է կառուցել ու անցնել: Այս պարագայում քաղաքացիական հասարակությունն ինքը պետք է ջանք ու ներուժ ներդնի երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:

Նպատակ ունենալով հասնելու բազմազանության, փոխհարգանքի և մշակութային զգայունության` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց «Բազմազանություն» ծրագիրը` առաջադրելով հանդուրժողականության, հարգանքի և բանականության գաղափարները:

Մեր օրերում, ցավոք, գրանցվում է նեոնացիստական և ծայրահեղ ազգայնամոլական շարժումների աճ: Առավել ցավալի է, որ հաճախ ազգայնամոլությունը հենց դա քարոզողների կողմից ընկալվում և ներկայացվում  է որպես ազգայնականություն, ավելին` որպես հայրենասիրություն: Գենդերի հիման մարդու իրավունքների ոտնահարումները, օտարավախությունը[1], նույնասեռավախությունը[2], նեոնացիզմը, տգիտությունն ու անգրագիտությունը միայն կծաղկեն, եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն: Մարգինալացված և խտրականության ենթարկված խմբերը կենթարկվեն պատվազրկման ու կմնան խարանված այնպես, ինչպես որ այսօր է, եթե այս խնդիրներին չանրադառնալ, լռել դրանց մասին կամ պարզապես անտեսել դրանց գոյությունը:

Այս ծրագրի շրջանակներում խիստ կարևոր է պայքարել կարծրատիպերի, անհանդուրժողականության, օտարավախության, նույնասեռավախության, գենդերային հիմքով խտրականության դեմ, այդ թվում` ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրասնգենդեր) նկատմամբ խտրականության դեմ, ինչպես նաև ընդհանուր առմամբ ցանկացած տեսակի խտրականության դեմ` հիմնվածտարիքի, սեռի, գենդերի, սեռական կողմնորոշման վրա:

Այս ծրագրի շրջանակներում գործողություններն ու միջոցառումները պետք է տանեն դեպի մարդու իրավունքների առաջքաշմանն ու ավելի համընդգրկուն ընկալմանը և՛ որպես տեսություն, և՛ որպես գործնական երևույթ` կիրառելի առօրյա կյանքում, իրականության մեջ տարբեր իրադրություններում, ինչպես նաև չարաշահումների, խախտումների և դրանք զեկուցելու և այլ նպատակների համար:

Այս ծրագիրը նպատակ է հետապնդում առաջ բերել դրական փոփոխություններ, սնել և տարածել հավասարության, քաղաքացիական հասարակության գաղափարները, ինչպես նաև պայքարել բացասական տաբուների, կարծրատիպերի դեմ և հասարակության խտրական մոտեցումների չեզոքացման ուղղությամբ:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

_________________________
[1] Օտարավախությունը (քսենոֆոբիա) օտար մշակույթների նկատմամբ վախն ու հակակրանքն է:
[2] Նույնասեռավախություն (հոմոֆոբիա) հասկացությունը բնութագրում է որպես բացասական և խտրականական վերաբերմունք լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, քվիր խմբերի նկատմամաբ, ինչպես նաև հաճախ տրանսգենդեր և ինտերսեքսուալ մարդկանց նկատմամբ: