Խոհանոցի առաքինի տիրակալները. հայացք դեպի անցյալ

ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածն ամրագրում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Ցանկացած խտրականություն կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից,  լեզվից, կրոնից կամ հավատքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության այս հոդվածը ևս գեղեցիկ շարադրված բառերի ամբողջություն է, որը մնաց գրված և ստորագրված միայն թղթի վրա, քանի որ չմշակվեցին համապատասխան մեխանիզմներ այս ամենն իրականություն դարձնելու համար:

Գենդերային հիմքով խտրականության տարբեր դրսևորումների մենք ականատես ենք լինում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և տարբեր մակարդակներում: Ավելին, գենդերային անհավասարությունը, կնոջ դերի և գործունեության սահմանափակումը հայ հասարակության մեջ չեն դիտարկվում որպես խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Մինչև իսկ այսօր խոսվում է այն մասին, որ գենդերային հավասարության համար պայքարն «անբնական» է, իսկ գենդերային հավասարության գաղափարը դիտարկվում է որպես օտար կամ եվրոպական արժեք, որը ներմուծվել է հայ հասարակություն բավականին անբնական ձևով` որոշակի պայմանագրերի ճնշման արդյունքում:

Ի հակասություն վերոնշյալ պնդումների` հին հայկական օրենսգրքերն ու սահմանադրությունները անդրադարձել են կանանց իրավունքներին և գենդերային հիմնահարցերին: Օրինակ, Վաչագան թագավորի «Սահմանադրությունը» (5-րդ դար մ.թ.), Մխիթար Գոշի 12-րդ դարի «Դատաստանագիրքը» նկարագրում են ընտանիքում տղամարդկանց ու կանանց դերը և փաստում են կնոջ` կրթություն ստանալու կարևորությունը. «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»: Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» ներառում է դրույթներ ընտանեկան բռնության մասին, կանոններ բռնի ամուսնությունների դեմ, քաջալերում է սեփականության հավասար բաժանումը և քրեական տուգանքների հարկադրումը կանանց դեմ բռնություն գործադրողների նկատմամբ:

Շահապիվանի օրենսգիրքը (մ.թ. 443թ.) կնոջը տալիս է իրավունք ընտանեկան սեփականության նկատմամբ, եթե ամուսինը լքել է նրան առանց հիմքերի: Այն նաև սահմանում է, որ կինն այդ տուն նոր ամուսին բերելու իրավունք ունի:

Եվ վերջապես, Դավիթ Ալավկաորդու Կանոնները, ամուսնությունը վավերական համարելու համար պահանջում են հարսնացուի և փեսացուի փոխադարձ հոժարակամ համաձայնությունը: Այն ասում է, որ «ամուսնությունը վավերական չէ, եթե հիմնված է բռնության վրա»:

Շահամիր Շահամիրյանը` 18-րդ դարի գրող, փիլիսոփա, առաջին հայկական Սահմանադրության հեղինակը, նշում է, որ «ցանկացած մարդկային արարած, լինի նա հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ, լինի տղամարդ թե կին, ծնված լինի Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս, պետք է ապրի հավասարության մեջ և հավասար լինի իր ծավալած գործունեության մեջ: Ոչ ոք իրավունք չունի հպատակեցնելու այլ մարդկանց, իսկ աշխատողները պետք է վճարվեն այնպես, ինչպես վճարվում են սովորաբար ծավալած գործունեության համար»:

Զապել Ասատուր

19-րդ դարի վերջում կային հայ կանայք, որոնք առաջինը տղամարդկանց հետ հիմնադրեցին կազմակերպություններ և միացան քաղաքական կուսակցություններին: Նրանցից շատերը հնարավորություն էին ունեցել կրթություն ստանալու Եվրոպայում և ֆրանսիացի փիլիսոփաների գաղափարների ազդեցության ներքո էին: Այնուհետ երկու մեծապես հայտնի կին գրողներ Սրբուհի Տյուսաբը (Վահանյան) և Զապել Ասատուրը կազմեցին «Կանանց իրավունքների դեկլարացիայի» նախագիծը: Դեկլարացիայի դրույթները հետևյալն էին.

  • հավասար իրավունքներ տղամարդկանց և կանանց համար,
  • մասնագիտության ընտրության և շահավետ զբաղվածություն իրականացնելու իրավունք,
  • երկակի բարոյախոսության ստանդարտների վերացում, որոնցից ամուսնական կյանքում օգտվում են տղամարդիկ,
  • բարձրագույն կրթություն ստանալու իրավունք` որպես երեխայի դաստիարակության բարելավման միջոց,
  • համայնքի գործունեության մեջ կանանց հավասար մասնակցության իրավունք,
  • օժիտի սովորույթի վերացում,
  • էթնիկական արժեքների և ավանդույթների նկատմամբ հարգանք և ժամանակակից լիբերալ կրթության ընդունում, որը բարձրացնում և ամրապնդում է ազգային ինքնությունը և զարգացնում է քաղաքացիական գիտակցությունը,
  • ազգի պահպանման և նրա մշակույթի փոխանցման մեջ կնոջ դերի ընդունում:

Դիանա Աբգար

Հայաստանի առաջին Հանրապետությունը (1918-1920) առաջին պետություններից էր աշխարհում, որ կանանց տվել էր ընտրելու և հանրային կառույցներում ընտրվելու իրավունք: ՀՀ առաջին Ազգային Ժողովում պատգամավորների 8%-ը եղել են կանայք: 1920 թվականին Ճապոնիայում Հայաստանի դեսպանը եղել է Դիանա Աբգարը` արևելքում առաջին կին դեսպանը (աշխարհի առաջին կին դեսպանը Ռոսիկա Շվիմերն էր Շվեյցարիայում): Չնայած այն հանգամանքին, որ շատերը կարծում են, թե Ալեքսանդրա Կոլոնտայն էր առաջին կին դեսպանը (1930 թ.), ով Շվեդիայում ներկայացնում էր ԽՍՀՄ-ը:

Խորհրդային ժամանակաշրջանում կանանց տրվել է անվճար հանրակրթություն և երաշխավորվել է նաև բժշկական խնամք: Այնուամենայնիվ, նշվում է, որ աբորտների օրինականացումը հիմնականում ուղղված էր սովետական հասարակությունում կա-նանց դերի փոփոխությանը կանանց աշխատանքային գործընթացի մեջ ներառելու համար:

Դիտարկելով մեր երկրի գենդերային հավասարության պատմությունը` գալիս ենք այն եզրակացության, որ գենդերային հավասարության հայեցակարգը արմատավորված է հայոց պատմության մեջ դեռևս հին դարերից: Ընդ որում, ինչպես հին, այնպես էլ նորագույն ժամանակներում ընդունված օրենքներն ու օրինագծերը ներառում են այնպիսի դրույթներ, որոնք խոսում են կանանց և տղամարդկանց միջև հավասարության, այդ թվում` իրավական հավասարության մասին, որն իր անմիջական ազդեցությունն է ունեցել տարբեր քաղաքական համակարգերի վրա: Պետական հնագույն օրինագծերը վկայում են, որ նույնիսկ հնագույն ժամանակներում, երբ չկային Եվրոպական Միություն, Եվրոխորհուրդ, ՄԱԿ և այլ կառույցներ ու միջազգային պարտավորցենող պայմանագրեր, կանայք համարվել են մեր հասարակության հավասար անդամներ: Ընդ որում հավասարությունը ներառված է եղել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժառանգություն և սեփականություն ունենալու, ինչպես նաև այլ իրավունքները:

Մեկ այլ կարևոր բան, որ պետք է հաշվի առնել այն է, որ ամեն մի փոփոխություն կամ երևույթ պետք չէ հավանության արժանանա և ներկայի համար ընդունվի միայն մեր անցած պատմության հիման վրա. բջջային հեռախոսները, մեքենաները, համացանցը, համակարգիչները, iPod-ներն ու շատ այլ բաներ ո´չ ազգային են, ո´չ էլ ավանդական, այնուամենայնիվ մենք դրանք մեծ հաճույքով ենք օգտագործում: Նույնիսկ եթե հավասարության օրակարգը ներկա չլիներ մեր անցյալում, դա չէր լինի հիմնավոր կամ բանական պատճառ այն մերժելու համար: Կյանքը փոփոխություն է: Եվ եթե չես փոփոխվում և միայն ավանդույթներին ես հարում, ապա կանգուն լեզվի պես ես (օրինակ լատիներենի կամ հին հունարենի կամ գրաբարի). այն մեռած է, որովհետև չի օգտագործվում ժողովրդի կողմից և չի կարող բավարարել ժողովրդի աճող պահանջները:

Նվարդ Մարգարյան
Սևակ Կիրակոսյան

Աղբյուրներ` Social Watch, ISAR