«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հայկական ընտանիքներում առկա բռնության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են ծեծը, ահաբեկումը, խոշտանգումը, ճնշումը, նվաստացումը եղել են բոլոր ժամանակներում: Սակայն ընտանեկան բռնության երևույթը հիմնախնդիր է ոչ միայն հայ հասարակության մեջ, այլ բնորոշ է աշխարհի գրեթե բոլոր երկրներին:  Այլ հարց է, թե ինչպես են դրսևորվում այդ բռնությունները, և ինչպես է հասարակությունը պայքարում դրանց դեմ: Ընտանեկան բռնության հիմնախնդրի շուրջ պետական հոգածության ու իրավական համապատասխան ակտերի բացակայությունը ոչ միայն խոչընդոտում է երևույթի կանխարգելմանը, այլ նաև նպաստավոր դաշտ ստեղծում նման դեպքերի օրեցօր ավելացման համար:

Ներկայումս ՀՀ-ում չկա ընտանեկան բռնության վերաբերյալ որևէ օրենք, որը կնպաստի խնդրի կանխարգելմանը և լուծմանը: Չկան վերապատրաստված մասնագետներ, ոստիկանության աշխատակիցներ կամ դատավորներ, ովքեր պետք է համապատասխանաբար արձագանքեն ընտանեկան բռնության դեպքերին: Հաճախ նրանք կարծում են, որ կանայք իրենք են հրահրում բռնությունը: Միևնույն ժամանակ չկան համապատասխան իրավական մեխանիզմներ ընտանեկան բռնության ենթարկվածներին պաշտպանելու և մեղավորներին պատժելու համար: Դատարան դիմող կանանց մեծ մասը երբեմն ստիպված է լինում երկար սպասել մինչ իրենց հայցի քննարկումը: Շատ դատավորներ լավ իրազեկված չեն ընտանեկան բռնության երևույթի վերաբերյալ և հաճախ չեն տարբերում այն բռնության այլ տեսակներից:

Այդ իսկ պատճառով, «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2007 թվականից նախաձեռնել է  «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի մշակումը: Օրենքի նախագիծը վերանայվել և վերամշակվել է միջազգային և տեղական փորձագետների կողմից, իսկ արդեն 2009 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հետագա շրջանառության համար: Օրենքի նախագիծը 2010 թվականի նոյեմբերի 12-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկաման համար:

Օրենքի նախագծով կարգավորվում են ընտանեկան բռնությունների հետ կապված հարաբերությունները, սահմանվում են ընտանեկան բռնության հասկացությունը, նրա տեսակները, կողմերը, ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինների շրջանակը և այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունները կանխարգելելու հատուկ միջոցների իրականացման համար նախատեսված համապատասխան միջոցները և դրանց ընդունումը:

Օրենքի նախագծով ՀՀ ոստիկանությանը վերապահվում է ընտանեկան բռնության նախանշանների բացահայտման և դրանց կանխարգելման լիազորություններ, որով կապահովվի ընտանեկան բռնության հետևանքով տուժած անձի անհետաձգելի և արդյունավետ պաշտպանությունը: Այս նախագիծը նպաստելու է տուժողների համար մատչելի սոցիալական օգնության կանոնակարգված համակարգի ստեղծմանը, որը կղեկավարվի պետական լիազոր մարմնի կողմից: Այսինքն` նախագիծն առավել առաջնային տեղ է տալիս բռնության կանխարգելմանը, քան պատժի կիրառմանը: Օրենքը կնպաստի նաև ընտանեկան բռնության առնչությամբ հարուցվող քրեական գործերի քանակի նվազեցմանը:

Այժմ միջգերատեսչական հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է հանդիպում քննարկումներ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը շուտով պետք է ընդգրկվի ԱԺ օրակարգում: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախարարության, ոստիկանության, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Վերջին քննարկումը տեղի ունեցավ ս.թ. փետրվարի 17-ին, որը օրենքի կիրառման մեխանիզմների վերաբերյալ էր:

Արդեն 2010 թվականին ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել բռնության` հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար: Համաձայան ՀՀ վարչապետի 2010թ-ի մարտի 30-ի N 213-Ա որոշման` Հայաստանում ստեղծվել է գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի ստեղծման նպատակն էր գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակումը: Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը դարձավ քաղաքական կամքի դրսևորման քայլ, ինչը ցույց տվեց ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնությանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը:

Օրենքի նախագիծը համապատասխան փոփոխություններով և լրացումներով կներկայացվի ՀՀ կառավարություն` հավանության արժանանալու և այնուհետև արդեն ԱԺ:

Ի դեպ, նշենք, որ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը պետք է համապատասխանեցվի Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված և ՀՀ-ի կողմից դեռ չվավերացված կոնվենցիային, որը վերաբերվում է Կանանց նկատմամբ բռնությանն և ընտանեկան բռնության մասին միջազգային ակտին:

Կանանց իրավունքների կենտրոնի անմիջական մասնակցությամբ մշակված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ԱԺ կողմից ընդունվելուց հետո արդյունավետ ազդեցություն կունենա ընտանեկան բռնությունների կանխման և դրանց անցանկալի հետևանքների վերացման համար, ինչպես նաև հիմնական մեխանիզմի առկայությունը հնարավորություն կտա ամուսիններին դիմելու ոչ թե ամուսնալուծության, այլ ավելի արդյունավետ միջոցների, որոնք նախատեսվում են նշված օրենքով:

Տարածաշրջանում Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ընդունել են  ընտանեկան բռնությանը վերաբերող համապատասխան օրենք: Մեր երկրում նախագիծն արդեն քննարկման փուլում է, և հույս ունենք, որ այս տարի արդեն կմտնի ԱԺ և կընդունվի:

Նվարդ Մարգարյան