Առասպելները, որ մարդիկ պատմում են ընտանիքի և սեռականության մասին

Ուղևորվելով ԱՄՆ-ից Հայաստան` որպես հետազոտող

Կարմիր խնձորԱՄՆ-ից եկա Հայաստան, որպես մարդաբան ուսումնասիրելու սեռականության և ազգայնականության կապը: Հատկապես տեղյակ լինելով «ԴիԱյՈւայ»  փաբի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) և «Կանանց ռեսուրսային կենտրոն»(ԿՌԿ) ՀԿ-ների Բազմազանության շքերթի  վրա հարձակումների մասին` նախապատրաստվել  էի լսելու շատ պատմություններ այն մասին, թե ինչպես են «նույնասեռականները կործանում Հայաստանը և հայկական ընտանիքը»:

Այնուամենայնիվ, ինչպես միշտ, ես պարզեցի, որ այն, թե ինչպես են մարդիկ քննարկում ընտանիքը և  ընդհանուր առմամբ ներկայացնում ԼԳԲՏ մարդկանց, ընդհանրապես այն չէ, ինչ ես էի ակնկալում:

Մենք հայկական լրատվամիջոցներից շատ պատմություններ ենք լսել երկրի եվրոպական գաղափարների` ինչպես  սեռական ազատության և նույնասեռականության պատճառով «այլասեռվելու» մասին: Ըստ իս` շատ հետաքրքիր է, որ նոր գաղափարների կողմից հայկական մշակույթը կործանելու մասին պատմությունները այդքան հեշտությամբ են ներխուժել լրատվամիջոցներ` թոք շոուներ, թերթեր, համացանց և այլն: Սա ճիշտ հակառակն է այն ամենի, ինչ ես գտա Երևանում իմ հետազոտությունների ժամանակ: Ուղղակի պարզաբանեմ` ես չեմ ասում, որ ԼԳԲՏ մարդկանց Հայաստանում շատ լավ են վերաբերվում, կամ որ ԼԳԲՏ լինելը շատ հեշտ է այստեղ: Այնուամենայնիվ, միտքը, որ նույնասեռականություն երևույթը  գալիս է Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից  Հայաստան կամ, որ այն կործանում է հայկական մշակույթը,  այն մարդկանց համոզմունքները չեն, ում շրջանում ես անց եմ կացրել ուսումնասիրությունները:

Փաստացի, այն մարդկանցից շատերը, ում հետ անց եմ կացրել մասնակցի դիտարկում  և հարցազրույց եմ վերցրել, իսկապես քննարկում են ընտանիքը ու դրա կործանումը, բայց կործանումը սովորաբար վերագրվում է կառավարության կաշառակերությանը, օլիգարխիային, գործազրկությանը և հայերի դժվարություններին Հայաստանումառօրյա կյանքում: Այսպիսով այն միտքը, որ հայկական ընտանիքները կործանվում են սեռականության մասին եվրոպական գաղափարներից մի առասպել է, որ պատմվում է ազգայնականների և վերցվում լրատվամիջոցների կողմից:

Մեկ այլ առասպել է այն, որ առաջին հերթին կործանվում է անբիծ հայկական ընտանիքը: Հայկական ընտանիքները շատ զանազան են: Որոշները ունեն որդիներ և դուստրեր, որոշները միայն որդիներ, որոշները միայն դուստրեր: Որոշներն ընդհանրապես երեխաներ չունեն: Որոշ մարդիկ ամուսնացած չեն: Որոշ մարդիկ ամուսնալուծված են: Եվ շատ մարդկանց ընտանիքներ ապրում են այլ երկրներում: Կան ընտանիքներ, որտեղ կինը և ամուսինը աշխատում են, կան ընտանիքներ, որտեղ միայն կինն է աշխատում, կան ընտանիքներ, որտեղ միայն ամուսինն է աշխատում:Կան նաև այնպիսի ընտանիքներ, որտեղ ոչ ոք չի աշխատում: Կան ընտանիքներ, որ բաղկացած են քույրերից, ընտանիքներ, որ բաղկացած են եղբայրներից, ընտանիքներ, որ բաղկացած են կյանքը միմյանց հետ կիսող հարևաններից, և ընտանիքներ միևնույն սեռի ամուսիններից: Հայաստանում չկա ընտանիքի մեկ տեսակ, և ինչ էլ այստեղ լինի, հավանաբար, կփոխվի ժամանակի ընթացքում, ինչպես, որ այստեղ ապրողներն են փոխվել ժամանակի ընթացքում:

Որպես հետազոտող` ես քաջատեղյակ եմ, որ այն ինչ մարդիկ քեզ պատմում են բնորոշում է նաև այն, ինչը քեզ չեն պատմում: Սակայն սա չի նշանակում, որ մարդիկ տեղյակ չեն նույնասեռականություն երևույթից կամ ԼԳԲՏ անձանցից, կամ էլ չեն մտածում այս խնդիրների մասին: Հայաստանում, զրուցակցի հետ նույնասեռականությունը քննարկելիս ինձ ասացին, որ չնայած շատ մարդիկ տեղյակ են երևույթից և Հայաստանում դրա  առկայության մասին, նրանք դա բացահայտորեն չեն քննարկում: Տանը քննարկումների ժամանակ, օրինակ, իմ զրուցակիցը նշեց «սեռական փոքրամասնություններ» և նրա հայրը արձագանքեց,- «Ի՞նչ սեռական փոքրամասնություններ: Նրանք փոքրամասնություն չեն: Նրանք ամենուր են` Ազգային Ժողովում և նախարարություններում»: Թվում է` սա սեռական փորձառության համընդհանուր պատկերացումն է Հայաստանում: Նույնասեռականությունը, այսպիսով, մնում է նրա մեջ, ինչը մարդաբանները կոչում են ենթատեքստ, շուրջը պտտվող կամ ակնարկող տարբեր կանոններ և նշաններ կան, բայց երբեք չի նշվում հենց երևույթը: Եվ երբ նույնասեռականությունը ակնարկվում է, սովորաբար չի դիտարկվում որպես արտաքին ուժ, որ ներխուժում է Հայաստան: Ավելի ճիշտ այն հաճախ   ընդունվում է որպես մի բան, որ գոյություն ունի և բավական ժամանակ գոյություն է ունեցել:

Սեռականությունը ընդհանրապես բավականին հաճախ է քննարկվում: Այնուամենայնիվ, նախամուսնական սեքսը, կանանց տեղեկացվածությունը սեռական կյանքից կամ ցանկություն զգալը չեն դիտարկվում որպես Եվրոպայից եկող արժեքներ: Դրանք հիմնականում քննարկվում են որպես ժամանակների փոփոխություն ու «ժամանակակից» դառնալ: Եվ փոփոխությունը միշտ չէ նշանակում հայկական ընտանիքի կործանում: Մի կին ինձ ասաց, -«Մարդիկ ավելի բաց են դառնում և աղջիկները ավելի տեղյակ են սեռականությունից նախքան ամուսնանալը: Սա միշտ չէ, որ վատ է: Դա վատ է միայն, երբ սկեսրայրը և սկեսուրը վատ են վերաբերվում, որովհետև նա կույս չէ»: Այսպիսի հայտարարությունը բավականին տարածված էր իմ հարցազրույցներում: Կարմիր խնձորի ավանդույթը հաճախ դեռ կիրառվում է, բայց շատ դեպքերում (ոչ բոլոր) թվում է, թե այն առանձնացված է կուսության խնդրից: Իհարկե, կան մարդիկ, ովքեր ինձ ասացին, որ կնոջ համար ամոթալի է սեռական փորձ ունենալ ամուսնությունից առաջ: Ինչպես նաև շատ մարդիկ, թվում է, կարեկցում են այն աղջիկներին, ում մեղքով չի եղել դա: Ես չեմ պնդում, որ հայերի մեծ մասը լիովին ընդունում է սեռական ազատության որևէ ձև, բայց այստեղ, իմ կարծիքով, այն գաղափարը, որ սեռականությունը Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից է բերված, առասպել է:

Որպես մեկը, ով գալիս է այն ենթադրյալ տեղից, որտեղիցնույնասեռականությունը և սեռական ազատությունն է ներմուծվում, ես շատ խնդիրներ եմ տեսնում այս առասպելում: Հայաստանը շատ ավելի դինամիկ է, քան դրա լրատվամիջոցային պատկերն է թվում: Այդ դեպքում մենք պետք է հարցնենք` որն է ԶԼՄ-ների, կամ հնարավոր է, ԶԼՄ-ների սեփականատերերի ներդրումը  այնպիսի տպավորություն ստեղծելու, թե երկիրը մի օրինակ, սեքսից զուրկ հարթություն է, որ կարիք ունի արևմուտքից բերված սեռականության: Չնայած Հայաստանի լրատվամիջոցների հիմնական մեծամասնությունը ցանկանում է տեսնել հակադրություն «անբիծ ընտանիքի» և «սեռականության» միջև, որպես ուսումնասիրող ես գիտեմ, որ սա անհնար է: Վերարտադրություն և ազգակցությունը հիմնված են սեռականության վրա: Եվ սեռական փորձի փոփոխությունները պարտադիր չէ, որ կործանեն ընտանիքը:

Թամար Շիրինյան