Հետընթացն ակնհայտ է․ Էդգար Խաչատրյան

Մեր զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, օրեր առաջ տեղի ունեցած «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձավ ԼԳԲՏԻ+ մարդկանց շահերի և իրավունքների պաշտպանության հարցին՝ շեշտելով, որ ժողովրդավարական հասարակությունում բոլոր մարդիկ հավասար իրավունքներ պետք է ունենան:

– Այո՛, մեծ հաշվով՝ նման հարթակից առաջին անգամ է լսվում նման խոսույթ, և ինձ համար դա շատ կարևոր է: Դա ուղերձ էր պետությանը, որ ԼԳԲՏԻ+ մարդկանց շահերի և իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները ժողովրդավար հասարակությունում անընդհատ պետք է լինեն օրակարգում: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա անհեթեթություն է, երբ այս կամ այն խմբի շահերը կարելի է պաշտպանել, մյուս խմբինը՝ ոչ:

– Տարիներ շարունակ խոսվում է խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏԻ+ անձանց հավասար իրավունքների մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել վերջին տարիներին այդ հավասարությանը հասնելու ուղղությամբ: Քննարկվող հարցերի բովանդակությունը փոխվո՞ւմ է:

– Փորձեմ հնարավորինս օբյեկտիվ լինել այդ հարցում: Որպեսզի այդ խոսույթը փոխվի, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: Դա ենթադրում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացածություն, պետական կառույցների տեղեկացվածության, պրոֆեսիոնալիզմի բարձրացում, կրթության ոլորտում փոփոխություններ, օրենսդրական բարեփոխումներ, արժեքների փոփոխություն, որովհետև ժողովրդավարությունը որպես համակարգ հնարավոր է ժողովրդավարական արժեքներ կրող հասարակությունում: Այսինքն՝ պետք է հասարակությանը պատրաստել այդ արժեքներով ապրելուն: Այս ուղղությամբ, ցավոք սրտի, ինստիտուցիոնալ առումով դեռ փոփոխություններ չեմ տեսել:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում է հայտնել, որ ինչ-որ կառավարություն պետք է մի օր առերեսվի ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրների հետ և հստակ որոշումներ կայացնի նրանց խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ հենց այս կառավարությունը չդարձավ հստակ որոշումներ կայացնողը:

– Օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք, որ այս կառավարությունը ոչ միայն այս ոլորտում իր հնչեցրած խոստումները չի կատարել, այլ նաև մյուս ոլորտներում: Ես տեսնում եմ, որ ոչ մի ոլորտի բարեփոխում մինչև վերջ չի հասցվել կամ անգամ դրա սկիզբը չի դրվել, ուստի կդժվարանամ պատասխանել՝ հստակ որոշումներ չկայացնելը համայնքի խնդիրներին չառերեսվելու հանգամանքո՞վ է պայմանավորված, թե՞ առհասարակ ցանկացած ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու անկարողությամբ:

– Եթե համեմատենք նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրների վերաբերյալ, ի՞ նչ եզրահանգումների կարող ենք գալ:

– Այս հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հետևյալն է. այս իշխանությունները, թեև դեկլարատիվ, պարբերաբար խոսում են Հայաստանի ժողովրդավարացման մասին: Նախորդ իշխանությունների՝ ժողովրդավարության ուղերձները, խոշոր հաշվով, այդքան ուղիղ չէին․ ելույթների ժամանակ պարզապես խոսում էին ժողովրդավարության մասին։ Իսկ այս իշխանությունը ժողովրդավարությունը հռչակել է իբրև իր առաջնահերթություն, այսինքն՝ որպես պետական կուրս է հայտարարված ժողովրդավարացումը, ուստի սա ենթադրում է, որ համայնքի բոլոր խնդիրներն այս օրակարգի մաս պիտի կազմեն։ Չ՛են կարող և չպե՛տք է այս նոր իշխանություններն այդ խնդիրների հետ չառերեսվել: Թե պրակտիկ մակարդակում ինչպես են այդ գործողություններն իրականացվում՝ այլ խնդիր է:

– Պարո՛ն Խաչատրյան, կարծեք թե համայնքն էլ համեմատաբար լուռ է: Տպավորություն է, որ նրանց խնդիրներն առհասարաակ հետին պլան են մղված և որ տարածք չկա այդ խնդիրների մասին հրապարակավ խոսելու։

– Այո՛, դուք ճիշտ եք: Ես կդժվարանամ պատասխանել հարցին, թե համայնքն ինչու է ավելի լուռ: Հիշում եմ, որ նախորդ իշխանությունների ժամանակ հաճախակի այս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հասարակության տարբեր շերտերի կողմից բռնությունն էին լինում: Հիմա այդպիսի դեպքերի մասին կարծես թե չի բարձրաձայնվում կամբավարար չի բարձրաձայնվում։

– Մինչդեռ 4 տարի առաջ համայնքի ներսում քննարկումը հասել էր ԼԳԲՏԻ+ մարդկանց ամուսնության իրավունքի բարձրաձայնման անհրաժեշտության հարցին․․․ Ստացվում է՝ հետընթա՞ց ունենք:

– Իսկ հետընթացն ակնհայտ չէ՞։ Պատերազմից հետո, կարծում եմ, այդ հետընթացն ակնհայտ է:

– Համայնքի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի հասարակության խնդիրների ծանր բեռի ներքո ավելի է բարդացել խոցելի խմբերի խնդիրների մասին խոսելը:

– Սա, իրոք, լուրջ, համակարգային խնդիր է… Պատերազմի հետևանքով հասարակության տրավմաները, ժողովրդավարական արժեքների նկատմամբ վստահության կորուստը․․․ Բայց ես, ամեն դեպքում, գտնում եմ, որ խնդիրների մասին պետք է բարձրաձայնել: Չի՛ կարելի ասել, որ այս ֆոնի վրա պակաս կարևոր են համայնքի խնդիրները, որովհետև դրանք շատ կոնկրետ մարդկանց ամենօրյա իրավունքների ու ազատությունների խնդիրներ են: Եթե համայնքի ձայնը բավարար չի լսվում, դա դեռ չի նշանակում, որ սեռական պատկանելության հողի վրա բռնություններ, օրինակ, չկան: Այնպես չէ, որ խնդիրները լուծված են և դրանով է պայմանավորված լռությունը:

– Իսկ գուցե լրագրողների, հասարակական կազմակերպությունների առաջնահերթություննե՞րն են փոխվել, որ նրանք նախկին ակտիվությամբ չեն անդրադառնում համայնքի խնդիրներին:

– Եթե անգամ դա այդպես է, դա էլ է խնդիր: Ես հասկանում եմ, որ պատերազմը շատ լուրջ ազդեցություն է ունեցել քաղաքացիական հասարակության անելիքների, ռազմավարությունների ու մարտավարությունների վրա, բայց եթե անգամ մեր ուշադրության կենտրոնում չեն ձեր կողմից մատնանշված խնդիրները, դա էլ է արդեն լուրջ խնդիր: Հասարակական կազմակերպություններն, իհարկե, բավականին փոքր ռեսուրսներ ունեն ու չեն կարողանում բոլոր խնդիրների շուրջ գործունեություն ծավալել: Այո՛, պատերազմից հետո ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնց լուծմանն են կազմակերպություներն ուղղել իրենց ռեսուրսները, ու, իհարկե, հնարավոր է, որ նրանց ուշադրությունից վրիպում են այդ խնդիրները, բայց ԼԳԲՏԻ+ համայնքի դերակատարությունն էլ է այստեղ կարևոր․ որ հարցերը օրակարգում մնան, որ այդ խնդիրները չկորեն կարևորագույն հարցերի շարքում և պակաս նկատելի չդառնան:

– Եթե դուք լինեիք որոշում կայացնողներից մեկը, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ՝ մեր ողջ քննարկման համատեքստում:

– Շատ բարդ հարց է. այս իրավիճակում, երբ հասարակության որոշ շերտերի մոտ շատ սրված են ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված հարցերը, շատ բարդ է խոսել այն գաղափարներից, որոնք պահպանողական հասարակության կողմից ընդունվող չեն: Ցանկացած բան, որ չի տեղավորվում պրոռուսական, պրոպահպանողական խոսույթների մեջ, արժանանում է լուրջ քննադատության և հարձակումների, և շատ դեպքերում իշխանությունները չեն կարողանում պաշտպանել և պաշտպանվել, երբ խոսում են այդ արժեքների մասին:

Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր