ԼԳԲՏԻ+ սոցիալական շարժումների ակունքները

ԼԳԲՏԻ+ հապավումը, որը լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս և այլ գենդերային ինքնություններ նկարագրող հասկացություն է, գործածության մեջ է դրվել ոչ վաղ անցյալում: Հայտնի չէ, թե մարդիկ հեռու անցյալում ինչպես էին նկարագրում, օրինակ, իրենց սեռական ինքնությունը: Հապավումն այսօր նաև ունի պարզապես «քուիր» (queer) գործածությունը, որը մինչև 19-րդ դար հասցեագրվում էր ժամանակի սոցիալական նորմերին չհետևող անձանց և ուներ բացասական իմաստային բեռ, ինչի պատճառով ավելի հաճախ այլ անձանց որակելու ձև էր, և ոչ՝ ինքնաներկայացման միջոց: Ավելի ուշ հասկացությունն սկսեցին գործածել բինար նորմերին գենդերային կամ սեռական ինքնության անհամապատասխանության իմաստով:

1960 և 1970-ականներին գենդերային իրավունքների համար պայքարող սոցիալական շարժումները պայքար սկսեցին`մերժելու «քուիր» ու նաև «հոմոսեքսուալ» բնութագրումները՝ փոխարենը հանդես գալով ««Գեյ»-ը լավ է» (“Gay Is Good.”) կոչով: Սակայն 1980-ականների վերջերին «քուիրը» չեզոք կամ դրական իմաստ ձեռք բերեց: Այսօր այն ներառում է սեռականության և գենդերի ողջ համապարփակությունն ու փոփոխականությունը`բնորոշելով ինքնության բոլոր տիպերն ու փորձառությունները:

ԼԳԲՏԻ+ անձանց իրավունքների պաշտպանությանը և հասարակության կողմից ընդունելի լինելուն ուղղված սոցիալական շարժումներն Արևմուտքում առաջացան` ի պատասխան դարեր շարունակ եկեղեցու, պետական ու առողջապահական իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների: Նույնասեռական հարաբերություններն ու սահմանված գենդերային դերերից ցանկացած շեղում արգելվում էր ու հաճախ պատժվում ավանդական սովորույթների միջոցով: Տարածված էին հատկապես խանդավառ հանրային դատավարությունները, աքսորը և բժշկական հարկադիր միջամտություններն ու նախազգուշացումները:

Հալածանքների այսօրինակ դրսևորումները դարեր շարունակ ամրապնդել են հոմոֆոբիան: 18-19-րդ դարերի գիտական ու քաղաքական հեղափոխություններից առաջ գրեթե չկային կազմակերպություններ, որոնք կպաշտպանեին ԼԳԲՏԻ+ անձանց: Հանրային լրատվամիջոցների աստիճանական աճն ու մարդու իրավունքների գաղափարի տարածումը համախմբեցին տարբեր ոլորտների ակտիվիստների, որոնք ոգեշնչվում էին միմյանց հաջողություններով, արգելված գրքերով, սեռականությանը վերաբերող հետազոտություններով ու հետզհետե զարգացող ժողովրդավարությամբ:

19-րդ դարի վերջին կանանց ազատագրման ալիքի և բազմազանության նոր ընկալման մթնոլորտում գեյերի և լեսբիների իրավունքների պաշտպանության շարժումներն արդեն կազմավորման փուլում էին:

ԱՄՆ-ում գեյերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջին կազմակերպությունը 1924 թվականին գերմանացի ներգաղթյալ Հենրի Գերբերի կողմից Չիկագոյում հիմնադրած «Մարդու իրավունքների միավորումն» էր: Առաջին համաշխարհային պատերազմում իր ծառայության ընթացքում Գերբերը ոգեշնչվել էր Գերմանիայում գործող «Նույնասեռական ազատագրում» շարժմամբ, որոնց օգնությամբ էլ ստեղծել էր իր կազմակերպությունը:

Գերբերի հիմնած փոքրիկ այդ կազմակերպությունը «Բարեկամություն և ազատություն» անունը կրող տեղեկագրի մի քանի համարներ էր հասցրել հրապարակել: Դա ԱՄՆ-ի առաջին «գեյ հետաքրքրությունների» տեղեկագիրն էր: Ոստիկանական հետապնդումների հետևանքով, սակայն, կազմակերպությունը 1925-ին ցրվեց։ Միայն 90 տարի անց ԱՄՆ կառավարությունը Չիկագոյում գտնվող Գերբերի տունը պատմազգային ուղենիշ հռչակեց: