Գեյ հիմներ․ սիրված ու ճանաչված երգեր

ԼԳԲՏԻ+ շարժումն, ինչպես ցանկացած սոցիալ-քաղաքական շարժում, ունի իր ուրույն սիմվոլները՝ դրոշ, տարբերանշաններ, կարգախոսներ, և անգամ հիմներ։

Գեյ հիմները ճանաչելի ու հայտնի երգեր են, որոնք լայնորեն տարածում են գտել ԼԳԲՏԻ+ համայնքում ու սիրված են համայնքի ներկայացուցիչներից շատերի կողմից։ Հատկանշական է, որ գեյ հիմն համարվող երգերի բովանդակությունն անպայման չէ, որ ուղիղ առնչվի գենդերային ինքնության թեմային։ Երգը կարող է լինել առհասարակ սիրո, զգացմունքների, սոցիալական կամ քաղաքական խնդիրների մասին։ Անպայման չէ նաև, որ երգի հեղինակը կամ կատարողը լինեն համայնքի ներկայացուցիչներ։ Որոշ երգեր, այնուամենայնիվ, գեյ հիմն են դարձել այն բանի շնորհիվ, որ դրանց հեղինակը կամ կատարողը համայնքի ներակայցուցիչ կամ աջակից է եղել։

2007-ին իրականացված մի հետազոտության տվյալներով՝ ամենահաճախն իբրև գեյ հիմն մատնանշվում է դիսկո ոճի ամերիկացի երգիչ Գլորիա Գեյնորի “I will survive” երգը։ Գեյնորը ամուսնացած է եղել իր մենեջերի՝ Լինվուդ Սայմոնի հետ և համայնքի ներկայացուցիչ չի եղել։ Երգն ի սկզբանե համարվել է կանանց էմանսիպացիայի՝ ազատագրման պայքարի խորհրդանիշ։ Երգը կնոջ մասին է, ում լքել է սիրելի տղամարդը․ կինն ասում է, որ այլևս չի հանդուրժելու նախկին սիրելիին, գլուխ կհանի իրավիճակից և կշարունակի ապրել ու վայելել կյանքը։ Երգն արագորեն սիրված է դարձել թե՛ կանանց և թե՛ ԼԳԲՏԻ+ շարժումների մասնակիցների կողմից և մինչ օրս ամենաճանաչելի գեյ հիմնն է։

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ուրույն գեյ հիմները՝ համապատասխան տվյալ շրջանի գերիշխող ոճերին։ Գեյ հիմների ցանկն ընդգրկում է այնպիսի հանրահռչակ կատարողների երգեր, ինչպիսիք են՝ ABBA-ն, Queen-ը, Ջուդի Գառլենդը, Դայանա Ռոսը, Մադոննան, Շերը, Ուիթնի Հյուսթոնը, Քրիստինա Ագիլերան, Քայլի Մինոգը, Ալիսյա Քեյսը։

Հետխորհրդային ժամանակաշրջանում ԱՊՀ պետություններում գերիշխում էր ռուսական էստրադան, և հասարակարգերի փոփոխության, ազատականացման ու ժողովրդավարացման ալիքի վրա գտնվող հասարակություններում ռուսական էստրադային բազմաթիվ երգեր նույնպես դարձան գեյ հիմներ։ Ռուսական գեյ հիմների ցանկն ընդգրկում է այնպիսի հանրահայտ կատարողների երգեր, ինչպիսիք են՝ Ալլա Պուգաչովան, Վալերի Լեոնտևը, Բորիս Մոիսեևը , Զեմֆիրան, Լոլիտան, Տատուն:

«Տեղեկացված հանրություն» ամսագիր