Օր, որ նշվում է աշխարհով մեկ

Նախորդ ամիս աշխարհի բազմաթիվ երկրներում նշվեց Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (IDAHOT): Այժմ հաճախ կարելի է հանդիպել անգլերեն նորացված հապավումը՝ IDAHOBIT, որում ավելացված են բիֆոբիան և ինտերսեքսը։

Այն ամեն տարի նշվում է մայիսի 17-ին։ Օրը պատահական չէ ընտրված․ 1990 թվականին այս օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների միջազգային դասակարգումից դուրս է բերվել նույնասեռականությունը։ Մինչ այդ տասնյակ տարիներ նույնասեռականությունը գտնվում էր վերոնշյալ դասակարգման մեջ։

Հատկանշական է, որ տոնը սկզբում կոչվել է Հոմոֆոբիայի դեմ պայքարի օր, և միայն 2009-ին են տրանսֆոբիան, իսկ 2015-ին՝ բիֆոբիան ավելացվել անվան մեջ։

Ամեն տարի 100-ից ավել պետություններում այդ օրը իրականացվում են տեղական և միջազգային, հրապարակային և դահլիճային միջոցառումներ՝ քայլերթեր, հավաքներ, համերգներ, գիտաժողովներ, արշավներ և այլն, որոնք ուղղված են բարձրաձայնելու ԼԳԲՏԻ+ մարդկանց իրավունքների խնդիրները, խրախուսելու ջատագովությունն ու ներգրավվածությունը այդ մարդկանց իրավունքների պաշտպանության գործում։

Տոնը հիմնադրվել է այսպես․ 2003-ին կանադական Քվեբեկում մի կազմակերպություն հունիսին հայտարարում ու նշում է Հոմոֆոբիայի դեմ ժողովրդական օր։ Հաջորդ տարի՝ 2004-ին, ֆրանսիացի դասախոս և ակտիվիստ Լուի Ժորժ Թենն առաջարկում է տոնը նշել մայիսի 17-ին և այն դարձնել միջազգային։ Նա բաց նամակ է հղում ՄԱԿ-ին և բոլոր պետությունների կառավարություններին ու խորհրդարաններին` առաջարկելով ընդունել այդ տոնն ու պաշտպանել ԼԳԲՏԻ+ մարդկանց իրավունքները։ Տոնը տարբեր ժամանակներում ողջունել են Նոբելյան մրցանակակիրներ, պետությունների ղեկավարներ, արվեստի, գրականության հանրահայտ գործիչներ։

Հայաստանում նույնպես ԼԳԲՏԻ+ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, խմբերն ու անհատները արդեն քանի տարի է՝ տարբեր կերպ նշում են մայիսի 17-ը։ Այս տարի նույնպես բացառություն չէր: Այսպես, օրինակ, Pink Armenia իրավապաշտպան կազմակերպությունն այս տարի հայտնել է, որ «Փինքը սկսած 2010-ից միջոցառումներ է կազմակերպել IDAHOBIT-ի շրջանակներում։ Սկսեցինք Ծիածան ֆլեշմոբով, որի ժամանակ Երևանի կենտրոնում և այլ մասերում ԼԳԲՏ դրոշի գույներով փուչիկներ էին բաց թողնվում երկինք՝ ի սոլիդարություն ԼԳԲՏ անձանց։ IDAHOBIT-ը նշելիս Փինքի համար առանցքային կարևորություն ուներ և շարունակում է ունենալ թե ՛ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, թե ՛ ռազմավարական դատավարություններին պատշաճ ընթացք տալը, թե ՛ ԼԳԲՏ համայնքի համար բազմապիսի միջոցառումներ կազմակերպելը։ Երբ տարիների ընթացքում միջոցառումներն ավելի բազմազան դարձան, Փինքը սկսեց IDAHOBIT-ը նշել մեկ շաբաթ՝ մեկ օրվա փոխարեն։ Մենք շարունակում ենք տարբեր միջոցառումներ կազմակերպել և խթանել Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս տարի Փինքը պատրաստել է մի տեսահոլովակ, որում ներկայացվում է Հայաստանում IDAHOBIT-ի պատմությունը՝ սկսած 2010-ից մինչ օրս։ Հոլովակում ներկայացված են կադրեր այն միջոցառումներից, որոնք ամեն տարի IDAHOBIT-ի շրջանակներում կազմակերպվում են Փինքի կողմից»։

«Նոր Սերունդ» Մարդասիրական կազմակերպությունը հայտնել է, որ այս տարի մայիսի 17-ին անցկացրել է «Համայնքի հետ, հանուն համայնքի․ առաջընթացներ և մարտահրավերներ» խորագրով հանդիպում-քննարկում, որի ընթացքում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են դիվանագիտական և պետական մարմինների, տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին և ներկայացրել իրենց հուզող խնդիրները, քննարկել հնարավոր լուծումները։ Միջոցառմանը ներկա Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Շվեդիայի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի դիվանագիտական ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հնարավորինս օգնելու, որպեսզի Հայաստանում խարանը և խտրականությունը դուրս մղվեն հասարակությունից: Նրանք նաև անդրադարձել են այն հնարավորություններին և ծրագրերին, որոնք իրենց կառույցները իրականացնում են կամ նախատեսում են ԼԳԲՏԻ անձանց համար։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել էր նաև ֆոտոուղերձների արշավ, որի շրջանակներում Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպաններ, դիվանագիտական մարմինների այլ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ աջակիցներ ուղերձներ էին հղել՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված։

Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր