Ինչ-որ առումով ես փորձարկում եմ: Հայաստանում ապրել եմ և´ որպես կին, և´ որպես տղամարդ` Հայաստանի հասրակությանը արտացոլելով և´ կանացիություն, և´ առնականություն: Այդպես ես ինձ վրա զգացի ճնշված լինելու և տղամարդու արտոնությունների ծանրության զգացողությունը: Հայաստանում գենդերային ինքնության մասին խոսակցությունները ոչ գեղարվեստական գործ են, ոչ փիլիսոփայական տրակտատ. մենք գիտենք, որ հայ կանանց վրա չգրված օրենքներից դուրս ապրելու մեծ ճնշում կա: Մենք գիտենք, որ ընտանեկան բռնությունը գարշելի իրողություն է, մենք գիտենք, որ այս ամենը փոխելու համար ձևեր գոյություն ունեն: Բայց մեզնից շատերը մեր պատմությունները կարող են պատմել միայն մեկ տեսանկյունից` կամ ճնշվածի կամ ճնշվածների աջակիցների: Իմ պատմությունն այս դեպքը չէ: Այս պատմությունը կնոջ տեսանկյունից չէ գրված: Այս պատմությունը տղամարդու տեսանկյունից չէ գրված: Այս պատմությունը գրել է մի մարդ, որը, կենսաբանական հանգամանքներից ելնելով ու իր էությամբ ապրելու հաստատակամությամբ` Հայաստանը «տղամարդու» և «կնոջ» մաշկից դուրս է զգացել:
2011թ. ամառն է: Մի քանի պաղ Կոտայքն օգնում է փոքր-ինչ մոռանալ երևանյան տապը: Հետո որոշում ենք գիշերով քայլել դեպի տուն: Մեր կողքին մեքենա է կանգնում: Ես չեմ խոսում հայերեն, քույրս խոսում է: Ես չեմ հասկանում քույրս ինչ է ասում, բայց արհամարհական ու բարկացած խոսելաձևից հասկանում եմ եղելությունը, ու կարևորը, ես հասկանում եմ, թե ինչու է այս մարդը կանգնել. մենք կին ենք: Մենք երեկոյան ժամը 8-ից հետո դեռ դուրսն ենք: Մենք չունենք արական սեռի ուղեկցորդ:
Հայաստանի հասարակությունում, որը դեռևս բավական նահապետական է, շատ փոքր դաշտ կա կանանց իրավունքների և նրանց ապահովության մասին խոսելու համար: Իսկ եթե խոսակցություն է բացվում, ապա շատերը միանգամից ծաղրուծանակի են վերածում զրույցը, փոխանակ լսեն, սովորեն ու իրենց աջակցությունը ցույց տան: Շատերը չեն կարողանում հասկանալ, որ կանանց իրավունքները կապված է ազգային աճի հետ. սահմանափակիր բնակչության կեսի հնարավորությունները ու ինքնըստինքյան կսահմանափակվի ազգը:
Քրոջս հետ այդ գիշեր քայլելուց երեք տարի անց որոշեցի թողնել աշխատանքս ու Նյու Յորքի փոքրիկ բնակարանս, որպեսզի Հայաստանում կամավորության անցնեմ «Դեպի Հայք» կազմակերպությունում ու այս անգամ սեփական փորձով հասկանամ երկիրը: Երեք թռիչք, երկու օր, և մեկ հյուրանոցում մնալուց հետո ես Զվարթնոց օդանավակայանի անձնագրային պատուհանի մոտ կանգնած նայում եմ սահմանային հսկիչին, որի սևեռուն հայացքն իմ անձնագրի լուսանկարից մոլեգին ցատկում է երեսիս: «Դուք Թամա՞րն եք»,- ներողամիտ տոնով հարցնում է նա: Իր այդ հարցով նա նկատի ուներ` «ինձ համար դժվար է հավատալ, որ այս լուսանկարի Թամարի կյանքն այս օդանավակայանում գտնվող Թամարին է այժմ պատկանում, ու որ նրանք նույն մարդն են»: Ես նրան չեմ մեղադրում իր կասկածամտության համար: Երբեմն ես էլ` նայում եմ իմ հին նկարներին ու դժվարանում եմ ճանաչել իմ այն ժամանակվա կանացի կերպարը: Նա մի քիչ էլ այդպես սևեռված մնաց, հավանաբար, որպեսզի ուսումնասիրի իմ դիմագծերը յոթ տարի առաջ արված նկարում, երևի այդպիսով նա ուզում էր ասել, որ ես մի ամբողջ ազգի եմ խայտառակել: Հետո դանդաղ, զգուշորեն, առանց աչքը կտրելու կնքեց էջը: «Բարի գալուստ հայրենիք»,- ասում են Զվարթնոցի պատերը:
Ես գիտեի, որ այս անգամ ամեն ինչ այլ է լինելու: Քրոջս հետ տեղի ունեցածից հետո ես մեծանում էի` իմ մեջ հասունացնելով առնականությունը: Նյու Յորքն ինձ քվիր (մարդիկ, որոնք չեն համապատասխանում ավանդական սեռային ինքնություններին, խմբ.) կամ տրանսգենդեր կամ առնական չէր դարձրել, այլ տվել էր ինձ միջավայր, որտեղ ես ինձ ապահով էի զգում իմ գենդերային ինքնությունն ու սեռականությունը բացահայտելու համար:
Գենդերքվիրի (սեռային ինքնություն, որը տարբերվում է կնոջից և տղամարդուց, խմբ.) իմ տեսքի պատճառով Հայաստանում մի շարք անհարմար իրավիճակների էի բախվում` շփոթմունք լոգարանում, ավտոբուսում մարդիկ իրար հարցնում էին, թե ինչ սեռի եմ` կարծելով, թե չեմ հասկանում ինչ են խոսում, մետրոյում սևեռուն հայացքներ, ինչից սկսեցի խորհել` հայի գենը հատկություն ունի, որը թույլ է տալիս վեց րոպե ինտերվալներով չթարթել աչքը: Ասել, թե արական ներկայացվող, բայց իգական մարմնով անձիս համար Երևանում հեշտ էր ու հարմարավետ, սուտ կլինի: Հեշտ չէր, բայց անվտանգ էր: Թերևս Հայաստանում այդպիսին լինելն ավելի անվտանգ է, քան հետերոսեքսուալ սիսգենդեր (մարդիկ, որոնց կեսնաբանական սեռը համապատասխանում է սոցիալական սեռին (գենդերին), խմբ.) կին լինելը:
Գիշերներն ինձ հետապնդում էին փողոցում, երբ ինձ որպես «կին» էին ընկալում: Տանտիրոջիցս հատակը մաքրելու փայտ էի խնդրել, ինչի փոխարեն նա բերեց իր որդուն` ինձ հետ ամուսնացնելու, քանզի ո՞ր հիմարիկը տնային խնդիրներ կունենար, եթե ամուսնացած լիներ տղամարդու հետ:
Երբ մարդիկ ինձ «արական» սեռի էին ընկալում, պատմությունը փոխվում էր: Ես գնացել էի Հյուսիսային պողոտա` ընկերուհուս հետ մեր ազատությունը գիշերն ըմբոշխնելու, Կոտայք ու դուդու խմելու: Նա նստարանին ինձ էր սպասում` շրջապատված երեք դեռահաս տղաներով, որոնք փորձում էին կապել նրան: Երբ մոտենում էի, որ գրկեմ նրան, տղաները տեսան ինձ ու միանգամից դադարեցրին անհանգստացնել ընկերուհուս: Մինչ այդ նա խնդրել էր նրանց հեռանալ, բայց չէին գնում: Պարզապես իմ ֆիզիկական ներկայությունն էր հարկավոր այնտեղ, որպեսզի այդ տղաները հեռանային: Նրանք ավելի շատ հարգեցին իմ անորոշ ներկայությունը, քան հեռանալու ուղիղ խնդրանքը:
Հայաստանում առնական ներկայանալը պարզ դարձրեց, որ հասարակությունը քեզ հետ հիմնականում այնպես է վարվում, ինչպես ընկալում է: Ինչպիսի ինքնություն էլ ունենաս, հասարակությունը հայելու պես է գործելու. նա մակերեսին ինչ տեսնում է, հետ է արձակում դեպի քեզ: Եթե հասարակության առաջին հայացքում քո «արականությունն» է երևում, ապա նա քեզ հետ կվարվի, այնպես ինչպես ընդունված է տղամարդկանց հետ վարվել: Նույնը «կանացիություն»-ը տեսնելու դեպքում, ու կապ չունի, թե դու գենդերային ինչ ինքնություն կամ կենսաբանական սեռ ունես:
Այլ խոսքերով, եթե «կանացիությունն» է այն հատկանիշը, որը մարդկանց դրդում է փողոցում կնոջը հետապնդելուն կամ, առհասարակ, խտրականության, ապա կնատյացությունը միայն կանանց վրա չի անդրադառնում: Այն ազդում է բոլորի վրա, ովքեր «բավարար արական» չեն: Այսպիսով, կնատյացությունը կարելի է անհանդուրժողականության հիմքը համարել այն մարդկանց նկատմամբ, որոնք նորմա համարվող սեռերից և սեռականությունից տարբերվող են: ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր) մարդկանց ընդունել- չընդունելու հարցը սկսվում է հասարակության մեջ տարածված կնատյացությունից:
Հարկ է նշել, որ միայն Հայաստանում չէ, որ սեռերը բաժանված են միայն «արական»-ի և «իգական»-ի: Այդ բաժանումը համատարած է ամբողջ աշխարհում, որի հետևանքով այդ սահմանագծից դուրս կամ արանքում ընկածները ճնշումների են ենթարկվում: 2011թ. ԱՄՆ-ում իրականացված հետազոտության համաձայն, ատելության հիմքով սպանություն իրագործածների 45% դեմ էին տրանսգենդեր կանանց: Կնատյացության խնդիրը միայն Հայաստանին չէ բնորոշ: Ես նկատել եմ, որ կանայք ավելի ճնշված են այն հասարակություններում, որտեղ ավելի ամուր են միայն երկու սեռ լինելու կարևորությունը:
Այնուամենայնիվ, ես հույս տեսնում եմ Հայաստանում: Գենդերային ինքնության հիմքով բռնությունների դեմ պայքարը Երևանում ավելի ակտիվ է, քան իմ ծննդվայարում` հիմնականում պահպանողական Նյու Ջերսիում: Հայաստանում ԼԳԲՏՔ մարդիկ կան, որոնք, անկախ ընտանիքի և հասարակության անհանդուրժողականությունից, ապրում են իրենց ինքնությամբ: Հայաստանում ԼԳԲՏՔ մարդիկ կան, որոնք կրթում են այլոց: Հայաստանում ԼԳԲՏՔ մարդիկ կան, որոնք թաքցնում են իրենց ինքնությունը, որովհետև այդպես են ուզում կամ վախենում են բացասական հետևանքներից: Քվիր մարդիկ, քվիր հայերը գոյություն ունեն ու ավելի ակտիվները փորձում են ճանապարհ հարթել ավելի բաց, ավելի անկեղծ ու ավելի բազմազան Հայաստանի համար:
Զավեշտալի է, որ մի երկիր, որն այդքան ողբերգությունների միջով է անցել, որտեղ մարդիկ, իրենց կյանքի փորձից ելնելով, գիտեն, թե ինչ է նշանակում ինքնության հիմքով թիրախավորված լինելը, չեն կարողանում նշմարել էթնիկ զտման և կանանց ու ԼԳԲՏՔ մարդկանց ձայները վերացնելու միջև կապը:
Թեև չեմ կարող ասել, թե ինչ է նշանակում հայաստանցի քվիր, որովհետև ես միշտ ունեմ ավելի հանդուրժող միջավայրում ապրելու հնարավորությունը, բայց որպես սփյուռքահայ, ԼԳԲՏՔ համայնքի այն մարդկանց, որոնք առաջին կամ երկրորդ կամ երրորդ անգամ ցանկանում են Հայաստան այցելել, կարող եմ ասել` ես գիտեմ, որ ձեր ինքնությունն արտահայտելով` չեք կարող ձեզ հանգիստ զգալ մի հասարակությունում, որը քեզ ասում է` ձեր ով լինելը սխալ է և ամոթալի, բայց ես ուզում եմ ձեզ քաջալերել` եթե հնարավոր է, առավելագույնս լինեք այնպիսին ինչպիսին կաք, Հայաստանում ներկայանաք ձեր մարմնում առկա բոլոր ինքնություններով: Հայաստանը մի վայր է, որը կզարմացնի ձեզ, մարտահրավեր կնետի, կոգեշնչի, կկերակրի գիտելիքով ու խորովածով, և ես հավաստիացնում եմ, եթե նույնիսկ հսկիչ-անձնագրային պատուհանի մոտ կանգնած այդ ամենն անմիջապես չզգաք, միևնույն է, Հայաստանը մի վայր է, որին դուք պատկանում եք:
Թամար Բուդաղյանց
Թարգմանեց` Հովհաննես Իշխանյանը