Հայ կանանց պատմություն

Anahit HarutyunyanԵրևելի տիկնանց դարը

Պատմությունը վկայում է, որ հասարակական ակտիվ գործունեություն ծավալելը երբեք էլ օտար չի եղել հայ կանանց համար: Տարբեր դարաշրջաններում կանանց մասնակցությունը հասարակական կյանքին տարբեր ձևերով է արտահայտվել: Հայ կանայք, միանշանակ, իրենց հետքն են թողել հայոց պատմության ընթացքի վրա, և, չնայած այն պնդմանը, որ հայ ազգը կնամեծար է, այսօր մենք չգիտենք մեր իսկ պատմության երևելի կանանց:

Մի՞թե այդ կանայք արժանի չեն հիշատակվելու, մի՞թե այդ կանայք բավականաչափ ազդեցիկ չեն եղել, ինչու՞ մենք չենք ճանաչում նրանց:

Դարեր շարունակ մեր մտավորականներից շատերն են անդրադարձել կանանց հարցին, հետևել կանանց քաղաքական և հասարակական գործունեությանը: Այսօր պատկերն այլ է. մեր մտավորականների շրջանում քչերն են անդրադառնում կանանց գործունեությանը, բայց, այնուամենայնիվ, կան դեռ այնպիսիք, ովքեր փորձում են վերակենդանացնել պատմության էջերում վաղուց մոռացված մեր կին մտավորականներին, քաղաքական և հասարակական գործիչներին, արվեստագետներին և այլ ազդեցիկ դեմքերին:

Անահիտ Հարությունյանը մեծ ներդրում ունի մեր նախամայրերի հետ մեզ ներկայացնելու գործում: Նա «Երևելի տիկնանց դարը» գրքի հեղինակն է, որտեղ լուսաբանում է 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի երևելի հայ կանանց հասարակական գործունեությունը:

Պատմական փաստերի հիման վրա պարզ է դառնում, որ հայ հասարկությունում կանայք և տղամարդիկ եղել են հավասար: Մեր պատմությունում կինը ստորադաս դիրք երբևէ չի ունեցել, և այն կարծրատիպացած պնդումը, թե տղամարդը պետք է իշխի կնոջը, և թե այս մոդելը դարերի պատմություն ունի, միանգամայն անհիմն է:

Այս գիրքը հին հայկական ավանդական ընտանիքի հստակ պատկեր է ստեղծում: Գրքում հստակ նկարագրված է կնոջ և տղամարդու դերաբաշխումը ոչ միայն ընտանիքում, այլ նաև քաղաքական և հասարակական ոլորտներում: Հարկ է նշել այն փաստը, որ Եվրոպայում կանայք մինչև 20-րդ դար պայքարել են ընտրական իրավունքի համար, մինչդեռ Հայաստանում առաջին հանրապետության ստեղծման ժամանակ (1918 թ.) նույնիսկ հարց չի ծագել` կանայք ունե՞ն ընտրելու իրավունք, թե՞ ոչ: Հայ կանայք և՛ ընտրել են, և՛ ընտրվել: Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար` Կատարինե Զալյան-Մանուկյան, Վարվառա Սահակյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան: Ամբողջ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հայկական մամուլում գերակա էր կանանց հարցը:

Հասարակական ոլորտում կանանց ներգրավվածությունը նույնպես մեծ էր: Ազգային-ազատագրական պայքարի ծրագիրը մշակելուն պես` առաջ եկավ լուսավորության խնդիրը, առանց որի հնարավոր չէր լինի համախմբել ազգը: Որոշվեց, որ կրթության հարցը լավագույնս կարող են լուծել կանայք, ուստի առաջին հերթին որոշում կայացվեց կրթել կանանց: Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջ տարածքում սկսեցին բացվել օրիորդաց դպրոցներ: Դա մի հզոր շարժում էր, որն արդարացրեց իրեն: Աղջիկները դպրոցն ավարտելուն պես կազմակերպություններ էին հիմնում, որոնց 90 տոկոսը զբաղվում էր կրթական հարցերով: Այդ կանայք կրթության պատմության մեջ խոր հետք են թողել:

«Երևելի տիկնանց դարը» գիրքը շատ կարծրատիպեր է կոտրում հայ կանանց և կին -տղամարդ հարաբերությունների մասին, որոնք մեր հասարակությունում գոյություն ունեն դարեր շարունակ: Այն թերթում է մեր պատմության փոշոտված էջերը. այս պատմությունը չենք կարող կարդալ ոչ մի դասագրքում, և ոչ ոք մեզ չի պատմի դրա մասին: Ցավոք, մենք չենք ճանաչում մեր կարկառուն կանանց և, քանի դեռ տեղեկացված չենք, առաջ շարժվելը շատ ավելի դանդաղ և դժվար կլինի: Ժամանակն է իմանալ և տարածել երևելի հայ կանանց պատմությունը:

Անեթ Շամիրիան