ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի համաճարակն այսօր վերաճել է գլոբալ ճգնաժամի և դարձել զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Մարդու իրավունքների պաշտպանության հարցը ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի (ներարկային թմրամիջոց օգտագործողներ, սեռական ծառայություններ տրամադրողներ, տղամարդիկ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց հետ) և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար առանցքային և ռազմավարական նշանակություն ունի: Վերոնշյալ խմբերին պատկանող մարդիկ հիմնականում դուրս են մնում համապատասխան հանրային առողջապահության ծրագրերից, չեն ստանում աջակցություն և համապատասխան ծառայություններ:
Ավելին, ՀՀ-ում մարգինալացված այս խմբերը ենթարկվում են խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման իրենց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Չնայած մեր հասարակությունում կան որոշակի կազմակերպություններ և ինստիտուտներ, որոնք փորձում են զբաղվել տվյալ մարգինալացված խմբերին պատկանող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, սակայն ոլորտում առկա է համակարգման բացակայություն, ինչպես նաև ծառայությունները հաճախ հասցեական և կոնկրետացված չեն, որոնք հնարավորություն կտային լուծել այս խմբերին պատկանող մարդկանց անհանգստացնող հիմնախնդիրները: Խարանն ու խտրականությունը, հասարակության անհանդուրժող վերաբերմունքը այս մարդկանց նկատմամբ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման հիմք է ստեղծում, այլ նաև խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի նրանք ներգրավվեն հանրային առողջության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, խնամքի և բուժման ծրագրերում և ծառայություններում:
ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի այս խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների ոտնահարումները հիմնականում երկու աղբյուրներ ունեն` առաջինը պայմանա-վորված է պետական օրենքների մեջ առկա բացերով և թերություններով, իսկ մյուսն էլ հասարակական նախապաշարմունքներն ու այսպես կոչված ավանդական վերաբերմունքն է ՄԻԱՎ-ի նկատամամբ խոցելի բնակչության հանդեպ: Այս հիմնախնդիրները, իրականում, մնում են չբարձրաձայնված փակ դռների հետևում և հանրային նշանակության չեն արժանանում:
Այսօր Հայաստանում ապրում են ավելի քան 2000 սեռական ծառայություններ տրամադրող անձիք, 5000 ներարկային թմրամիջոցներ օգտագործող անձիք, 13.000 տղամարդ, ովքեր սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ և 2500 ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ (1988թ. մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 165-ը` ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500): Նրանք իրենց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում պարբերաբար հանդիպում են խտրականության, ոչ արժանապատիվ վերաբերմունքի: Ավելին, նրանց իրավունքների ոտնահարումների դեպքերը, որոնք ուղեկցում են նրանց իրենց կյանքի բոլոր փուլերում, մնում են չլուծված, առանց մասնագիտական աջակցության, քանի որ մի կողմից համապատասխան ծառայությունների անմատչելիություն և բացակայություն կա մարգինալացված այս խմբերի իրավունքների պաշտպանության գործընթացում, մյուս կողմից էլ տեղեկատվության պակաս առ այն, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրները, ում դիմել անհրաժեշտ և որակյալ ծառայություններ ստանալու համար:
Անհանգստացած այս խնդիրներով, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ և հասցեական ծառայությունների տրամադրման մատչելիությամբ` «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունները 2011 թվականի հուլիս ամսից համատեղ սկսել են իրականացնել «Իրավական կլինիկա առավել վտանգի ենթարկված բնակչության համար» ծրագիրը:
Ծրագրի իրականացմամբ կազմակերպությունները նպատակ են հետապնդում համակարգված, նպատակաուղղված և կոմպետենտ իրավական ծառայությունների տրամադրման միջոցով ընդլայնել առավել վտանգի ենթարկված բնակչության ներգրավումը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում: Կազմակերպություններն այս ծրագրի իրականացմամբ նպատակ են հետապնդում նաև արդար, հասարակական եւ ռազմավարական դատավարության միջոցով ստեղծել հիմքեր քաղաքականության, օրենքների և առկա պրակտիկայի փոփոխման ջատագովության համար:
Մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, առողջապահության ոլորտում ևս: ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում նվազում է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիությունը, ապահովվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արժանավայել, առանց խտրականության կյանքը, նվազում է համաճարակի բացասական ազդեցությունն անհատի և հասարակության վրա: Մարդու իրավունքների պաշտպանությունը չափա-զանց կարևոր է ՄԻԱՎ վարակի համաճարակին արդյունավետ, իրավաբանորեն հիմնավորված հակազդեցություն ցույց տալու համար: Սա ենթադրում է մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացում` ըստ մարդու իրավունքների գործող միջազգային նորմերի:
«Իրավական կլինիկա առավել վտանգի ենթարկված բնակչության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպությունները ծրագրի շահառու հանդիսացող չորս հիմնական խմբերի պատկանող մարդկանց` ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց օգտագործողներ, սեռական ծառայություններ տրամադրողներ և տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ, տրամարդրում են ժամանակի և աշխարհագրական առումով հասանելի հետևյալ ծառայությունները`
- իրավաբանական խորհրդատվություն,
- դիմումների, հայցադիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
- այցելություն ոստիկանության բաժին, եթե շահառուին հանիրավի ձերբակալել են կամ բերման ենթարկել,
- շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական մարմիններում,
- ներկայացուցչություն դատարաններում քաղաքացիական և քրեական գործերով (որոշ դեպքերում),
- մարդու իրավունքների մասին տեղեկատվության տրամադրում:
Ծրագրի շրջանակներում ծրագրի թիրախ հանդիսացող 4 հիմնական խմբերի համար գործում են անվճար և շուրջօրյա թեժ գծեր` 099-522533 և 077-522533 հեռախոսահամարներով:
Ծրագիրն իր բնույթով պիլոտային է, ինչը նշանակում է, որ գործունեության հաջողությունները տվյալ բնագավառում, ծառայությունների մատուցման արդյունավետությունը այն կդարձնեն երկարատև: Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» կողմից:
Նվարդ Մարգարյան