Բարեհաճություն փնտրելով` ճնշող մշակույթում

27-ամյա Օհաննես Կալայջյանը ծնվել և մեծացել է Նյու Յորքում սիրիահայ գաղթականների ընտանիքում: Ավարտել է Նյու Յորքի պետական համալսարանի Քաղաքագիտության և փիլիսոփայության բաժինը, որտեղ հետազոտել է թմրանյութերի մասով վարվող քաղաքականության արդյունավետությունը: Առաջին անգամ Հայաստան է եկել 2001թ: Վերջին անգամ Հայաստան այցելել է Դեպի Հայք կամավորական ծրագրի միջոցով և համագործակցել Փինք Արմենիա կազմակերպության հետ` ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:  

Քարահունջ

Օհաննես Կալայջյանը` Քարահունջում

Ես ծնվել ու մեծացել եմ Նյու Յորքում` Սիրիայից ներգաղթած ամերիկահայ ընտանիքում: Մեծացել եմ` լսելով հորս համոզմունքները, որ մի օր վերադառնալու ենք հայրենիք: Անկեղծ ասած, երբ երեխա էի, այդ հեռանկարն ինձ  անմիտ ու անիրատեսական էր թվում:

Կասկածամտությանս համար բազմաթիվ պատճառներ կային, բայց ամենահամոզիչ հիմնավորումը երբեք չէի բարձրաձայնել: Ես նույնասեռական հայ եմ: Եթե սփյուռքի հայերին լսես, նրանց մեծ մասը հավանաբար կասի, որ այդ երկու բաները անհամատեղվելի են: Ես էլ էի այդպես կարծում: «Ինչպե՞ս»,- ինքս ինձ հարցնում էի, -«կարող եմ գնալ Հայաստան, երբ Նյու Յորքում ապրող իմ ընտանիքն է հազիվ ինձ ընդունում»:

Նյու Յորքը հայտնի է իր ազատականությամբ ու հիմնականում դա ճիշտ է, բայց երբ  ներգաղթյալների ընտանիքից ես, քեզ չի վերաբերում: Քո ընկերներն ու որոշ բարեկամներ գուցե քեզ աջակցեն, բայց սրտի խորքում միշտ զգում ես, որ այն մարդիկ, որոնք քեզ մեծացրել են, երբեք չեն ընդունի քեզ, և այդ զգացումը ցածրացնում է ինքնագնահատականդ:

մտածկոտ

«Ինչպե՞ս գամ Հայաստան, երբ Նյու Յորքում ապրող ընտանիքս է հազիվ ինձ ընդունում»

Այս տողերը գրելիս ավարտին է մոտենում չորրորդ` ամենաերկար այցս Հայաստան: Նախորդ անգամները կարճ ժամանակով էի եկել, ամենաերկարը` 3 շաբաթ: Առաջին երկու այցերիս ժամանակ ո´չ ծնողներիս մոտ,  ո´չ էլ որևէ բարեկամիս դիմաց ես դեռ չէի ազնվացել որպես գեյ, և նույնիսկ ընկերներս չգիտեին դրա մասին, ու ոչ մի  դեպքում չէի համարձակվի Հայաստանում ինչ-որ մեկին ասել, որ նույնասեռական եմ:

Բայց վերջին այցիս ժամանակ կախարդական բան եղավ: Այս անգամ եկել էի ոչ թե հանգստանալու, այլ` ապրելու և կամավորություն անելու: Ես ընտրեցի Փինք Արմենիան, որովհետև ուզում էի օգնել ու կապեր հաստատել Երևանի ԼԳԲՏՔԻ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ինտերսեքս և այլ սեռական ու սեռային փոքրամասնություններ) համայնքի հետ: Ես չգիտեի, ինչ ակնկալել Փինքում, բայց ես գտա, ինչի կարիք միշտ ունեի, սակայն երբեք չէի գիտակցել:

Փինքի պատերի ներսում բարեհաճության օազիս է փռված, ըմբռնման կղզի, ճնշումներից զերծ մնալու ապաստարան: Այդ պատերից դուրս դու չես ընդունում քո ինքնությունը, այլ ձևացնում ես, թե այնպիսին ես, ինչպիսին մարդիկ ակնկալում են որ լինես: Փինքում էր, որ առաջին անգամ այն մարդն էի, ով իրականում եմ` նույնասեռական հայ: Զավեշտական է, որ այդքան ճնշող մշակույթում ես ի վերջո գտա մի վայր, որտեղ կարող եմ ամբողջությամբ ընդունել իմ ինքնությունը: Փինքում ես կարող էի լինել գեյ, կարող էի լինել հայ, կարող էի լինել այնպիսին, ինչպիսին կամ:

Ամեն առավոտ ես արթնանում էի աշխատանքի գնալու մեծ ոգևորությամբ, որովհետև ես ժամանակս անցկացնում էի մարդկանց հետ, որոնք հասկանում էին ինձ, ընդունում ու սիրում: Օրվա ամենատխուր պահը` «բարեհաճության օազիսը» լքելու ժամն էր ու Երևանի փողոցներ վերադառնալը, որտեղ պետք է ինձ դրսևորեի մարդկանց ակնկալիքներին համապատասխան:

Այս և առաջին անգամվա այցերիս տարբերությունն այն էր, որ թեպետ հիմա էլ, երբ Փինքից գնում եմ կրկին ներփակված եմ մնում, սակայն Երևանի փողոցներում քայլելիս ինձ վրա կրում եմ Փինքի բարեհաճությունը: Ինձ ընդունելը ուժեղացնում է, ինքնավստահություն հաղորդում ու ներդաշնակ եմ ինձ զգում, երբ գիտեմ, որ ունեմ իմ համայնքն ու ինձ կարող եմ սիրել իմ ինքնությամբ հանդերձ:   

Խորոված

«Ծնողներս ինձ այնպես են մեծացրել, որ ինձ հայ զգամ»

Պարադոքսալ է, որ Հայաստանում ինձ ավելի ընդունված էի զգում, քան Նյու Յորքում, բայց մյուս կողմից, տրամաբանական պատճառներ կան: Ծնողներս ինձ այնպես են մեծացրել, որ առաջին հերթին ինձ հայ զգամ, մնացածը` երկրորդական է: Կարծում եմ, ինձ այդպես մեծացնելն է պատճառը, որ ես կարիք ունեի Հայաստանում գտնել այնպիսի վայր, որտեղ միաժամանակ կարող եմ լինել և´ հայ, և´ գեյ: Հայաստանի առջև քաղաքական և սոցիալական մի շարք խնդիրներ են ծառացած ու դրանցից շատերը հեշտ չի լինի հաղթահարել, բայց ես  ամեն գիշեր գլուխս բարձին հանգիստ կարող եմ դնել` իմանալով, որ ԼԳԲՏՔԻ+ հայերը Փինքի նման կազմակերպություն ունեն, որն ամեն օր պայքարում է նրանց համար:

Օհաննես Կալայջյան

Թարգմանեց` Հովհաննես Իշխանյանը