Դեպի փոփոխություն

pink5-gifts

Երբ ես կարդացի աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող սոցիալական շարժումների մասին, չէի կարող չհետաքրքրվել իմ հայրենիքում` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և դրանցից բխող մշակութային ու ազգային մակարդակով կատարվող առաջընթացի մասին: Ես չբավարավեցի ինտերնետային լրատվական աղբյուրներով, որոնք հագեցած էին սենսացիոնալիզմով: Հայկական համայնքի կողմից կազմակերպված դասախոսություններին, դասընթացներին, բողոքի ցույցերին և սոցիալական միջոցառումներին մասնակցությունը ժամանակավոր մեղմացրեց իմ կարոտը, բայց ես ցանկություն զգացի հայրենիքը փորձելու իմ իսկ աչքերով: Ես կանգնեցի երկընտրանքի առաջ և արդեն հոգնել էի իմ հայկական ինքնությունն Ամերիկայում պահպանելուց ու խթանելուց:

Այդպիսով, ես տեղափոխվեցի Հայաստան:

Հնարավոր չէ ժխտել Հայաստանում տեղի ունեցող մշակութային հեղափոխությունը, և ՓԻՆՔ-ը այն կազմակերպություններից մեկն է, որ խթանում է այդ շարժումը: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (ՓԻՆՔ), որը խթանում է ապահով սեռական հարաբերություններ, մարդու իրավունքներ և բազմազանություն, օգնեց ինձ հասկանալ, թե ինչպիսին ենք մենք որպես հասարակություն ի համեմատ այն պատկերի, թե ինչպիսին կարող ենք մենք լինել : Չնայած ընդդիմադիր կողմի զանգվածային քարոզչությանը` ուղղված նրանց ջանքերը խոչընդոտելուն և վնասելուն, ՓԻՆՔ-ը շարունակում է ուժեղացնել իր առաքելությունն ու բարձրացնել իրազեկվածության մակարդակը կրթության, դասընթացների, կոնֆերանսների, բանավեճերի, երիտասարդների ուսուցման, ֆիլմի դիտումների, ֆլեշ մոբերի, հրատարակումների, երթերի և ցույցերի միջոցով:

Եվ ՓԻՆՔ-ն ավելին է, քան հասարակական կազմակերպությունը`նվիրված արդարության համար պայքարին, հավասարությանն ու խաղաղությանը:

Նպատակասլաց և տոկուն ակտիվիստները, կրթողներն ու կամավորները կամովին իրենց դասել են շարքերում, որտեղ բախվում են ծաղրի, վտանգի և քննադատության, որպեսզի ժողովրդավարական սկզբունքներն աստիճանաբար հաստատվեն մի ազգում, որը նրանք ուզում են տեսնել ավելի բարգավաճ, չնայած հսկայական խոչընդոտներին (որոնք ներառում են ընդդիմադիր կողմի հետ բռնի բախումներ), որոնք շատ հաճախ պսակվում են հաջողությամբ: Կասկածի տակ դնելով որոշակի մշակութային ավանդույթներ և խթանելով անհատական ​​մտքի զարգացումը մի հասարակության մեջ, որը չի ցանկանում ընդունել «արևմտյան» գաղափարները` պահպանած հազարամյա մշակույթը կորցնելու վախի պատճառով. դա աշխատանք չէ, դա ճանապարհորդություն է:

Եթե դուք հետաքրքրված եք Հայաստանում ՄԻԱՎ վարակի ցուցանիշների մասին և ցանկանում եք իմանալ, թե ինչպես պաշտպանվել ՄԻԱՎ-ից` մասնակցեք ՓԻՆՔ-ի կազմակերպած դասընթացներին: Եթե ձեզ պետք են բրոշյուրներ, որպեսզի կարողանաք առողջ սեռական հարաբերությունների մասին տեղեկատվություն տարածել` օգտվեք նրանց ինտերնետային կայքից: Եթե ցանկություն ունեք հայաստանի ԼԳԲՏ (գեյ, լեսբուհի, բիսեքսուալ, տրանսգենդեր) թեմատիկ միջոցառում կազմակերպել` ՓԻՆՔ-ը կհամագործակցի: Եթե դուք անարդարության զոհ եք դարձել և ցանկանում եք հայց ներկայացնել` զանգահարեք նրանց գրասենյակ: Եթե գտնվում եք արտակարգ իրավիճակում և պաշտպանության ու աջակցության կարիք ունեք` զանգահարեք նրանց թեժ գծին: Եթե ձեր նկատմամբ կիրառվել է հոգեբանական կամ ֆիզիկական բռնություն և կարիք ունեք  առանց ձեր ինքնությունը բացահայտելու բարձրաձայնել ձեր խնդիրը ՝ թակե՛ք նրանց դուռը:

ՓԻՆՔ-ն այսօր նշում է իր 5-րդ տարեդարձը, և ես ցանկանում եմ կազմակերպությանը մաղթել շարունակական հաջողություններ ատելության և խտրականության դեմ պայքարելիս, անձանց քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհակալություն ՓԻ՛ՆՔ, մեր ազգի ժողովրդավարական ներուժը գնահատելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, և նրա  համար, որ թույլ տվեցիք ինձ լինել ձեր հիանալի թիմի մի մասը:

Լիլիան Ավեդյան