Հայ կանայք սեփական եկամտի արժևորման շուրջ. սոցիոլոգիական հետազոտություն երևանցիների շրջանում

Ընտանիքում կնոջ և տղամարդու միջև փոխհարաբերությունների առանցքային կողմերից են դրամային հարաբերությունները: Այդ հարաբերություններն են, որ տարիներ շարունակ հանդիսացել են կնոջ և տղամարդու միջև տարաձայնությունների,  կոնֆլիկտների և ամուսնալուծությունների գլխավոր պատճառներից մեկը: Նույնիսկ եվրոպական և ամերիկյան հասարակություններում, որտեղ կինը ավելի մեծ ազատությամբ է օժտված և ավելի վաղ է սկսել վաստակել սեփական գումարը, կնոջ եկամուտը տղամարդու եկամուտին հավասար չի դիտարկվել անգամ այն պարագայում, երբ նրանք զբաղեցնում էին նույն պաշտոնն ու կատարում էին միևնույն աշխատանքային պարտավորությունները: Մինչև 20-րդ դարի կեսերը ամերիկյան հասարակությունում կնոջ վաստակած գումարը անվանում էին «քորոցային դրամ», քանի որ այն օգտագործվում էր  քորոցներ  և նման երկրորդային նշանակություն ունեցող իրեր գնելու նպատակով:

Հայաստանյան հասարակությունում ևս, որտեղ տղամարդն է հանդիսացել ընտանիքի եկամուտի հիմնական ապահովող, կնոջ եկամուտին երկրորդային նշանակություն է տրվել: Կանայք, հնարավորություն չունենալով աշխատել և ունենալ սեփական եկամուտ, կամ էլ վաստակելով փոքր գումար, ստիպված են եղել գումար խնդրել տղամարդկանցից:

Չնայած վերջին տարիներին մեզ մոտ մեծացել է աշխատող կանանց թիվը, ովքեր կարողանում են ապահովել ընտանեկան բյուջեի զգալի մասը, կնոջ և տղամարդու եկամուտների միջև առկա տարբերակումը պահպանվում է: Կնոջ աշխատավարձը, անկախ իր չափից և տնային տնտեսությունում ունեցած դերից, միևնույն է, իր նշանակությամբ ավելի ցածր է, քան տղամարդու վաստակած գումարը: Դրանք հիմնականում ծախսվում են տնային տնտեսությունը վարելու նպատակով, ինչպես նաև երկրոդային նշանակություն ունեցող նպատակների համար՝ այդպիսով դիտարկվելով որպես լրացուցիչ եկամուտ:

Թվում է՝ նման իրավիճակում առաջին հերթին մեղավոր են տղամարդիկ, ովքեր, շատ դեպքերում, չեն թողնում կանանց աշխատել: Սակայն այստեղ մեծ դեր են խաղում նաև կանանց դիրքորոշումները սեփական եկամուտի, և, ընդհանուր առմամբ, դրամի վերաբերյալ:

Ինչպես ցույց տվեց 2011 թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին երևանցիների շրջանում դրամի վերաբերյալ դիրքորոշումների բացահայտմանն ուղղված սոցիոլոգիական հետազոտությունը, երևանաբնակ կանայք և աղջիկներն իրականում ընտանիքում տղամարդու և կնոջ եկամուտների հարաբերակցության վերաբերյալ ոչ միանշանակ դիրքորոշումներ ունեն:

Ուսումնասիրության շրջանակներում կարևորվել էր նաև տնային տնտեսությունում դրամի օգտագործման հիմնական առանձնահատկությունների վերհանումը: Ամուսնու և կնոջ եկամուտների հարաբերակցության շուրջ հարցվողների մեծամասնությունը գտնում է, որ ամուսնու եկամուտը պետք է բարձր լինի կնոջ եկամտից. (տես` աղյուսակ 1)

Աղյուսակ 1. Կնոջ և ամուսնու եկամուտների հարաբերակցությունն ընտանիքում` ըստ երևանցիների.

1) Ամուսնու եկամուտը պետք է ավելի բարձր լինի կնոջ եկամտից: 2) Ամուսնու և կնոջ եկամուտները պետք է հավասար լինեն: 3) Կնոջ եկամուտը պետք է ավելի բարձր լինի ամուսնու եկամտից:

Հատկանշական է հարցվածների պատասխանների ուսումնասիրությունը` ըստ սեռային բաշխվածության. հարցված իգական սեռի ներկայացուցիչների կեսը գտնում է, որ ամուսնու եկամուտը պետք է բարձր լինի կնոջ եկամտից: Իսկ տղամարդկանց մի զգալի մաս` 57%, համարում է, որ ամուսնու և կնոջ եկամուտները պետք է հավասար լինեն: Կանանց միայն 5%-ն է համարում, որ կնոջ եկամուտը պետք է ավելի բարձր լինի տղամարդու եկամտից:

Կանանց շրջանում տղամարդու և կնոջ եկամուտների վերաբերյալ դիրքորոշումները տարբերվում են ըստ տարիքային խմբերի: Այսպես, 18-35 տարեկան երիտասարդ կանանց զգալի մասը՝ 73%, գտնում է, որ տղամարդու եկամուտը պետք է ավելի բարձր լինի կնոջ եկամտից: 36-60 տարեկան կանանց շրջանում նման կարծիք ունի հարցվողների 64%-ը:

Ընտանեկան բյուջեում եկամուտների բաշխումը տարբեր կերպ է ընկալվում նաև կախված կանանց ամուսնական կարգավիճակից. այսպես` չամուսնացած կանայք ավելի հակված են ընտանիքում տղամարդու և կնոջ եկամուտների հավասարության (67%), իսկ ամուսնացածները առավելապես գերադասում են, որպեսզի տղամարդու եկամուտը ավելի բարձր լինի կնոջ եկամտից:

Հետաքրքիր է այն, թե ինչպես են իգական սեռի ներկայացուցիչները հիմնավորում ամուսնու եկամտի գերակայությունը կնոջ եկամտի հանդեպ: Բերենք մի քանի մեջբերումներ հարցազրույցներից.

«Տղամարդու աշխատավարձը շատ պետք է լինի, որ իրեն էշի պես չզգա, բայց դե կինն էլ պետք է նորմալ վաստակի, որ վիզ չթեքի, տղամարդուց խնդրի…»:
– 23 տարեկան, իգական –

«Տղամարդու եկամուտը պետք է ավելի բարձր լինի կնոջ եկամուտից…եթե կինը ավելի շատ է վաստակում, նա կարող է իշխել:  Ասեմ, որ հենց այդպես էլ լինում է շատ դեպքերում, հայ կանայք առիթի դեպքում լավ էլ իշխում են, դրա համար էլ թող ամուսնու եկամուտը շատ լինի…»:
– 31 տարեկան, իգական –

Այսպիսով, երևանցի կանայք սեփական եկամուտը չեն դիտարկում որպես հասարակությունում իրենց զբաղեցրած ստատուսի ցուցանիշ: Որպես նման ցուցանիշ է հանդես գալիս տղամարդու եկամուտը, որը մատնանշում է ոչ միայն իր, այլև կնոջ զբաղեցրած ստատուսը: Նույնիսկ երբ կինը բավականաչափ գումար է վաստակում, միևնույն է, նա հասարակությունում ինքնահաստատվում է ամուսնու վաստակած գումարի միջոցով:

Չնայած ընտանիքում կնոջ և տղամարդու դերերի փոփոխություններին և կնոջ դերի բարձրացմանը, միևնույն է, գենդերային կարծրատիպերը շարունակում են ադեցություն ունենալ նույնիսկ դրամային հարաբերություններում:

Այս բացահայտումը, իհարկե, մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ ներկայումս մարդու անկախության և ինքնուրույնության կարևոր գրավականներից մեկը ֆինանսական անկախությունն է, և շատ ազատություններ այս կյանքում ուղղակիորեն կապված են համապատասխան դրամական միջոցների առկայության հետ: Սակայն կինն ինքը չի ձգտում ունենալ համապատասխան դրամը և այդպիսով դառնալ ավելի ինքնուրույն և անկախ: Սա, իհարկե, մտածելու տեղիք է տալիս: Մի հասարակությունում,  որտեղ այսօր անընդհատ խոսվում է կանանց իրավունքների պաշտպանության մասին, տարօրինակ է, որ իրենք՝ կանայք, բավականաչափ չեն գիտակցում սեփական դրամ ունենալու անհրաժեշտությունը, կամ էլ, կարելի է ասել, չեն կարևորում այդ ամենը: Ուստի, կանանց անկախությունն ու ինքնուրույնությունը մեծացնելու նպատակով նախևառաջ անհարժեշտ է փոխել նրանց դիրքորոշումները և ինքնուրույնության ձգտումը, որոնք էլ, իրենց հերթին, հիմք կհանդիսանան համապատասխան վարքի դրսևորման համար:

Անահիտ Հակոբյան