Հետխորհրդային էստրադայի ազատականացումն ու հետընթացը

Ընթերցողներից մեկը գեյ հիմների մասին նյութի վերաբերյալ նամակ է ուղարկել խմբագրություն՝ առաջարկելով հրապարակել այն

Հեխորհրդային տարիներին նորանկախ պետությունների հեռուստաէկրաններին հայտնվեց այն, ինչ մինչ այդ տասնյակ տարիներ արգելված էր՝ սեռականության ներկայացումն ու դրսևորումները։ Անկախացման գործընթացից առաջ՝ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին հայտարարված վերակառուցման քաղաքականության շրջանակներում արևմտյան պետությունների հետ կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ խորհրդային քաղաքացի մի կնոջ հայտարարությունը, թե «Խորհրդային միությունում սեքս չկա», արդեն հասցրել էր զավեշտալի թևավոր խոսք դառնալ, ինչպես նաև գոյություն ունեցած խիստ գրաքննության առհավատչյա։ Երկաթյա վարագույրի անկումից ու Բելովեժյան պատմական համաձայնագրի ստորագրումից հետո սկսեց փլուզվել նաև նախկին խորհրդային պետությունների ու Արևմուտքի միջև առկա մշակութային պատը։

Ժողովրդավարացման ու ազատականացման գործընթացներն արագորեն դրսևորվեցին նորանկախ պետությունների մեծ բեմերին։ Միմյանց ու հատկապես Ռուսաստանին դեռևս ամուր կապված այդ երկրներում գերիշխող էր ռուսական էստրադան, թեև արդեն ցուցադրվում էին նաև արևմտյան երաժիշտների ու կատարողների տեսահոլովակները։ Էկրաններին սկսեցին հայտնվել իրենց գենդերային ինքնությունը չթաքցնող, ԼԳԲՏԻ+ մարդկանց իրավունքների խնդիրներին իրենց ստեղծագործություններում անդրադարձող աստղեր։ Միմյանց հետևից հանրահայտ դարձան այնպիսի ոչ օրդինար կատարողներ, ինչպիսիք են՝ Շուրան, Օսկարը, Բորիս Մոիսեևը, Նիկիտան, Տատու, „Гости из будущего’’ խմբերը։ Մեծ արձագանք ստացավ հատկապես „Руки Вверх“ խմբի տեսահոլովակներից մեկը՝ նկարահանված «Իսկ նա քեզ համբուրում է» երգի համար։

Ռուսական էստրադայի դիվա Ալլա Պուգաչովան շատերի կողմից ընկալվում է իբրև գեյ իկոնա, և նրա երգերից որոշները դարձել են սիրելի գեյ հիմներ։ Հատկապես հիշարժան է նրա՝ «Մեզ հարվածում են՝ մենք թռչում ենք» երգը։ Պետք է ընդգծել, սակայն, որ 2000-ականներից սկսած՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ հետխորհրդային մյուս պետությունների մեծ մասում սկսվեց հակառակ գործընթացը՝ հակաժողովրդավարացման և հակաազատականացման, ինչի հետևանքով լռելյայն գրաքննությունը վերադարձավ մեծ էկրաններ ու բեմեր։ Այժմ ավելի քիչ տեսանելի ու նկատելի են համարձակ կատարողներն ու էստրադային գործերը՝ վերաբերող ԼԳԲՏԻ+ մարդկանց և նրանց իրավունքներին։

Հայաստանում անկախության տարիների ազատականացման գործընթացի արտահայտում էր էկրաններին Լիլիթ Կարապետյանի, Էմին Դավիդովի, «Շիկ աղջիկներ» խմբի, Շպռոտի և այլոց համարձակ տեսահոլովակներն ու երգերը։


Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր