Ես, ՄԻԱՎ-ն ու դատարկությունը

12248890_590126737792234_97375118_nՈւնայնություն:

Ահա, թե ինչ զգացի, երբ իմացա ՄԻԱՎ կարգավիճակիս մասին:

23 տարեկան էի, չկարծեք շողոքորթում եմ, բայց գեղակազմ երիտասարդ տղա եմ: Իմ տարեկիցներից քիչ բանով չեմ առանձնանում:

Կյանքս լավ էր ընթանում: Լիքը ընկերներ, ջերմ ընտանեկան հարաբերություններ, լավ աշխատանք, սեր` ամենակարևորը: Հանդարտ, հաճելի կյանք: Ի՞նչ կարող է ավելի լավ լինել:

Բայց ոչ: Այս ամենը պետք է փոխարինվեր ունայնությամբ:

2014թ. մայիսի 6-ն էր, զանգ ստացա.

– Քո արյան անալիզների մեջ ՄԻԱՎ հակամարմիններ են հայտնաբերվել: Ցավում եմ:

Ու սկսվեց դատարկությունը: Գնում էի գործի, նստում էի ընկերներիս հետ, բայց ես այնտեղ չէի: Ոչ մտքեր կային, ոչ խոսքեր, ոչ զգացում, ոչ ցանկություն: Դատարկությունը պատել էր մազերիցս մինչև ոտքերիս մատների ծայրերը:

Ես երբեք չէի վախեցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հատուկ կրթություն չեմ ստացել ո´չ դպրոցում,  ո´չ համալսարանում, ո´չ էլ տանը: Գիտեի, որ նման մարդիկ գոյություն ունեն, բայց ինձնից դա շատ հեռու էր, որովհետև չունեի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող ծանոթներ, ու իմ ծանոթներն էլ նման ծանոթներ չունեին: Բայց պարզվեց այն շատ մոտ է ու ես էլ ապահովագրված չեմ դրանից:

Դատարկությանը փոխարինման եկան չարությունը, վրդովմունքը, ատելությունը, զզվանքը և´ իմ, և´ շրջապատի հանդեպ:

Ես ատում էի ինձ, ատում էի ամբողջությամբ ու ամբողջ հոգով: Ես չէի կարող մտածել իմ մասին կամ նայել ինձ առանց ատելու: Ես զզվելի էի ինքս ինձ համար: Ես վրդովված էի ինձնից, ուրիշներից: Ատում էի բոլորին: Ամաչում էի, քանի որ` «լավ մարդկանց ՄԻԱՎ-ը չի կարող կպնել»: Վախենում էի, քանի որ մեկուսացվելու էի, ո՞վ պիտի շփվեր ՄԻԱՎ դրականի հետ:

Կողակցիս խնդրեցի` բաժանվենք.

– Պատճառ կա՞,- հարցրեց:

– ՄԻԱՎ դրական եմ:

Չուզեց բաժանվել, ասաց` կարգավիճակս խնդիր չի իր համար: Բայց մի քանի օր անց  բաժանվեցինք, պարզվեց` խնդիր էր: Ինքս էլ նախկինում չէի շարունակի սիրային հարաբերությունները, եթե կողակիցս ՄԻԱՎ ունենար:

Նախկինում երբեք չէի մտածել, թե ինչպես պետք է վարվեմ մարդու հետ, որը ՄԻԱՎ ունի, ինչպես է փոխվում նրանց կյանքը, ինչպես է վարակը ուժգնացնում երեխա ունենալու ցանկությունը` ասես երեխային վարակը անցնելու վտանգի դեմ պայքարը վերաիմաստավորում էր նոր կյանք տալու գաղափարը:

Ամոթից ու վախից, որ ուրիշներն էլ ինձնից կզզվեն, խուսափում էի շփվել ընտանիքիս, ընկերներիս ու մտերիմներիս հետ: Մնացինք ես, դատարկությունն ու ՄԻԱՎ-ը…

Հիմա ես 24 տարեկան եմ: Մեկուկես տարի է անցել: Դեռևս երիտասարդ բարետես տղա եմ: Առաջին հայացքից ոչնչով չեմ տարբերվում ուրիշներից, ու արդեն հաշտվել եմ ՄԻԱՎ կարգավիճակիս հետ: Այն աստիճան եմ հաշտվել, որ հեպատիտ «Բ» ունեցողի հետ էի սիրավեպ սկսել ու նույնիսկ ընտանիքիս ու մտերիմներիս եմ հայտնել կարգավիճակիս մասին: Բայց այդ ամենն առանց կորուստների ինձ չտրվեց: Քրոջս  ամուսինն արգելեց քրոջս ու նրանց երեխային շփվել հետս, նրանց դուռն այլևս փակ է իմ առջև, իսկ եթե իմանում են, որ ներկա եմ ընտանեկան խնջույքներին, ապա նրանք չեն գալիս: Չկան նաև ընկերներիս մեծ մասը, որոնք հրաժարվեցին ինձնից` իմանալով, որ ես ՄԻԱՎ ունեմ, բայց չիմանալով, թե ինչ է ՄԻԱՎ-ը:  

Ես այն մարդն եմ ում մասին չեն ուզում լսել: Ես այն մարդկանցից եմ ում արհամարհում են: Ես նրանցից եմ, որոնցից զզվում են, ատում կամ վախենում  են, իսկ երբեմն` բացառում, որ նման կարգավիճակ գոյություն ունի: Բայց միևնույն է, ես նրանցից մեկն եմ ու մենք կանք:

Ինչպե՞ս վերաբերվել ՄԻԱՎ ունեցողին: «Սերն է պատասխանը»,- այդպես էին երգում մի երգի մեջ: Սերը, հոգատարությունը, աջակցությունը, անփոփոխ հարաբերությունները, ընդունելը, ահա, թե ինչը կարող էր իմ կարգավիճակի նկատմամբ նորմալ վերաբերմունքը լինել: Ահա թե ինչն էր ինձ օգնում առաջ շարժվել:

Բայց ինչպե՞ս սիրել: Իսկապես սիրել, երբ դու ՄԻԱՎ դրական ես: Ինչպե՞ս լինես սիրված: Ինչպես անել դա հասարակության մեջ, որտեղ ՄԻԱՎ դրականները պետք է թաքցնեն իրենց ու իրենց կարգավիճակը: Սիրես մի հասարակության մեջ, որտեղ քո գոյությունը բացառում են: Սիրես հասարակությունում, որտեղ շատերը չգիտեն, թե ինչ է իրականում ՄԻԱՎ-ը:

Այդուհանդերձ, ինձ հաջողվում է սիրել: Սիրում եմ կյանքը, սիրում եմ մարդկանց, սիրում եմ սիրելու զգացողությունը:

Իսկ հնարավո՞ր է սիրել ՄԻԱՎ դրական մարդու: Հնարավո՞ր է ապրել նրա հետ, կիսել անկողինը, կապել ապագան ու կազմել ընտանիք հետը: Հնարավոր է: Երբեմն պարզապես պետք է լինել նրա կողքին: Գուցե գրկել, համբուրել կամ միայն զրուցել: Նա պարզապես կարող է սիրո ու ջերմության կարիք ունենալ, անկեղծության ու բարության: Ջերմությունը կարող է օգնել նրան, որպեսզի ինքն իրեն ընդունի ու սիրի, այլ ոչ թե ատի ու զզվի, ամաչի ու վախենա:

Հակառակ դեպքում մարդը կարող է մենակ մնալ` ինքն իր հետ, ՄԻԱՎ-ի և ունայնության հետ:

 

Ա.Մ.