Կնոջ համարձակությունն արվեստում. Բերտա Մորիզո

Բերտա Մորիզոն կարողացավ անել իր ժամանակաշրջանի համար գրեթե անհնարին թվացողը` հավատարիմ մնալով իր ընտրած ուղղությանը և դառնալով իմպրեսիոնիզմի պատմության մեջ գործող կարևորագույն կերպարներից մեկը:

Նա այն համարձակ տաղանդավոր ստեղծագործողներից էր, ով ձեռնոց նետեց ավանդական ակադեմիական ոճին և իր գործերով ներկայացավ 1874թ. Փարիզի նկարիչ Նադարի արհեստանոցի գեղանկարչության ցուցադրությանը:

Քննադատություն / նորարարություն

Ցուցահանդեսն ուղղակի մեծ իրադարձություն էր Փարիզի մշակութային կյանքում: 30 երիտասարդ նկարիչներ հանդես եկան շուրջ 165 գործերով, որոնք միանգամայն տարբերվում էին մինչ այդ առկա ստեղծագործություններից` կրելով նոր շունչ: Այդ նոր ուղղության շուրջ, որն անվանեցին իմպրեսիոնիզմ, անմիջապես սկսեցին խոսել, վիճաբանել: Այդ նկարիչները դարձան լրագրողների և հանրության թիրախը: Լրագրողները հիշատակեցին նաև Բերտա Մորիզոյին այդ խիզախների շարքում, իհարկե քննադատելով նրա այդ ընտրությունը: Անմիջապես հիշատակեցին նրա պապիկին` հայտնի ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարին, ով, ըստ լրագրողների, թոռնուհու այդ «էկստրավագանտ» քայլից պիտի որ «դագաղում շրջվեր»:

Նույնիսկ այն մարդիկ, որ լավ ճանաչում էին Բերտային, չկարողացան գնահատել/ընդունել գեղանկարչության մեջ իր նորարարական ուղին: Ժոզեֆ Գիշարն, ում մոտ Բերտան սովորել էր գեղանկարության հիմունքներին, գրելով Բերտայի մորը այդ ցուցահանդեսից իր տպավորությունների մասին, նշում է. «Երբ մտա այնտեղ, հարգելի տիկին Մորիզո, ընկճվածության զգացումը տիրեց ինձ, տեսնելով ձեր դստեր գործերն այդ անառողջ միջավայրում… Եթե բարեխղճորեն նայենք, ապա ինչ-որ տեղ կարելի է գտնել հիանալի գործեր, բայց դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ այնքան էլ նորմալ չեն: Օրիորդ Բերտան նույնպես դարձել է այդ խանգարման զոհը, նրա ուղեղը մի քիչ ցնդել է»:

Չնայած իր գեղանկարչության նման չընկալմանը` Բերտա Մորիզոն չշեղվեց իր ընտրած ուղղությունից, իսկ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց, և նրա անունն այսօր իր յուրօրինակ տեղն ունի իմպրեսիոնիզմի պատմության մեջ:
Բերտան ծնվել է 1841թ. Բուրժայում, ուր նրա հայրը բավականին կարևոր պաշտոն էր զբաղեցնում: Իր ժամանակաշրջանի համար նա հիանալի կրթություն է ստացել: Բերտան մանկուց զբաղվել է նկարչությամբ, և նկարչության հասարակ դասերն արդեն բավարար չէին նրա համար: Անգամ նրա ուսուցիչը, նկատելով նրա և քրոջ մեջ այդ տաղանդը, նշում էր, որ վերջիններս մեծ նկարչուհիներ կարող են դառնալ, բայց դա հեղափոխություն կլիներ այդ շրջանում:

Բերտայի համար նշանակալի իրադարձություն էր ճանաչված ֆրանսիացի նկարիչ Կամիլ Կորոյի հետ հանդիպումը, ով ոչ միայն սկսեց աջակցել Բերտային իր մասնագիտական խորհուրդներով, այլև ուշադիր հետևում էր Բերտայի ընթացքին և դարձել էր նրանց ընտանիքի բարեկամը, մինչդեռ Կորոն հայտնի էր իր ինքնամփոփությամբ: Բերտան մեծ գիտելիքներ ձեռք բերեց Կորոյից և զարգացրեց նոր հմտություններ: Արդեն 23 տարեկանում նա ցուցահանդեսի ներկայացրեց իր նկարները Սրահում, ուր նկարների ընտրության կարգը բավականին խիստ էր անցկացվում, սակայն Բերտայի նկարները մի քանի տարի ցուցադրվում էին:

Էդուարդ Մանեն Բերտա Մորիզոյի կյանքում

1868թ. Լուվրում Բերտան ծանոթանում է Էդուարդ Մանեի հետ: Մանեն տպավորվում է Բերտայի տաղանդով, նրա յուրահատուկ գեղեցկությամբ, Մանեն նկարում է Բերտայի ավելի քան 10 դիմանկար: Սակայն անկախ փոխադարձ ձգողության` նրանց միջև, ընկերությունից զատ, ոչինչ չէր կարող լինել, քանի որ Մանեն ամուսնացած էր: Մանեն մեծ ազդեցություն է ունեցել Բերտայի գործերի վրա, սակայն Բերտան բավականին ինքնուրույն էր և հասկանում էր սեփական ոճի նշանակությունը: Եվ անգամ Մանեի որոշակի ուղղումներից հետո նա իրեն վատ էր զգում, քանի որ գտնում էր, որ իդելական ստացվի նկարը, արդյունքում այն կորցնում է իր անհատականությունն ու դադարում է լինել իր ստեղծագործությունը:

Մանեն ծանոթացնում է Բերտային իմպրեսիոնիստներ Մոնեի, Ռենուարի, Սիսլեի, Դեգայի, Պիսսարոյի, Սեզանի հետ: Բերտան զարմանալիորեն ընդունվում է նրանց շրջապատում, նրան հարգում են, անգամ սարկաստիկ կնատյաց Դեգան հարգանքով է արտահայտվում Բերտայի մասին:

Բերտայի ստեղծագործական ոճը

1874թ. Ցուցահանդեսին Բերտան ներկայացնում է 9 նկար, որոնցից մեկը «Օրորոցի մոտ» գործն էր: Ի տարբերություն ավանդական` Մարիամի ու Հիսուսի կերպարների ներկայացմանը` Բերտայի նկարում կերպարվում է իր ժամանակակից կինը, ով պաշտպանում է իր մանկիկի քունը: Բերտան երբեք չի ձգտել իր ստեղծագործություններում մերկ նատուրաների կերպարմանը. նրա համար օտար էին գիշերային ակումբների, թատրոնի և Փարիզի աղմկոտ ու անկարգ աշխարհը: Նրա ստեղծագործությունների բովանդակությունը սահմանափակվում է բուրժուական ընտանիքին պատկանող կնոջ հետաքրքրություններվ` մայրություն, ընտանեկան հարմարավետություն, այգի, զբոսանքներ բնության գրկում: Սակայն, միևնույն ժամանակ, նա շատ նրբանկատորեն ներխուժում է կանացի զգայունության շրջանակները` պատկերելով իրենց արտաքինով մտահոգված, զբաղված կանանց: Մի շարք հեղինակներ զարմանում են նրա այդօրինակ կնոջ ընկալման վրա, նրա նկարների մեծ մասը արտացոլում է առաքինի, բարեկիրթ կնոջը` միևնույն ժամանակ ներկայացնելով ինչ-որ ներքին ոգևորություն, ներքին հմայք, որ թվում է թե թաքնված է ամբողջ աշխարհից: Նա իր զուսպ կեցվածքով կարծես հիշեցնում է արական սեռի ներկայացուցիչներին իր անհասանելիությունն ու իր նուրբ զգացողությունները կանացիի նկատմամբ:

Բերտա Մորիզո «Օրորոցը», 1872թ.

Ընտանիքը Բերտայի կյանքում

Մորիզոյի ընտանիքի անդամները բավականին սերտ շփման մեջ էին միմյանց հետ, հատկապես Բերտան դեռ մանկուց կապված էր քրոջ հետ, ով ամուսնությունից հետո ստիպված էր մոռանալ կերպարվեստը, սակայն ամեն կերպ աջակցում էր Բերտային նրա ստեղծագործական կյանքում (նա նաև հանդիսանում էր Բերտայի բնորդուհին): Քրոջ ամուսնությունը (ի դեպ երջանիկ) չէր ոգեշնչում Բերտային, նա չէր պատկերացնում իր կյանքն առանց կերպարվեստի, սակայն այդ շրջանում կնոջ համար անհնարին էր համարվում կարիերայի և ընտանեկան կյանքի համադրությունը: Անգամ Բերտայի մայրն անհանգստանում էր: Լրացավ նրա 30-ամյակը, բայց նա չէր պլանավորում որևէ ամուսնություն, չնայած երկրպագուների պակաս չէր զգացվում: Պոետ Ստեֆան Մալլարմեն նշում է. «Նա թվում է անսահման հպարտ և զուսպ, բայց նրա սառնությունն այնքան հմայիչ է, որ հնարավոր չէ անտարբեր գտնվել»:
Զարմանալիորեն Բերտան ամուսնանում է Էդուարդ Մանեի փոքր եղբոր` Էժեն Մանեի հետ, ով թվում է կարողանում է փոխել Բերտայի սկեպտիկ մոտեցումները ամուսնության նկատմամբ, ավելին 1 տարի անց Բերտան գրում է. «Ես ամուսնացել եմ հիանալի, ազնիվ երիտասարդի հետ: Կարծում եմ նա անկեղծորեն ինձ սիրում է: Ես երկար ժամանակ երևակայական ցնորքներով էի տարված, որոնք ինձ երջանիկ չդարձրին, այժմ սկսվում է իրական կյանքը»: Էժենն իսկապես մեծ հոգատարությամբ էր վերաբերվում կնոջն ու աջակցում նրան նրա ստեղծագործական կարիերայում: Նրանց միակ երեխան` դուստրը` Ժյուլին, ծնվում է ամուսնությունից 4 տարի անց, երբ Բերտան արդեն 37 տարեկան էր: Նրա սիրելի սյուժետները ընտանեկան իրավիճակներն էին, նա նկարում էր քրոջը, ամուսնուն, դստերը: Սիրելի գործն օգնեց դիմանալու ամուսնու մահվանը, որից 3 տարի անց թոքաբորբից մահացավ ինքը` Բերտա Մորիզոն: Նա ընդամենը 54 տարեկան էր:

Նրա գործը շարունակեց իր դուստր Ժյուլին: Նա իսկապես դարձավ տաղանդավոր նկարչուհի և նրա ոճը նման էր այն ոճին, որով նկարում էր իր մայրը:

Յուրօրինակ մի կերպար, կին, անհատ, ով իր ժամանակաշրջանի համար դարձավ նորարար, համարձակ գտնվեց` առաջնորդվելով իր սկզբունքներով և մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով իր ընտրած ուղուն/ոճին: Նրա կյանքը լի է տարօրինակ իրադարձություններով, նա ինքն էլ մի քիչ տարօրինակ էր համարվում, և հիմա էլ շատերը զարմանում են, թե ինչպես նա կարողացավ ձեռք բերել նման հաջողություն, պահպանել այն և պահպանել նման անձեռնմխելի վարկանիշ, որ միայն հարգանքի է արժանի…

Լիլիթ Մելքոնյան