Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների պես ճոճվելու, պտտվելու, սահելու հնավարորություն են ձեռք բերել: Հուլիսի 14-ին տեղի Նորավան թաղամասում բացվեց ներառական խաղահրապարակ, որը հարմարեցված է հենաշարժողական, լսողության, տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:
Հայաստանում սա երկրորդ նման խաղահրապարկն է, մյուսը գտնվում է Երևանի կենդանաբանական այգում: Նախագիծն իրականացրել է «Ագաթ» ՀԿ-ն՝ Վիեննայում Միավորված ազգերի կանանց գիլդիայի ֆինանսական աջակցությամբ: Տարածքը տրամադրել ու բարեկարգել է Գյումրու քաղաքապետարանը: Տեղն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ մոտակայքում խաղահրապարակ չկա ու ծնողները ստիպված էին քաղաքի կենտրոն հասնել իրենց երեխաներին զվարճացնելու համար: Մինչ խաղահրապարակի կառուցումը այդ վայրն աղբանոցի էր վերածվել:
Բացի հաշմանդամություն ունեցող երեխաներին զբաղմունք ու տնից դուրս գալու շարժառիթ ստեղծելուց, խաղահրապարակի նպատակներից է նաև այդ երեխաներին և հաշմանդամություն չունեցողներին միավորելը:
«Ագաթ»-ի ժեստերի լեզվի թարգմանիչ Ռոզա Ավագյանը պատմում է, որ հաշմանդամություն չունեցող երեխաները չէին հավատում, որ այնտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ կգնան: «Էստեղ, ե՞րբ է գալու հաշմանդամություն ունեցող երեխա, որ մի հատ էլ խաղա», – ասում էին երեխաները, երբ նրանց խնդրում էին չօգտագործել ու չվնասել հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված խաղատեսակները:
Սակայն բացման օրը, տեսնելով հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաների, նրանց վերաբերմունքը փոխվեց. «Սկզբում երեխաների համար մուտքը մի քիչ անսովոր էր, բայց ընթացքում նրանք սկսեցին միմյանց հետ խաղալ, պարել, ուրախանալ: Տեսնում էին, որ հաշմանդամություն ունեցող երեխան ձեռքը չի կարողանում շարժել ու պտտել հարմարանքը, իրենք էին մոտենում, որպեսզի օգնեն, ներդրում ունենան», – ասում է Ավագյանը՝ նշելով, որ իրենք տեղադրել են նաև բրալյան ու ժեստերի լեզվի այբուբեններ, որպեսզի երեխաները սովորեն ու կարողանան հաղորդակցվել միմյանց հետ:
«Ագաթ»-ը հոգացել է, որպեսզի միայն բացման օրով չսահմանափակվի հաշմանդամություն ունեցողների խաղահրապարակ այցելելը: Նրանք այդ երեխաների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ պայմանավորվել են, որպեսզի իրենց շահառուներին շաբաթական մի քանի անգամ բերեն խաղալու: Նրա խոսքով, ծնողները նույնպես շահագրգռված են իրենց երեխաներին այնտեղ տանելու:
Խաղահրապարակը ցածրադիր է, աստիճաններ չկան, պտտարաններին ղեկեր են ամրացված, որպեսզի սայլակից օգտվող երեխաները կարողանան իրենց նստած դիրքից պտտել այն: Տեսողական խնդիրներ ունեցողների համար հենակներ կան: Նախատեսվում է ձայնային ազդանշաններ տեղադրել: Ծրագրի ղեկավարները դիմել են ոստիկանություն, որպեսզի նրանք ապահովեն մոտակայքում մեքենաների դանդաղ ընթացքն ու արագաչափ տեղադրեն:
Խաղահրապակի կողքը ֆուտբոլի դաշտ կառուցելու միտք կա, որտեղ հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաները միասին գնդակ կգլորեն.
«Երեխան է, որ կարող է չնկատել, որ դիմացինը հաշմանդամություն ունեցող է: Եթե նա ունենա հաշմանդամություն ունեցող ընկերներ, ապա դա նրա համար կդառնա սովորական, ու մենք այլևս չենք ունենա հաշմանդամություն ունեցող կամ չունեցող խնդիրը, բոլորը կլինեն հավասար», – ասում է Ավագյանը:
Հովհաննես Իշխանյան