Եվրոխորհրդի զեկույց անդամ պետությունների ԼԳԲՏ քաղաքացիների իրավիճակի մասին

Թոմաս Համարբերգ

«Եվրոպայում միլիոնավոր մարդիկ խտրականության են ենթարկվում, խարանվում են և նույնիսկ բռնության զոհեր են դառնում իրենց իրական կամ ընկալվող սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով», – Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թոմաս Համարբերգ:

«Նրանք չեն կարողանում ամբողջությամբ օգտվել մարդու համընդհանուր իրավունքներից: Եվրոպական բոլոր կառավարություններում այս իրավիճակը բուժելու և հատուկ քաղաքականություն ու օրենսդրական միջոցներ մշակելու հրատապ պահանջ կա հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարելու համար», – ասում է Համարբերգը:

Եվրոպայի Խորհուրդը (այսուհետ` ԵԽ) ներկայացրել է զեկույց եվրոպական երկրներում ԼԳԲՏ (Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քաղաքացիների իրավիճակի մասին: Զեկույցը երկու տարի տևած ուսումնասիրության արդյունք է: Այն պարունակում է ԵԽ 47 անդամ պետությունների լեսբուհի, գեյ, բիսեքսուալ (երկսեռական) և տրանսգենդեր (գենդերափոխ) (այսուհետ` ԼԳԲՏ) անձանց մասին հասարակական-իրավական վերլուծություն` հիմնվելով իշխանությունների, մարդու իրավունքներով զբաղվող ազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և փորձագետների կողմից տրամադրված տվյալների և տեղեկատվության վրա:

Համարբերգը ավելացնում է. «Շատ մարդկանց մոտ, ներառյալ քաղաքական առաջնորդների, առկա է զգալի դիմադրություն ԼԳԲՏ անձանց կողմից մարդու համընդհանուր իրավունքներից ամբողջությամբ օգտվելու հարցը քննարկելիս: Նույնիսկ եթե սա ոչ մեծ համբավ վայելող թեմա է մարդու իրավունքների ոլորտում, այժմ քննարկումներ բարձրաձայնելու և դրանք վճռական կերպով արձանագրելու ժամանակն է եկել: ԵԽ-ի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի համակենտրոնացված ուժերը էական են ամենուրեք ԼԳԲՏ անձանց մարդու հիմնարար իրավունքները երաշխավորելու համար»:

Ապաքրեականացում. ԵԽ-ի անդամ պետությունների շարքում Հայաստանը վերջին պետությունն է, որ ապաքրեականացրեց նույնասեռականությունը 2003 թվականին: Ադրբեջանը դա արել էր 2001 թվականին: Վրաստանը` 2000-ին: Առաջատարը Ֆրանսիան է, որը դա արել էր ԵԽ-ի գոյությունից դարեր առաջ, Բաստիլի գրավումից հետո, հեղափոխության ընթացքում` 1791 թվականին, Թուրքիան` 1858 թվականին:

Գենդերափոխ անձինք. Հայաստանն այն պետությունների շարքում է, որոնք չունեն գենդերի իրավական ճանաչումը կարգավորող ոչ մի օրենսդրական ակտ: Նաև, չկա ոչ մի ապացույց պնդելու համար, որ Հայաստանը, ի թիվս մի շարք այլ պետությունների, տրանսգենդեր անձանց տրամադրում է նրանց ցանկալի գենդերը իրավականորեն ճանաչելու համար նախատեսված այլընտրանքային հնարավորություն (օրենսդրության բացակայության պայմաններում): Մյուս 13 անդամ պետություններում տրանսգենդեր անձինք
իրավաբանորեն ճանաչվելու հնարավորություն ունեն` կամ դատարան դիմելով կամ էլ հստակ վարչական ընթացակարգի կամ որոշումների միջոցով:

Հետազոտությունը հաստատում է, որ ատելության հողի վրա հանցանքների շատ զոհեր չեն հայտնում բռնության և հետապնդման միջադեպերի մասին իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության բացահայտման վախից կամ դատարանի նկատմամբ վստահության պակասի պատճառով:

Քսանվեց անդամ երկրներ իրենց ազգային օրենսդրություններում ուղղակիորեն ճանաչել են, որ սեռական կողմնորոշումը ներառված է «որոշակի սոցիալական խմբի պատկանելություն» հասկացության մեջ: Մյուս անդամ պետությունների օրենսդրություններում չկա հստակ հիշատակում:

Կան, այնուամենայնիվ, գոնե յոթ այլ անդամ պետություններ, որոնք նույնիսկ նման հստակ ճանաչման բացակայության դեպքում ունեցել են ապաստան տրամադրելու խնդրանքներ, որոնց ժամանակ սեռական կողմնորոշումը ճանաչվել է որպես հետապնդման հիմք` վկայակոչվելով տվյալ պետություններում ազգային իրավասու մարմինների կողմից կայացրած որոշումներում:

Մյուս տասներկու անդամ պետություններում, Հայաստանը ներառյալ, որոնք 1951 թվականի կոնվենցիայի մասնակիցներ են, օրենսդրության մեջ կամ ապաստան փնտրող ԼԳԲՏ անձանց կողմից հայցած հաջող նախադեպերում չկա սեռական կողմնորոշման հիման վրա հետապնդման ճանաչում` որպես ապաստան խնդրելու վավերական հիմք:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նաև ձևավորվում է կրոնական հավատալիքներով, ինչպիսին է, օրինակ այն, որ ԼԳԲՏ անձինք մեղավոր են և գործում են ընդդեմ կրոնական ուսմունքի: Նման փաստարկները հանգեցնում են կրոնի կոնկրետ մեկնաբանության` պաշտպանելու համար այն տեսակետը, թե ԼԳԲՏ անձինք վնասակար են կրոնի կամ հավատացյալների համար:

Անդամ պետություններից շատերում, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան, հասարակական կազմակերպությունները հաղորդում են, որ դպրոցները չեն տրամադրում ոչ մի տեղեկատվություն նույնասեռականության մասին կամ եթե տրամադրում են, ապա միայն կողմնակալ տեղեկություններ: Նման դասագրքերը և ուսումնական նյութերը սովորաբար ներկայացնում են ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որը չի արտահայտում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նույնասեռականության դեկլասիֆիկացիան: Մոլդովայում, օրինակ, ՀԿ-ների զեկույցների համաձայն, Բժշկական համալսարանում նույնասեռականությունը ներկայացվում է որպես հիվանդություն այնպիսի դասագրքերում, որոնք գրվել են նույնասեռականությունը դեռևս քրեականացված եղած ժամանակ:

ԼԳԲՏ ՀԿ-ներ ստեղծվել են գրեթե բոլոր անդամ երկրներում: Եվրոպական խորհրդի որոշ անդամ երկրներում ԼԳԲՏ ՀԿ-ները մարտահրավերների են հանդիպում նույնիսկ ամենահիմնարար մակարդակում. իրենց կազմակերպությունը և կանոնադրությունը հաստատելիս: 2004-2010 թթ. ընթացքում հավաքների ազատության նկատմամբ սահմանափակումներ նկատվել են հինգ անդամ պետություններում. Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա և Ուկրաինա: Իշխանությունների կողմից նման սահմանափակումները սովորաբար պատճառաբանվում են նրանով, որ իբր միավորման հիմնադրման փաստաթղթերը և գործունեության շրջանակները հակադրվում են ազգային օրենքներին: Իշխանությունները նաև օգտագործել են այն փաստարկը, թե միավորման գործունեությունը հակադրվում կամ քայքայում է ազգային բարոյական արժեքները: Ավելին, վարչական խնդիրներ կարող են ծագել գրանցման պաշտոնական ընթացակարգի ժամանակ: ԼԳԲՏ միավորումների գրանցման հետ կապված խնդրիներ գրանցվել են նաև Հայաստանում, Ադրբեջանում և Ուկրաինայում: Հայաստանում ՀԿ-ները հաղորդում են, որ անկարող են եղել իրենց կանոնադրություններում ԼԳԲՏ խնդիրների, սեռական կողմնորոշման և սեռական ինքնության վերաբերյալ դրույթներ մտցնել` չնայած պետական մարմինների կողմից նման փաստերի ժխտմանը:

Հայաստանն այն պետությունների ցանկում է, որտեղ խոշոր հանրային, մշակութային միջոցառումներ կամ պատվո շքերթներ չեն եղել:

Բազմաթիվ անդամ երկրներ ունեն հստակեցված օրենսդրություն տարբեր ոլորտներում, որը ներառում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականությունն արգելող հակախտրական դրույթներ: Օրինակ, Վրաստանում Հիվանդի իրավունքները պաշտպանող օրենքը (հոդված 6), ինչպես նաև Առողջության պաշտպանության օրենքը (հոդված 6) հստակորեն արգելում են սեռական կողմնորոշման պատճառով խտրականությունը:

Հավասարություն խթանող ազգային կառույցները սեռական կողմնորոշման և գենդերային ինքության հիման վրա բողոքների հետ գործ ունենալու առումով, ինչպես նաև ընդհանուր առմամբ ԼԳԲՏ անձանց կողմից մարդու իրավունքներից օգտվելու խթանման գործում մեծ ներուժ ունեն: Ինչևէ, այս հնարավորությունների գիտակցումը պետք է տարածվի ԼԳԲՏ համայնքների, ինչպես նաև ազգային կառույցների շրջանում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, օրինակ, նկատեց, որ իր գրասենյակը փոքրամասնությունների կողմից մեծ քանակությամբ բողոքներ է ստանում խտրականության վերաբերյալ, սակայն չի գրանցել ոչ մի բողոք ԼԳԲՏ անձանց կողմից: Նա եզրակացրեց, որ սա «լավագույն ապացույցն է, որ խնդիրն ավելի մեծ է, քան համարվում է և լավ թաքցվում է»:

Այս ուսումնասիրությանը մասնակցած բազմաթիվ ԼԳԲՏ ՀԿ-ներ արտահայտեցին այն կարծիքը, որ ազգային կառույցները ոլորտում բավարար չափով ակտիվ չէին: Չնայած հավասարությունը ջատագովող կառույցների աճի թվին, չնայած նրան, որ օմբուդսմեններն ու մարդու իրավունքների ազգային կառույցները կարծես աշխատում են սեռական կողմնորոշմանն ու հոմոֆոբիային վերաբերող հարցերի վերաբերյալ, էլ ավելի շատ ջանքեր է պետք ներդնել սկսելու համար աշխատանք գենդերային ինքնության հիման վրա խտրականությունը հասցեագրելու համար:

Որոշ անդամ պետություններում գեյ կամ լեսբուհի լինելը դիտարկվում է որպես «դավաճանություն» ազգային արժեքների և միասնականության նկատմամբ: Նման փաստարկները կարող են հիմնվել ազգի կամ պետության վերաբերյալ ինքնօրինակ ըմբռնման վրա, որը նպատակ է հետապնդում պահպանելու ազգի միատարրությունը: Օրինակ, հարցազրույցի ժամանակ իշխանությունները ներկայացնող մասնակիցը բացատրեց, որ Հայաստանում նույնասեռական լինելը հաճախ դիտարկվում է որպես հայ ժողովրդի ավանդական արժեքների նկատմամբ անհավատարմություն:

Սևակ Կիրակոսյան

Այս հոդվածի համար օգտվել ենք Unzipped: Gay Armenia բլոգի գրառումներից