ՊԱՀՊԱՆելով մեր ապահովությունը

Եթե օգտագործես պահպանակ, Չես ձեռք բերի դու վարակ:

Պահպանակը բարակ ռետինե ծածկոց կամ շապիկ է, որը տղամարդը կրում է իր առնանդամի վրա սեռական ակտի ժամանակ` կանխարգելելու կնոջ հղիանալը կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները:

Փաստեր պահպանակների մասին, որոնք դուք հավանաբար չգիտեիք

  • Պահպանակները գործածվում են նաև ոչ սեռական նպատակով, օրինակ` ջրակայուն խոսափողների ստեղծման համար:
  • Գոյություն ունեն նաև կանացի պահպանակներ:
  • Ամենաքիչը չորս հարյուր տարի է, ինչ մարդիկ պահպանակ են օգտագործում:
  • Որոշ կրոններ պահպանակները համարում են անընդունելի ցանկացած պայմաններում. հատկապես դեմ է կաթոլիկ եկեղեցին, ինչը վերջերս մեղմվել է` որոշ դեպքերում կիրառելու համար Հռոմի Պապի կողմից ոչ պաշտոնական թույլտվություն ստանալով:
  • Ասիայում գրանցվել են առնանդամի գլխիկի համար նախատեսված պահպանակների գործածման դեպքեր մինչև 15-րդ դարը:
  • Ճապոնիայում պահպանակները պատրաստում էին կրիայի խեցուց կամ այլ կենդանիների եղջյուրներից:
  • 15-րդ դարի վերջում հոլանդացի առևտրականները ճապոնացիներին ներկայացրին «բարձրորակ կաշվից» պատրաստված պահպանակներ: Ի տարբերություն նախկինում գործածված պահպանակների, որ եղջյուրներից էին պատրաստում, նորերը ծածկում էին ամբողջ առնանդամը:
  • 18-րդ դարում Կազանովան մեզ հայտնի առաջին անձանցից է, որ գործածում էր «երաշխավորող գլանակներ»` կասեցնելու իր սիրահետած կանանց հղիացումը:
  • 1941 թ. Գերմանիան իր քաղաքացիների կողմից պահպանակների գործածումն ապօրինի հայտարարեց:

19-րդ դարից պահպանակները եղել են աշխարհում ամենագործածվող հակաբեղմնավորիչները: Այսօր բանավեճեր են ծավալ-վում այն հարցի շուրջ, թե արդյոք հին քաղաքակրթություններում պահպանակներ գործածո՞ւմ էին, թե՞ ոչ: Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում հղիության կանխարգելումն ընդհանրապես դիտարկվում էր որպես
կնոջ վրա դրված պատասխանատվություն: Ճապոնիայում պահպանակները հավանաբար հայտնի են եղել և գործածվել են միայն բարձրաշխարհիկ դասակարգի կողմից: Չինաստանում գործածում էին գլխիկի համար նախատեսված պահպանակներ (դրանք միայն ծածկում էին առնանդամի գլխիկը), որոնք հավանաբար պատրաստվում էին յուղապատ մետաքսե թղթից կամ գառան աղիներից:

18-րդ դարից սկսած պահպանակի գործածմանը դեմ էին որոշակի իրավական, կրոնական և բժշկական խմբեր այն նույն պատճառաբանություններով, որոնք նաև այսօր են վկայակոչում. պահպանակները նվազեցնում են հղիության հնարավորությունը, ինչը ոմանք համարում էին անբարոյական կամ անցանկալի ազգային տեսանկյունից, պահպանակներն ամբողջովին չէին պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ), միաժամանակ կարծում էին, որ պահպանակի պաշտպանիչ ունակությունների նկատմամբ հավատքը մարդկանց մղում էր ունենալ պատահական սեռական ակտեր` տարբեր զուգընկերների հետ: Եվ պահպանակներն անընդհատ չէ, որ գործածում են անհարմար և թանկարժեք լինելու, ինչպես նաև զգայականության կորստի պատճառով: Չնայած այդ ընդդիմությանը` պահպանակների շուկան արագորեն աճեց: Հասանելի էին տարբեր որակի և չափսերի պահպանակներ, որոնք վաճառվում էին գինետներում, վարսավիրանոցներում, դեղատներում, բացօթյա շուկաներում և թատրոններում Եվրոպայով և Ռուսաստանով մեկ` ավելի ուշ տարածվելով դեպի Ամերիկա:

Ամերիկյան, եվրոպական և ասիական հրամանատարական կազմն իր զորքերին տրամադրում էր պահպանակներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում: Դա արվում էր անգամ Գերմանիայում, որտեղ քաղաքացիների կողմից պահպանակների գործածումը ապօրինի էր հայտարարվել այդ ժամանակ:

Արդեն 1970 թվականին միայն Հնդկաստանում տարեկան հարյուր միլիոնավոր պահպանակներ էին օգտագործվում:

Երբ 1980-ականների սկզբներին բացահայտվեց, որ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, պահպանակների օգտագործումը սկսեց քաջալերվել վարակի տարածումը կասեցնելու համար: Չնայած որոշ քաղաքական, կրոնական և այլ գործիչների կողմից ցուցաբերած ընդդիմությանը` պահպանակների գործածման արշավներ տեղի ունեցան ԱՄՆ-ում և Եվրոպայում` նշմարելիորեն բարձրացնելով պահպանակների գործածման ցուցանիշը: Ակնկալվում է, որ պահպանակների գործածման համաշխարհային ցուցանիշը կբարձրանա. մի հետազոտություն կանխագուշակել է, որ զարգացող երկրները 2015 թվականի դրությամբ 18.6 միլիարդ պահպանակների կարիք կունենան: Պահպանակները դարձել են ժամանակակից հասարակությունների անբաժանելի մասը:

Պահպանակ օգտագործելն ապահով է, հեշտ ու հարմար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ պահպանակների ճիշտ և անընդհատ օգտագործումը նվազեցնում է սեռավարակների փոխանցման ռիսկը մինչև 95 տոկոս` համեմատած չպաշտպանված հարաբերությունների հետ:

Միևնույն պահպանակը երբեք երկու անգամ մի՛ օգտագործիր: Պետք չէ միաժամանակ երկու պահպանակ օգտագործել. «կրկնակի պաշտպանության» փոխարեն պահպանակները կշփվեն միմյանց հետ` կրկնապատկելով ՍՃՓՎ-ով վարակվելու ռիսկը, քանզի կտուժի պահպանակների որակը: Ահա որոշակի ցուցումներ պահպանակի ճիշտ գործածման վերաբերյալ.

  1. Պահպանակի փաթեթը պետք է բացել մի անկյունից` զգուշանալով պահպանակը եղունգներով, ատամներով (եթե փաթեթը ատամների միջոցով է բացվում) կամ անզգուշության պատճառով պատռելուց:
  2. Ուշադրություն պետք է դարձնել, որ փաթեթն ու պահպանակը լավ վիճակում լինեն, ինչպես նաև պիտանելիության ժամկետին:
  3. Պահպանակը խորհուրդ է տրվում տեղադրել գրգռված առնանդամի վրա` միաժամանակ պահպանակի ծայրը մատերով պահելով, որպեսզի մեկ մատնաչափ հատված մնա սերմի հավաքման համար:  Պահպանակը տեղադրում են, երբ առկա է մասնակի կամ ամբողջական էրեկցիա: Եթե առնանդամը թլպատված չէ, թլիպը պետք է ետ տանել մինչև պահպանակ տեղադրելը:
  4. Պահպանակը պետք է իջեցնել մինչև առնանդամի հիմքը և հարթեցնել օդային պղպջակները (վերջիններս կարող են վնասել պահպանակը):
  5. Հարաբերությունից հետո առնանդամը դուրս հանելիս այն պետք է բռնել մատներով, որպեսզի պահպանակը չմնա ներսում:
  6. Պահպանակը խորհուրդ է տրվում հանել առնանդամի վրայից մինչդեռ այն գրգռված է կամ կիսագրգռված: Կապ գցիր պահպանակը, որպեսզի սերմնահեղուկը չթափվի:
  7. Պահպանակը պետք է փաթաթել զուգարանի թղթով, անձեռոցիկով կամ նմանատիպ այլ բանով և նետել աղբամանի մեջ:  Պետք չէ պահպանակը զուգարանակոնք նետել. այն երկար ժամանակ չի քշվի ջրով, կարող է նաև խցանման պատճառ հանդիսանալ:

Պահպանակ գնելիս պետք չէ ամաչել, փոխարենը` հպարտանալ: Դա ցույց է տալիս, որ դու պատասխանատու և վստահելի ես: Դա միայն քո անվտանգության համար չէ, այլ նաեւ` զուգընկերոջդ:

Եթե նպատակահարմար ես գտնում, ապա կարող ես պահպանակ գնել ընկերոջդ կամ զուգընկերոջդ հետ: Այսօր հեշտ է նաև ինտերնետի միջոցով անանուն կերպով պահպանակներ գնելը: Պահպանակներ կարող ես գնել դեղատներից: Որոշ հասարակական կազմակերպություններ ևս տրամադրում են պահպանակներ: Կարող ես նաև այցելել ՓԻՆՔ Արմենիա, եթե քեզ կամ ընկերներիդ հարկավոր են պահպանակներ:

Այնուամենայնիվ, մարդիկ երբեմն պարուրված են կարծրատիպերով և նախապաշարմունքով` կապված պահպանակի և դրա օգտագործման հետ: Բացի կարծելուց, որ պահպանակն անօգուտ է և նվազեցնում է բնական հաճույքը, ոմանք նույնիսկ կարծում են, թե ամոթ է պահպանակ օգտագործել: Կան տղամարդիկ, որ մտածում են, թե միայն անբարոյական կանայք են օգտագործում պահպանակներ և նրանք կտրականապես դեմ են լինում իրենց ընկերուհիների կամ կանանց հետ պահպանակ օգտագործելուն: Մարդիկ երբեմն ամաչում են պահպանակ գնել: Որոշ տղամարդիկ նույնիսկ լրացուցիչ գումար են վճարում սեռական ծառայություններ տրամադրողներին, որպեսզի սեռական ակտը տեղի ունենա առանց պահպանակի: Հավատում եք, թե ոչ` ոմանք պահպանակն ինքն իրենով համարում են տհաճ մի բան. եթե հանկարծ պահպանակը պատահաբար ինչ-որ բանի դիպչի, ապա որոշ մարդիկ կհրաժարվեն այդ առարկային ձեռք տալուց:

Մենք ենք որոշում կայացնողը. այն նվազեցնում է հաճո՞ւյքը: Փաստ է, որ ժամանակակից պահպանակներն այն աստիճան կոշտ ու հաստ չեն, որպեսզի նվազեցնեն զգայականությունը: Եթե «նորմալ» է պահպանակ չգործածելը, ապա պետք է «նորմալ» լինի վարակ ձեռք բերելը կամ այն այլ անհատի փոխանցելը: Պահպանակ օգտագործելն անբարոյակա՞ն է, բայց բարոյական կլինի՞ ինչ-որ մեկին վարակելը կամ վարակ ձեռք բերելը: Մեր կանայք ու ընկերուհիները պե՞տք է օգտագործեն պահպանակ, թե՞ ոչ: Դե, դա պատմեք նրանց, ովքեր վարակվել են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով` ՄԻԱՎ-ը ներառյալ: Պարզ ու արդյունավետ մի քայլ, որ կարող էր պաշտպանել, անտեսվել և թերագնահատվել էր: Շատ կանայք և տղամարդիկ թանկ վճարեցին դրա համար Հայաստանի և՛ քաղաքներում, և՛ գյուղերում: Ընդունելի՞ է զզվել և հեռու մնալ քեզ և սիրելիիդ (կամ զուգընկերոջդ) պաշտպանող մի առարկայից:

Ամենից առաջ հոգ տար առողջությանդ և սիրելիիդ համար` կարծրատիպերիդ և նախապաշարմունքիդ մասին հոգ տանելու փոխարեն:

Շատ ավելի էժան է ու հեշտ
Վճարել սկզբում `
Գնելով փոքրիկ պահպանակ,
Քան հատուցել վերջում…
Բժիշկին` այցի ժամանակ:

Նաև արժեքավոր ենք համարում նշել, որ ներկայացնելով այս հոդվածը` մտադրություն չունենք օժանդակելու որևէ տեսակի սեռական կենսակերպ վարելուն. դա յուրաքանչյուր անհատի անձնական որոշումն է: Մեր միակ մտադրությունը առավել ապահով սեռական վարքագծի դրսևորման խթանումն է:

Նվարդ Մարգարյան
Սևակ Կիրակոսյան