Հայաստանից կանանց արտագաղթը հանուն բարեկեցիկ կյանքի

planeԱմբողջ աշխարհում արտագաղթի պատճառով տարեկան հազարավոր մարդիկ հեռանում են իրենց հայրենիքից ու բնակություն հաստատում օտար երկրներում: Արտագաղթի հիմանական պատճառներն են` աղքատությունը, սոցիալական անարդարությունը, տնտեսական վատ պայմանները, մարդու իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև պատերազմի վտանգն ու տարածաշրջանային անկայունությունը: Հայաստանը ևս դասվում է արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին: Տարեկան Հայաստանից մեծ թվով հեռանում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Հայաստանից կանանց արտագաղթի ներկայիս մակարդակի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու նպատակով հանդիպեցինք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի միգրացիայի և թրաֆիքինգի հարցերով փորձագետ` տկն. Օվսաննա Բաբայանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

– Ինչպե՞ս կգնահատեք կանանց միգրացիայի ներկայիս մակարդակը Հայաստանում: Միգրանտների քանի՞ տոկոսն են կազմում կանայք: Ըստ Ձեր կատարած ուսումնասիրության` նախորդ տարիների համեմատ աճե՞լ, թե՞ նվազել է կանանց միգրացիայի մակարդակը Հայաստանում:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կանանց միգրացիայի մակարդակը աճել է: Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում միգրանտների 51-52%-ը կանայք են: Եթե համեմատենք 1991-1993 թթ. հետ, ապա կարող ենք ասել, որ այդ թվականներին Հայաստանից հեռացող միգրանտների գերակշռող մեծամասնությունը տղամարդիկ էին: Այդ տարիներին, սոցիալ-տնտեսական վատ պայմաններից դրդված`տղամարդիկ մեկնում էին արտերկիր, որպեսզի գումար վաստակեին և կարողանային իրենց ընտանիքը պահել Հայաստանում: Բայց արդեն վերջին տարիների ուսումնասիրությունների համաձայն` կանանց միգրացիայի աճի միտում է նկատվում Հայաստանում, ըստ այդմ էլ մեծացել է Հայաստանից հեռացող կանանց թիվը:

– Որո՞նք են այն արաջնահերթ պատճառները, որ ազդում են Հայաստանից կանանց միգրացիայի մակարդակի բարձրացման վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես վերջին տարիներին մեծ թիվ են կազմում այն կանայք, ովքեր Հայաստանից հեռանում են իրենց ամուսիններին միանալու նպատակով, այսինքն, պատճառը ընտանիքի վերամիավորումն է: Սակայն, իհարկե, փոքր չէ նաև այն կանանց թիվը, ովքեր մեկնում են արտերկիր որպես անհատ` աշխատելու և գումար վաստակելու նպատակով: Իրականում միգրացիայի պատճառները կարող են տարբեր լինել: Եթե համեմատենք ըստ բարձր, միջին և ցածր խավերի, ապա կարող ենք ասել, որ Հայաստանից ամենաշատն արտագաղթում է բնակչության միջին խավը: Սա ենթադրում է, որ սոցիալ-տնտեսական վատ պայմանները, թերևս, չեն կարող համարվել միգրացիայի միակ պատճառը: Oդանավակայաններում ու սահմանային անցակետերում հարցում չի անցկացվում մարդկանց` Հայաստանից հեռանալու իրական պատճառը պարզելու համար: Իրականում այդ հարցման կարիքն էլ չկա, որովհետև երբեք չես կարող իմանալ, թե տվյալ մարդը իրական պատճառը կասի, թե կստի:

– Ձեր իրականացրած ուսումնասիրությունների համաձայն` տարեկան արտագաղթած կանանց քանի՞ տոկոսն է վերադառնում Հայաստան:

Կոնկրետ վիճակագրական տվյալներ ասելը դժվար է, որովհետև դա ենթադրում է տարեկան ուսումնասիրություններ, հետազոտություններ, իսկ վերջիններիս իրականացման համար անհրաժեշտ են մեծ գումարներ: Դա այդքան էլ իրատեսական չէ իրականացնել Հայաստանում` ելնելով երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակից: Այնուամենայնիվ կարող եմ նշել, որ միգրանտների վերադարձը շատ մեծ միտումներ չունի: Հայաստանում էլ դեռևս չկան համապատասխան սոցիալական ու տնտեսական պայմանները, որոնք կարող են խթանել միգրանտների ակտիվ վերադարձը Հայաստան: Թերևս սոցիալ-տնտեսական վատ պայմանները Հայաստանից արտագաղթի բարձր քանակի միակ պատճառը չէ, այնուամենայնիվ մանր ու միջին բիզնեսի խթանումը ոչ միայն կխրախուսի միգրանտների վերադարձը Հայաստան, այլև զգալիորեն կնպաստի առկա միգրացիայի բարձր մակարդակի նվազեցմանը:

– Հայաստանում գործազուրկ անձանց քանի՞ տոկոսն են կազմում կանայք: Արդյո՞ք կանանց գործազրկության մակարդակը շատ ավելի բարձր է, քան տղամարդկանցը:

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում գործազուրկ կանայք շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ: Սակայն սա պայմանավորված է նաևայն փաստով, որ կանայք ավելի հակված են գրանցվել որպես գործազուրկ, քան տղամարդիկ: Ելնելով հոգեբանական որոշ բարդույթներից` տղամարդիկ չեն ցանկանում գրանցվել որպես գործազուրկ, որպեսզի չստանան գործազրկության նպաստ: Ըստ նրանց` դա նվաստացնում է իրենց արժանապատվությունը: Այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե վերոնշյալ պաշտոնական տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը:

– Ըստ Ձեզ` արդյո՞ք դեռ կա կնոջ և տղամարդու ավանդական դերերի ընկալման կարծրատիպը ինչը կարող է սահմանափակել կնոջ ազատ տեղաշարժն ու արտերկրում աշխատելու հնարավորությունները, թե՞ այդ կարծրատիպն արդեն կոտրվել է Հայաստանում:

Ո՜չ, այդ կարծրատիպը դեռևս չի վերացել, այն կա և դեռ շատ երկար էլ կմնա: Չնայած նախորդ տարիների համեմատ կանանց միգրացիայի մակարդակը աճել է, այնուամենայնիվ կանանց արտերկրում աշխատելը դեռևս չի խրախուսվում: Աշխատանք գտնելու նպատակով կանայք Հայաստանից մեկնում են Թուրքիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, նաև եվրոպական որոշ երկրներ: Շատ դեպքերում ամուսինները իրենց կանանց հետ միասին գնում են` տվյալ երկրներում իրենց կանանց անվտանգությունը ապահովելու համար:

– Մինչ այսօր ի՞նչ ծրագրեր են մշակվել և իրագործվել Հայաստանից միգրացիայի մակարդակի նվազեցման համար:

Այն բոլոր ծրագրերը, որոնք մշակվում և իրականացվում են Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից, անուղղակիորեն նպատակաուղղված են նաև Հայաստանից միգրացիայի բարձր մակարդակի նվազեցմանը: Բացի տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ջանքերից, ԵԱՀԿ-ն Հայաստանում իրականացնում է նաև մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը ուղղված ծրագրեր: Նշված ոլորտներում ցանկացած առաջընթաց կարող է նպաստել Հայաստանից միգրացիայի մակարդակի նվազեցմանը: ԵԱՀԿ-ն հետևում է նաև Հայաստան վերադարձող միգրանտների ինտեգրման գործընթացին, որպեսզի Հայաստանում օրենսդրությունը համապատասխանի միջազգային չափանիշներին:

Անուշ Նալղրանյան