Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
– Պարո՛ն Նավասարդյան, վերջին տարիներին Հայաստանում և շուրջը տեղի ունեցող բուռն իրադարձությունները կարծես թե հետ են մղել, եթե չասենք՝ մոռացության են մատնել պետությունում ապրող փոքրամասնությունների խնդիրները:
– Պատճառները մեզ համար պարզ են. դա պայմանավորված է բավականին սուր ներքին քաղաքական պայքարով, COVID-ով, պատերազմով, հետպատերազմյան ճգնաժամով։ Հասարակության ակտիվ մասին ավելի շատ հետաքրքրում են անմիջական մարտահրավերները, որոնք ամբողջ հասարակության համար նշանակություն ունեն, սակայն դա չի նշանակում, որ պետությունն ինստիտուցիոնալ մակարդակով չպետք է շարունակի զբաղվել նաև բոլոր փոքրամասնությունների իրավունքների հարցերով: Այդ ուղղությամբ հասարակության ակտիվության նվազումը չի ազատում պետությանն իր պարտականություններն ու առաքելությունն իրականացնելու գործառույթից և՛ օրենսդրական մակարդակով, և՛ քաղաքականություն իրականացնելուց, այն է՝ հասարակությանը մատուցել այն սկզբունքները, որոնք քաղաքակիրթ ժողովրդավարական հասարակությունում պետք է ընդունված լինեն:
– Եվ որքանո՞վ է այժմ պետությունն իրականացնում իր այդ առաքելությունը:
– Այդ առումով մենք լուրջ թերություններ ենք տեսնում. ինչ-որ տեղ մեր քաղաքական իշխանությունները ենթարկվում են ընդհանուր կոնյուկտուրային և խուսափում են այնպիսի հարցերի քննարկումներից, որոնք լայն զանգվածների շրջանում կարող են ինչ-որ ազդեցություն թողնել իրենց հեղինակության առումով: Այսինքն՝ ոչ թե քաղաքականություն մշակող են, այլ քաղաքականությանը ենթարկվող, իսկ դա որևէ պատասխանատու ինստիտուտի, առավել ևս՝ պետության, իշխանության դեպքում ընդունելի վարքագիծ չէ:
– Փոքրամասնություններից առավել խոցելին ԼԳԲՏԻ+ համայնքն է եղել մշտապես, և երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը եկավ իշխանության, նա հայտարարեց, որ այս մարդիկ, այո՛, գոյություն ունեն: Այժմ ի՞նչ փոխվեց:
– Երբ քաղաքական դերակատարները գտնվում են պոպուլյարության գագաթին, նրանք պատրաստ են այնպիսի բաներ ասել, որոնք, միգուցե, մեր հասարակության որոշ մասի համար մարտահրավեր ընկալվեն, սակայն երբ լեգիտիմությունը, երբ ժողովրդի կողմից ընդունված լինելու աստիճանը նվազում է, սկսում են ենթարկվել կոնյուկտուրային և սկսում են աշխատել այնպիսի հայտարարություններ չանել, որոնք կարող են ռիսկի ենթարկել իրենց իշխանության ամրությունը և վարկանիշը:
– Կարո՞ղ ենք եզրահանգել, որ այս իշխանությունն իր նախաձեռնությամբ չի փորձի լուծել փոքրամասությունների, այդ թվում՝ ԼԳԲՏԻ+ անձանց խնդիրները, քանի որ ակնառու է, որ իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում անկում է գրանցում։ Եվս մեկ հարց․ համայնքն իր հերթին ի՞նչ ճանապարհներով պետք է հիշեցնի իր և իր խնդիրների գոյության մասին, երբ հանրային-քաղաքական խոսույթը հիմնականում անվտանգային օրհասական խնդիրների շուրջ է։
– Կրկին ցանկում եմ նշել, որ պետությունը պարտավորություն ունի զբաղվելո՛ւ հասարակության համար նշանակություն ունեցող բոլոր հարցերով և եթե զբաղվի, ապա կձևավորվեն նաև հարթակներ, որտեղ տարբեր խմբեր, այդ թվում՝ նաև ԼԳԲՏԻ+ մարդկանց իրավունքներով զբաղվող, կկարողանան երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ, առաջարկներ անել, նախաձեռնություններով հանդես գալ, քաղաքականության մշակման համար ինչ-որ գաղափարներ առաջ քաշել, և դրա հնարավորությունը պայմանավորված է հենց պետական կառույցների շահագրգռվածությամբ։ Այսինքն՝ հնարավոր չէ ինչ-որ լուրջ գործընթաց սկսել, եթե քո խնդիրների նկատմամբ չկա բավարար պետական ուշադրություն, և տվյալ պարագայում ես գտնում եմ, որ պետք է հնարավոր բոլոր միջոցներով պետությանը կանգնեցնել անհրաժեշտության առջև, որ զբաղվի այն խնդիրներով, որոնք կան և որոնք ունեն լուծումների կարիք:
– Իսկ ինչպե՞ս և ո՞վ պետք է պետությանը կանգնեցնի այդ անհրաժեշտության առջև:
– Առաջին հերթին դա իրավապաշտպան հանրույթն է, հասարակական կազմակերպությունները, որոնք մարդու իրավունքների հետ կապված հարցերում Հայաստանում բավականին ակտիվ են եղել տարիների ընթացքում: Հիմա այդ ակտիվությունը, ցավոք, նվազել է, ինչը պայմանավորված է նաև համախմբվածության պակասով, այսինքն՝ տարբեր հասարակական կազմակերպություններ կարծես թե բաժանված են տարբեր ճամբարների: Որոշ դեպքերում, ցավոք, այդ բաժանումը պայմանավորված է քաղաքական համակրանքներով կամ հակակրանքներով, ինչը չպետք է լինի քաղաքացիական հասարակությունում։ Որոշ դեպքերում էլ միտում եմ տեսնում զբաղվելու ակտիվության իմիտացիայով, այլ ոչ թե իրական խնդիրներով: Դա խոսում է այն մասին, որ իրավապաշտպան հանրության, քաղաքացիական հասարակության շրջանում ակնհայտ ճգնաժամային երևույթներ կան:
– Լրատվամիջոցներն այս փուլում ի՞նչ դերակատարություն ունեն և կարող են ունենալ ԼԳԲՏԻ+ անձանց խնդիրների բարձրաձայնման և լուծման առումով:
– Մենք պետք է արձանագրենք, որ լրատվամիջոցները՝ որպես ոլորտ, հիմնականում բիզնես են: Մենք կարող ենք խոսել այն մասին, որ լրատվամիջոցները նաև որոշակի հանրային պարտավորություններ ունեն, բայց առաջին հերթին դրանք բիզնես են և անում են այն, ինչն ապահովում է լսարանի ընդլայնում, և իրենց նախաձեռնությամբ լրատվամիջոցները, բնականաբար, դժվար թե անդրադառնան այնպիսի հարցերի, որոնք չեն նպաստում առևտրային հաջողությունների և առևտրային խնդիրների լուծմանը: Դա է պատճառը, թե ինչու է անհրաժեշտ, որ պետությունը տեղեկատվական քաղաքականություն իրականացնի, իսկ հանրային դաշտում ակտիվ լինեն քաղաքացիական հասարակության կառույցները։ Եթե դա լինի, եթե նրանք համապատասխան աշխատանք տանեն նաև լրատվամիջոցների հետ, ապա փոքրամասնությունների խնդիրների արծարծումը բավարար ծավալով կտեսնենք նաև լրատվամիջոցներում, իսկ եթե այդ նախաձեռնողականությունը քաղաքացիական հասարակության և պետության կողմից չկա կամ բավարար չէ, ապա մենք չպետք է սպասենք, որ լրատվամիջոցները համարժեք ուշադրություն կդարձնեն խնդրին:
– Դուք խոսում եք պետության նախաձեռնողականության մասին, և պետք է նկատել, որ նախկին իշխանություններն էլ առանձնապես հակված չէին ԼԳԲՏԻ+ անձանց խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը, այդուհանդերձ 2017-ին հասարակական-քաղաքական դաշտում քննարկվում էին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ու փոփոխություններ, բարձրաձայնվում էին համայնքի այնպիսի խնդիրներ, որոնց մասին հիմա համարյա չի խոսվում: Այն ժամանակ ինչպե՞ս էր հանրային խոսույթը լցված այլ բովանդակությամբ:
– Դա պայմանավորված էր երկու հանգամանքով: Նախ՝ իշխանությունները շահագրգռված էին միջազգային կառույցների հետ հարաբերությունները խորացնելով, և կարող ենք ասել, որ այդ գործընթացը Հայաստանում մինչև 2017 թվականն ակնհայտ էր: 2017 թվականին արդեն նախընտրական փուլում ակնհայտ դարձավ կենտրոնացումը ներքին քաղաքական խնդիրների վրա, և այդ ժամանակ քաղաքական վերնախավի համար իշխանությունը պահելու կամ վերցնելու օրակարգային հարցերն էին առաջնային դարձել: Միջազգային կառույցների հետ աշխատանքը, սկսած 2017 թվականից, մեզ մոտ ակնհայտ պասիվության դրսևորումներ ունի: Մյուս կողմից, արդեն նշեցի, մեզ մոտ մինչև վերջին տարիները բավական կայացած իրավապաշտպան համայնք կար և բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը, որոնց այսօրվա վիճակի վերաբերյալ իմ գնահատականներն արդեն մանրամասն ներկայացրեցի: Այս ամենը հանգեցնում է նրան, որ, այո՛, այն դրական գործընթացները որոնք թեև դժվարությամբ, բայց Հայաստանում գնում էին առաջ, այսօր, փաստորեն, անուշադրության են մատնվել կամ դարձել են կոնյուկտուրայի զոհ։
– Մեր նախորդ զրուցակիցները՝ ձեր գործընկերները, նույնպես հետընթաց են արձանագել։ Ըստ ձեզ՝ ե՞րբ Հայաստանում հանրային քննարկման ձևն ու բովանդակությունը կվերադառնա գոնե այն դիրքին, որը կար մինչև վերջին մի քանի տարին:
– Դժվարանում եմ ասել. կարող եմ հոռետես թվալ, բայց նման դրական միտում չեմ տեսնում, հակառան եմ տեսնում. այն խնդիրները, որոնք հիմա կան Հայաստան-միջազգային կառույցներ հարաբերություններում կամ քաղաքացիական հասարակության ներսում, ավելի ու ավելի խորանում են:
Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր