Միքայել Դանիելյան

«Ապագան միայն թաղումներին մասնակցելու համար չէ: Ապրի´ր այժմ. վաղն էլ ոչ բոլորի համար է»

«Մեծացել եմ ջազի հնչյունների ներքո: Ծնողներս այլ արժեքներ կրող մարդիկ էին և դրա համար է, որ ինձ ազատ և համարձակ են դաստիարակել, և որ կարևոր է, սովորեցրել են հանդուրժողականություն, հարգանք մարդկանց նկատմամաբ:  Նույնն էլ ինքս եմ անում` սերմանելով իմ երեխաների մեջ հարգանք, հանդուրժողականություն և ազատություն»:

Իրվապաշտպան Միքայել Դանիելյանը ծնվել է 1959թ. փետրվարի 17-ին: Ավարտել է Երևանի պետական Պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1997թ-ից «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի» հիմնադիր նախագահն է:

«1991 թվականից աշխատել եմ «Էքսպրես Խրոնիկա» իրավապաշտպան թերթում` գրելով հոդվածներ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների և պաշտպանության մասին: 1995 թվականին ինձ առաջարկեցին ստեղծել Հայաստանում որևիցէ իրավապաշտպան կազմակերպություն, քանի որ, ըստ միջազգային դիտորդների և փորձագետների, Հայաստանում կային գրանցված որոշակի հասարակական կազմակերպություններ, սակայն նրանք կարծես գործունեություն չէին ծավալում: Եվ ես հիմնեցի Հայաստանում Հելսինկյան կոմիտեն: 1996 թ-ին ես դուրս եկա Հելսինկյան Կոմիտեից, ինչպես նաև նախագահությունից` որոշելով չաշխատել ՀՀ որևիցէ կազմակերպությունում: 1997թ-ին ընկերներիս աջակցությամբ, երկար քննարկումներից հետո, ստեղծեցի «Հելսինկյան Ասոցիացիան» և աշխատում եմ այնտեղ մինչ այժմ»:

1998թ. մայիսի 18-ին, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը Հելսինկյան Ասոցիացիային շնորհել են ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մրցանակ` ի ճանաչումն Հելսինկյան Ասոցիացիայի ձեռքբերումների քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական արժեքների նպաստման գործում: 2009թ. հունվարին, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին շնորհել է «Ազատության պաշտպան 2008» մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար այս տարիների, և հատկապես, 2008թ. քաղաքական ողբերգական իրադարձությունների ընթացքում:

«Ինչ ասել է քաղաքացիական հասարակություն, ես դա չգիտեմ, Հայաստանում չեմ տեսնում: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք որևիցէ ոլորտում գործունեություն են ծավալում, սակայն քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, չկա: Ինչու՞ եմ այսպես ասում: 2008 թ-ին, եթե կար քաղաքացիական հասարակություն, ապա բոլորը պետք է անդրադառնային այն բանին, թե ինչ կատարվեց մարտի մեկին, սակայն ոչ ոք  ոչինչ չարեց»:

– Այսքան տարի արդեն աշխատում եք քաղաքացիական հասարակության կերտման և զարգացման ուղղությամբ, ի՞նչ հաջողությունների եք հասել, ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտներում:

-Հաջողությունների մասին մի փոքր դժվար է խոսելը: Լինում են դեպքեր, երբ դու քեզ զգում ես  բարոյապես հաղթանակած, և դրանք շատ են: Դրանք քեզ ավելի շատ ուժ են տալիս և հնարավորություն` շարունակելու հետագա գործը, որն ուղղված է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Կարելի է առանձին ձևաչափեր գտնել: Առաջին անգամ մեր կազմակերպության ջանքերի շնորհիվ դատապարտվեց ԼՂՀ փոխգնդապետ` խոշտանգումների համար: Մարդ կար, որին մեղադրում էին բռնաբարության և սպանության համար, դատապարտել էին 14 տարի ազատազրկման,  և մենք միակ մարդիկ էինք, որ նրան պաշտպանում էինք. 5 տարի հետո նրան բաց թողեցին` հանելով նրա վրայից մեղադրանքը:

Մենք առաջիններից ենք եղել Հայաստանում, որ ջատագովել ենք այնպիսի օրենքների ընդունում, ինչպիսիք են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը և այլն:

Հայաստանյան մի քանի հասարակական կազմակերպությունների հիմնադիր եմ հանդիսանում, ինչպիսիք են «Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն», «Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիան», «Մենք հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ները և այլն:

– Հասարակական կարծիքը ոչ միանշանակ գնահատականներ է երբեմն տալիս քաղաքացիական և հասարակական ակտիվիստներին, նրանց ծավալած գործունեությանը. ի՞նչ զգացողություններ և առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը կամ անհարկի հանրային զրպարտություններին:

– Հասարակությունն ունի շատ «հիվանդ» տարրեր, որոնք «բուժման» կարիք ունեն: Երբ հասարակության մեջ գոյություն ունեն այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են վաճառել իրենց ձայները 5000-ից 10000 դրամով, դա հիվանդություն է: Երբ իմանում ես, որ մարդուն ծեծել են ոստիկանության բաժանմունքում, մտածում ես, որ երևի մեղավոր էր, դրա համար են ծեծել, դա էլ է հիվանդություն: Շատ բան պետք է փոխվի մեր հասարակության մեջ, շատ շտկումների, գաղափարական փոփոխությունների կարիք կա:

Ռոքը երաժշտության այն տեսակներից է, որը բարձրացնում է հասարակական տարբեր հիմնախնդիրներ` որպես արտահայտչամիջոց ընտրելով երաժշտությունը: Հայաստանյան հասարակությունում ռոքը, ռեփը, բոլորը երգերը կարծես թե միևնույն բովանդակությունն են կրում: Իսկ ռոք խմբերը, հասարակական լուրջ խնդիրների, մարտի 1-ի դեպքերի մասին երգելու փոխարեն, համերգներ են տալիս ՀԴՄ-ների վիճակահանության համար:

– Դուք ճանաչում եք ձեռք բերել ողջ հայաստանյան հասարակության մեջ: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

– Ինձ թվում է հաջողության հասնելու և ճանաչում ձեռք բերելու հիմնական գրավականը այն է, որ ես մտածում, խոսում և անում եմ միևնույն բանը: Ինչպես նաև անվախ եմ, մինչև վերջ կանգնած այն գործի համար, որը սկսել եմ: Նաև ոչ կոմպրոմիսային մարդ եմ. գոյություն ունեն իմ համար այնպիսի սկզբունքներ, որոնցից ոչ մի պարագայում, ոչ մի իրադրությունում պարզապես չեմ հրաժարվի:

– Իսկ որպես փորձառու մասնագետ, քաղաքացիական հասարակության ակտիվիստ, ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը, երիտասարդ քաղաքացիներին:

– Ազատ լինել: Խոսքը անարխիայի հասնող ազատության մեջ չէ, այլ հարաբերական ազատության. իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը: Պետք է ապրել ոչ թե անցյալով, այլ ներկայով. ապագան պետք է երազել: Ինչպես նաև խորհուրդ եմ տալիս հարգել մարդու իրավունքները, որոնք, ինձ համար, բարձր են թե´ ազգային, թե´ պետական շահերից:

«Մի անգամ դատական նիստի ներկայացա շորտերով: Դատավորն ապշած նայում էր վրաս և հետո հարցրեց.
Դատավոր – Պարոն Դանիելյան, սա ի՞նչ է, ի՞նչ տեսքով եք ներկայանում դատական նիստի:
Դանիելյան – Պարո´ն դատավոր, չէ՞ որ ոչ մի օրենքով չի սահմանափակվում կամ սահմանվում դատարանում ներկա լինելու արտաքին տեսքը, նման պահանջներ չկան:
Դատավոր – Իսկ Դուք փորձեք հարգել դատարանը:
Դանիելյան – 10 տարի արդեն փորձում եմ, բայց, ցավոք, ոչ մի կերպ չի ստացվում:»

Այլոք Միքայել Դանիելյանի մասին

 Էդուարդ Դանիելյան, որդի

Հայրիկս մարդ է, ով միշտ պատրաստ է բոլորին օգնել և պատասխան ոչինչ չի սպասում երբեք, մարդ, ով համարյա ամեն ինչ կարող է հասկանալ և ընդունել (ինչպես ասում են` հանդուրժող): Նա մշտապես ուրախ է, կարողանում է դիմացինի տրամադրությունը բարձրացնել, չի սիրում վեճ կամ կռիվ, բայց պատրաստ է պայքարել անարդարության դեմ: Չի սիրում տգիտությունը և անճաշակությունը, այլ սիրում է գեղեցիկը, գնահատում է իրական արվեստը: Նա շատ է սիրում լավ շրջապատ, սակայն կարող է «լեզու գտնել» տարբեր մարդկանց հետ: Չի նմանվում ուրիշներին, ապրում է ներկայով և չի ստեղծում իր համար հորինված աշխարհ:

Արման Վեզիրյան, գործընկեր

Միկան հրաշալի անձնավորություն է, լավ ընկեր, լավ բարեկամ: Աշխատանքի մեջ նրա շնորհիվ ստեղծվում է միշտ ուրախ և հաճելի մթնոլորտ, աշխատակիցներին նայում է որպես իրեն հավասարի: Նրա կողքին ես գիտեմ, որ կա Միքայել անունով մի մարդ, ով ցանկացած հարցով պատրաստ է օգնել ինձ և մնացածին, ով օգնության կարիք ունի: Միկան աշխարհի ամենադեմոկրատ մարդն է:

Նվարդ Մարգարյան