Կինը ֆոտոարվեստում

Տեսախցիկը նոր հնարավորություններ ընձեռեց, ու մեր դարում ֆոտոարվեստը հայտնագործություն չէ, այլ տարբեր ոլորտներում օգտագործվող մի հետաքրքիր գործիք, ինքնարտահայտվելու, ինչպես նաև այլ նպատակների ծառայող մի արհեստ/արվեստ/զբաղմունք… (ով ինչպես կանվանի):

Հայաստանում էլ կան ֆոտոարվեստում խոսք ասող կանայք, և այս հոդվածով կծանոթանանք նրանցից երեքի հետ:

Նազիկ Արմենակյան

– Հայաստանն իր բնությամբ, աշխարհագրական դիրքով, քաղաքական ու տնտեսական պատկերով, անցյալով, ներկայով ու հեռանկարներով ի՞նչ ազդեցություն է թողել և թողնում քո արվեստի բովանդակության ու տեսքի վրա: Կա՞ այնպիսի երկիր, որում կնախընտրեիր ապրել ու ստեղծագործել:

– Մի քանի տարի առաջ ես մտածում էի, որ շատ ավելի լավ կլիներ ապրել և ստեղծագործել մի այլ երկրում. թերևս ճանապարհորդելն ու նոր երկրներ բացահայտելը յուրաքանչյուր ֆոտոլրագրողի հաջողության գրավականն են: Սակայն Հայաստանն ինձ հուզում է ամենից շատ: Երբ նկարում էի «Վերապրածներ» ֆոտոնախագիծը, որ Օսմանյան Թուրքիայից փրկված, Հայոց մեծ Ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին էր, ես հասկացա մի պարզ բան` լինելով իմ երկրի ներսում, ես ավելի շատ հնարավորություններ ունեմ և ավելի շատ եմ պարտավոր վերհանելու իմ երկրի խնդիրները` փաստագրելով հայկական պատմությունն ու ժամանակը:

– Տեսախցիկին երբևիցե, որպես մարդ և որպես Հայաստանում ապրող կին, պատմո՞ւմ ես քո մտահոգություններն ու վախերը, հույզերը, լուսանկարների միջոցով ձերբազատվո՞ւմ ես անհանգստություններից ու անորոշությունից, և լավատեսությամբ լցվո՞ւմ ես:

– Այսօր թվային լուսանկրչությունը շատ մեխանիկական վարժություն է հիշեցնում. վերցրեցիր, գնացիր, նկարեցիր, ու ունես լուսանկար: Ինձ համար լուսանկարելը երկխոսություն է, մտածելու ձև, լուսանկարչական խցիկը` միջոց. դա ուղղակի կապ է իմ խցիկի ու օբյեկտի հետ: Եթե այդ կապը չկա, ոչինչ չի ստացվի: Իհարկե, շատ կարևոր է արդյունքը` այն ինչ տեսնում ես. հետագայում դա տեսնում են շատ մարդիկ: Ես սիրում եմ պրոցեսը, մարդկանց հետ կապը: Ամենադժվարին պահերին ես լուսանկրում եմ, իմ լուսանկարչական խցիկը միշտ ինձ հետ է: Ես վստահում եմ նրան, իսկ նա իմ առջև նոր դռներ է բացում:

– Ընդհանրապես քո ստեղծագործական գործունեության մեջ ի՞նչ տեղ է հատկացված պակաս տեսանելիություն ունեցող կանանց (օր. ազգային կամ էթնիկ փոքրամասնությունների, նաև լեսբուհի, բիսեքսուալ, տրանսգենդեր կանայք):

– Այսօր կանայք, առավել քան երբեք, ակտիվ են, նրանք փորձում են բարձրացնել շատ հիմնախնդիրներ բռնության, հավասարության, լիարժեքության մասին: Ես, որպես կին ֆոտոլրագրող, իհարկե հետաքրքրված եմ տարբեր կանանց տարաբնույթ խնդիրներով` թե´ ազգային ու կրոնական փոքրամասնությունների, թե´ հատկապես տարբեր սեռական կողմնորոշումներ ունեցող կանանց:

«Վերապրածներ»

Ֆոտոարվեստն ինչո՞ւ է պետք: Ի՞նչ է դա մեզ տալիս: Նազիկ Արմենակյանը նկարագրեց մի քանի եղանակ, որով ֆոտոարվեստն օգտակար է մեզ.

  • Լուսանկարչությունն ու մասնավորապես ֆոտոլրագրությունն օգնում են վերհանել երկրի խնդիրները,
  • Բացահայտել չբացահայտված, չխոսված թեմաները,
  • Վավերագրել իրականությունը ներսից, երկրի խորքից,
  • Ճշգիրտ տեղեկություններ տարածել, նպաստել տաբու թեմաների քննարկմանը:

Իսկ Անահիտ Հայրապետյանը դրան ավելացնում է այն կարևոր փաստը, որ մարդիկ փորձում են ինչ-որ ձևով նպաստել, օգնել, նաև զանգահարում ու օգնություն են առաջարկում: Այդպիսով ֆոտոարվեստն ուղիղ ձևով է երբեմն ազդում մարդկային կյանքերի վրա` լուծելով որոշ խնդիրներ և նպաստելով տարբեր հիմնահարցերի վերհանմանն ու կարգավորմանը:

Իննա Մխիթարյան

– Ո՞րն եք նախընտրում. արվեստ հանուն արվեստի՞, արվեստ հանուն մարդկությա՞ն / հայությա՞ն / կանա՞նց: Այլ տարբերա՞կ: Ինչո՞ւ:

-Հետաքրքիր հարց է… Կարծում եմ ամենաճիշտը` արվեստ հանուն արվեստի: Գուցե ինքնանպատակ է հնչում, բայց երբ արվեստն ուղղում ես հանուն ինչ-որ բանի, արդեն, իմ կարծիքով, կողմնակալ ես դարձնում արվեստը: Միշտ նկատել եմ այն փաստը, որ, լինի թե´երաժշտություն, թե´ արվեստի այլ ճյուղ, երբ այն ինքնաբուխ է և ոչ հանուն ինչ-որ բանի, դա ամենաճիշտն է և անկեղծը: Երբ որ նպատակ դնես, կարող է «իդեալական» արվեստը չլինի: Երևի էդպես…

– Ակտի՞վ եք սոցիալական և/կամ քաղաքական հարթակների վրա: Ինչպե՞ս եք Զեզ զգում այդտեղ, մարդիկ ինչպե՞ս են վերաբերում:

– Սոցիալականում` միանշանակ: Քաղաքական հարթակում` ոչ: Իմ ընտրությամբ է, որ ակտիվ չեմ, չեմ փորձել. ինձ հարազատ, ավելի հետաքրքիր և օգտակարության տեսանկյունից նախընտրելի են սոցիալական թեմաները:

Վերաբերմունքի հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել: Կարծում եմ սերնդակից տղամարդ լուսանկարիչներն ավելի մեծ խնդիրների առջև կարող են կանգնել, քան մենք, որովհետև Հայաստանում կանանց հանդեպ մոտեցումը մի քիչ ուրիշ է` մեղմ: Կարող եմ հիշել մարտիմեկյան դեպքերը` ժողովուրդը զայրացած, ոստիկանները զայրացած, և մեջտեղում մենք էինք: Այդ օրերին զգացի, որ այս դեպքում կին լինելն առավելություն էր. ո´չ ոստիկանը, ո´չ ժողովուրդը ձեռք չէին բարձրացնում: Իսկ տղամարդ լուսանկարիչների համար իրավիճակն ավելի վտանգավոր էր:

«Մեծ ամուսնություն» – Արցախ, Ստեփանակերտ 2011թ.

Իննայից խնդրեցի, որ որպես լուսանկարիչ մեկնաբանի «գեղեցկությունը կփրկի աշխարհը» ասացվածքը: Նա պատասխանեց, որ «Գեղեցկությունը հարաբերական է: Գեղեցկության ընկալումը տարբեր է:

«Օրինակ գեղարվեստական լուսանկարչության մեջ իդեալական մարմին կամ պեյզաժ պատկերել փորձելիս մարդիկ կարծում են, որ դա է գեղեցիկը: Իսկ ո՞ վ է ասում, որ իմ խեղճ, աղքատ, թույլ լույսի տակ լուսանկարված ընտանիքի պորտրետը չի համապատասխանում այդ չափանիշներին:

«Ինձ համար սոցիալական թեման շատ գեղեցիկ է: Հարաբերական լինելը եթե ընդունենք որպես հիմք, կհամաձայնվեմ այդ ասացվածքի հետ: Բայց ամեն մարդու համար դա տարբեր է»:

Անահիտ Հայրապետյան

– Պատահե՞լ է, երբ նկարելիս գործ ունենալիս կնոջ հետ, ինքներդ Ձեզ նույնականացնեք նրա հետ, և առավել ուժգին ձևով փորձեք փոխանցել նրա իրականությունը, ապրումները, հոգեվիճակն ու կյանքը:

-Ինչ էլ նկարելիս լինեմ, միջովս է անցնում, սպունգի պես քաշում եմ ներս: Ինչքան էլ փորձեմ սովորել կողքից նայել, միևնույն է` չի ստացվում: Կանանց նկարելիս ու լսելիս, իհարկե, ուրիշ ձև եմ դա զգում:

Երբ նրանք խոսում են երեխաներից, կամ կենցաղային դժվարություններից, մաշկիդ վրա ես դա զգում, քանի որ ինքդ նույն կյանքն ես ապրում: Երբեմն դա խանգարում է, մի քիչ սառնասրտությունը էս դեպքերում գուցե ավելի լավ է: Շատ հաճախ ուղղակի հետ եմ գալիս առանց որևէ լուսանկարի, հետո հասկանում եմ, որ վերածվել եմ սոցիալական աշխատողի, ինչը սակայն իմ պարտականությունը չէ:

– Ձեր որոշ ստեղծագործություններ դիտելիս ինձ բռնեցի այն բանի վրա, որ ստորին շրթունքս ատամներիս արանքում էի սեղմել. մոտս առաջացել էր կարեկցանքի զգացում, սրտացավություն, հատկապես սոցիալապես անապահով մարդկանց և նրանց կենսապայմանները տեսնելիս: Իսկ Դուք Ձեր արվեստի միջոցով ի՞նչ հույզեր կցանկանայիք արթնացնել դիտորդի սրտում:

– Մեր սերնդին այդքան խորթ չեն այդ պայմանները: Շատ եմ լինում գյուղերում: Այդ ամենի միջով ես էլ եմ անցել, ու դա չի կարող չերևալ լուսանկարներում: Մինչև դու ինքդ չծննդաբերես, ինչքան էլ վառ երևակայություն ունենաս, չես պատկերացնի, թե ինչ է դա:

Ֆոտոլրագրությունը մի քիչ հասուն մասնագիտություն է, ու պատահական չէ, որ իմ ընկերներից շատերը, ես էլ, մի ուրիշ մասնագիտությունից ենք անցել ֆոտոլրագրությանը, ամեն մեկը կյանքի որոշակի փորձ կուտակելուց հետո: Դա նաև մի մասնագիտություն է, որը թույլ է տալիս վերցնել նաև հերոսներիդ փորձը, նրանց ուրախություններն ու դժբախտությունը` ապրելով նրանց կյանքով:

առանց մեկնաբանության

Նազիկը փաստում է, որ աշխատել է վերհանել տարբեր կանանց վերաբերող թեմաներ, օր.` Եհովայի վկա, աղքատության մեջ ապրող և այլ կանայք: Սակայն իր առավել հետաքննած և դեռևս շարունակվող նախագիծը տարբեր սեռական կողմնորոշումներ և գենդերային ինքնություններ (լեսբուհիներ, տրանսգենդերներ) ունեցող կանանց մասին է:

Իսկ Անահիտը պատմում է, որ հիմա էլ պատկերում է կանանց նկատմամբ կատարված բռնությունները, և առհասարակ երեխաներ ունենալուց հետո ավելի ու ավելի «կանացի» են դառնում իր մտքերը: Ինքը, լինելով այս հասարակության մի մաս, ավելի ու ավելի է հասկանում կանանց կյանքի բարդություններն ու սահմանափակումները, այդ ամենի միջով ինքն էլ է անցնում:

Իննան էլ նկարագրում է իր ամենաթարմ ծրագիրը: Հնդկաստանում լուսանկարում էր ամենաստորին կաստայի աղքատ կանանց: Տպավորվել էր Սունիտա անունով մի աղջնակ, որ վեց ամսական հղի վիճակում անանասներ էր գլխի վրա ածում և վաճառում:

աշխարհի հնագույն ֆոտոխցիկը

«Մարդկանց նկարելը մի բան է: Մեկ այլ բան է մյուսներին նրանց մասին մտածել ստիպելը` բացահայտելով նրանց մարդկայնության կորիզը»:
Պոլ Ստրենդ

«Կաք միայն դու և տեսախցիկդ: Նկարիդ միջի սահմանափակումները դու ես, քանզի մենք այն ենք, ինչը որ տեսնում ենք»:
Էրնստ Հաաս

Սևակ Կիրակոսյան