Ծնվել է 22 հոկտեմբեր 1976թ
Սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանում
Մասնագիտությամբ` ընտանեկան բժիշկ
Աշխատում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում որպես ծրագրերի խորհրդատու
Ամուսնացած է, ունի երկու երեխա
– Մի փոքր պատմեք Ձեր գործունեության մասին, ինչպե՞ս որոշեցիք աշխատել ՄԻԱՎ-ին առնչվող հիմնահարցերի ոլորտում:
ՄԻԱՎ-ին վերաբերող խնդիրների շուրջ աշխատելը լրիվ պատահական է սկսվել` տասնհինգ տարի առաջ: Այն ժամանակ բժշկական համալսարանում կար «Երիտասարդ բժիշկների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, որտեղ ես նոր կամավոր էի: Այնտեղ կար գործունեության նոր ուղղություն` պայքար ընդդեմ ՁԻԱՀ-ի: Իսկ 2003 թվականին արդեն դուրս եկա այդ կազմակերպությունից, ու մի քանի ընկերների հետ հիմնադրեցինք «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն: Այն կարծես թե դարձավ իմ կյանքի խաչը, որը պետք է մինչև վերջ տանեմ:
– Արդեն ավելի քան 15 տարի աշխատում եք այս ոլորտում: Ի±նչ հաջողությունների եք հասել, ի±նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտում:
Աշխատանքային հաջողություններից կարող եմ նշել այն, որ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպությունից այսօր դարձել է այն կազմակերպությունը, որն ունի գործընկերների լայն շրջանակ, որի հետ շատերն են համագործակցում, իսկ ծրագրերի ծավալներն ու քանակը մի քանի անգամ աճել են: Մեր հիմնական գործունեությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համախմբումն է, խնամք, աջակցություն ցուցաբերելը: Եվ այսօր մենք ստեղծել ենք մի միջավայր, ուր մարդիկ մեծ հաճույքով գալիս են, ընդ որում ոչ միայն օգնություն ստանալու, այլև միմյանց փոխադարձաբար օգնելու համար, գիտակցում են, որ պետք է ակտիվորեն ներգրավված լինեն իրենց կյանքի բարելավման գործընթացում:
Իսկ անձնական հաջողություններից ամենամեծը ընտանիքս է: Հաջողություն է նաև իմ վերջին հինգ տարվա երազանքը կամ նպատակը` դառնալ այնպիսի փորձագետ, ով իր ներդրումները կունենա ավելի բարձր մակարդակներում, մի շարք կազմակերպությունների, ազգային ծրագրերի համար, նաև միջազգային մակարդակում: Այս տարի արդեն մի քանի նախաձեռնություն հաջողությամբ իրականացրել եմ:
– Իսկ ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպել Ձեր աշխատանքի ընթացքում:
Դժվարություններ միշտ էլ լինում են: Ես բնավորության մի գիծ ունեմ` գնահատված լինել իմ գործունեության մեջ: Կա մարդկանց նեղ շրջանակ, որի գնահատականին և աջակցությանը մեծ ուշադրություն եմ դարձնում: Իսկ երբ արածս գործը չեն գնահատում, կարող եմ գործն, այսպես ասած, կիսատ թողնել: Այդպիսի դեպքեր եղել են: Եղել են նաև դեպքեր, երբ թվացել է, որ իմ արած գործն անիմաստ է: Երբ նոր էինք հիմնել այս կազմակերպությունը, ունեինք մեր տեսլականը` ստեղծել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համախմբված, ուժեղ հանրույթ` գտնելով, որ դա է նրանց օգնելու միակ ճանապարհը: Ու այդ ժամանակ շատերի կողմից էինք անտարբերության, անհավատության արժանանում: Արդյունքում թևաթափ էի լինում` մտածելով, որ փաստորեն, սխալ եմ անում, որ այդպես եմ մտածում: Քննադատում էի այն մարդկանց, ովքեր ՄԻԱՎ-ի մասին ընդհանրապես տեղեկատվություն չունեին: Մարդկանց նկատմամբ քննադատությունը տարիների ընթացքում նվազել է, սակայն գտնում եմ, որ անտարբերությունը այն երևույթն է, որ պետք է ենթարկվի քննադատության:
– Այսքան երիտասարդ տարիքում Դուք հասել եք արդեն հասարակության համար տեսանելի փոփոխությունների: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
Բախտս շատ հարցերում է բերել: Բախտից բացի ինձ շատ է օգնել կինս` էլինան: Իմ նախաձեռնությունների մեծ մասի դեպքերում իր աջակցությունն եմ ակնկալել և ստացել: Ծնողներս են ինձ համար մեծ ներդրում ունեցել այն առումով, որ օգնել են մասնագիտություն ստանալ: Հաջողությունների մեծ մասն էլ գալիս է աշխատանքին նվիրվածությունից: Եթե նույնիսկ ինձ հիմա հարցնեք, թե որն է իմ հոբբին, ես դարձյալ կպատասխանեմ` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում աշխատելը:
– Իսկ որպես փորձառու մասնագետ, քաղաքացիական հասարակության ակտիվիստ` ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը, երիտասարդ քաղաքացիներին:
Անտարբեր չլինել: Եթե նրանք իրենց հոգեհարազատ գործով սկսեն զբաղվել, ամեն մեկը իր ոլորտում կհասնի հաջողությունների, հասարակության համար դրական փոփոխությունների: Մեր երիտասարդության մեջ անտարբերությունը, կարծում եմ, շատ է տարածված: Բոլոր շարժիչ ուժերը եղել են ուսանողության ձեռքերում, դրական փոփոխությունները նրանք են բերել` սկսած միջնադարից: Սակայն, երբ դիտարկում ենք մեր ուսանողությանը, տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, կա՛մ նրանք ահավոր անտարբեր են: Ցավոք սրտի, մեզ մոտ ամեն ինչ իդեալական չէ:
Գործընկերները Հովհաննես Մադոյանի մասին
Նաիրա Սարգսյան, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրեր (UNAIDS)
Հովհաննեսին ճանաչում եմ 2003 թվականից: Կարող եմ փաստել, որ նա ակտիվ, բանիմաց մարդ է: Տարբեր իրավիճակներին նա ունի իր գնահատականը, բավականին արդի և խելացի հարցեր է մշատապես բարձրաձայնում: Նա այն մարդն է, ով իր ազդեցությունն ունի ինչպես ՄԻԱՎ-ի խնդրի հետ առնչվող այլ կազմակերպությունների վրա, այնպես էլ պետական կողմի վրա: Նա բավականին լավ է հասկանում շահերի պաշտպանությունը, համագործակցության առավելությունները, լավ փոխհարաբերությունների մեջ է բոլոր գործընկերների հետ: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հաջողություններն էլ մեծամասամբ նրա աշխատանքի և գործունեության արդյունքն են, քանի որ նա ճիշտ և անհրաժեշտ ծրագրեր է նախաձեռնում և իրականացնում, բավականին լավ լիդեր է, կարողանում է նաև մարդկային ռեսուրսների ճիշտ ղեկավարում իրականացնել:
Գայանե Թովմասյան, «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպություն
Հովաննես Մադոյանին ճանաչում եմ 2004 թվականից, իսկ միասին աշխատում ենք 2006 թվականից մինչ այժմ: Հովհաննեսը նպատակասլաց և ոլորտին նվիրված անձնավորություն է, եռանդուն, խանդավառ և ջանասեր մարդ: Նա հիանալի շահերի պաշտպան է, կարողացել է ակտիվացնել ՄԻԱՎ-ով ապրող կանանց և տղամարդկանց, որպեսզի վերջիններս խթանեն ՄԻԱՎ կանխարգելումը ՀՀ-ում:
Էլմիրա Բախշինյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
Հովհաննես Մադոյանին ճանաչում եմ 2003թ.-ից, երբ ինքս ընդգրկվեցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրերում: Նրա հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտել եմ, որ գործ ունեմ անսահման բարի, խարիզմատիկ, ստեղծագործ և վերլուծական մտածողությամբ օժտված, նախաձեռնող, նրբանկատ, անշահախնդրորեն աշխատանքին նվիրված մարդու հետ: Ինչ վերաբերում է նրա գործունեությանը` որպես ակտիվիստ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով, ապա համոզված եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդրի հետ առնչվող շատ հարցերում Հայաստանում ու տարածաշրջանում առկա մարտահրավերները դրական լուծում են ստացել հենց Հովհաննեսի ջանքերի շնորհիվ:
Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
2008 թվականին մտադիր էինք հանրային միջոցառում անցկացնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ և փորձեցինք կապվել մի շարք կազմակերպությունների հետ` այն մեծ և ազդեցիկ դարձնելու համար: Այդ ընթացքում էլ հանդիպեցինք մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնցից մեկն էր հենց Հովհաննես Մադոյանը:
Նա այն մարդկանցից է, որ նպաստել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սերտ համագործակցությանը և հիմք դրել «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ստեղծմանը:
Փաստ է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ոլորտում կա-տարվող ցանկացած դրական փոփոխություն-ների մեջ մեծ դեր ունեն հենց Հովհաննեսի ներգրավվածությունն ու ջանքերը: Իմ համար պատիվ է ճանաչել նրան և համատեղ աշխատանք իրականացնել նրա հետ:
Նվարդ Մարգարյան
Hov jan iroq ays xosqerin du arjanies, vor grel en qo masin. Du aynpisi srti ter mard es, vor xosqer chem gtnum. Du misht imaci, vor ashxatakicneri koxmic sirvaces exel u mishtel ksirves. Es im exbor pes qez sirum u hargumem, du indz shat uxutyunneres cuyc tvel u xorhurdner es tvel ays kyanqum, vori hamar qez shnorhakalem. Uzumem Mamikoninel shnorhakalutyun haytnem nman naxadzernutyan hamar.