Սեռական հերպեսը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որն հարուցվում է հերպես սիպլեքս վիրուս (այսուհետ ՀՍՎ) 1-ին և 2-րդ տիպերի կողմից:
Վարակի փոխանցումը
Հերպես ինֆեցկիաները փոխանցվում են վնասվածքների, լորձային մակերեսների, սեռական օրգանների արտազատուկի և բերանային արտազատուկի հետ շփմամբ: ՀՍՎ-1 և ՀՍՎ-2 կարող են նաև ցրվել/ արտանետվել առողջ երևացող մաշկից:
Սովորաբար, անձը կարող է վարակվել ՀՍՎ-2 ինֆեկցիայով միայն սեռական ՀՍՎ-2 ինֆեկցիա ունեցող անձի հետ սեռական հարաբերության ճանապարհով: Փոխանցումն ամենից հաճախ ի հայտ է գալիս վարակված զուգընկերոջից, ով չունի տեսանելի մաշկի ախտահարում և կարող է չիմանա, որ ինքը վարակված է:
Ախտանշանները
ՀՍՎ-1-ով կամ ՀՍՎ-2-ով վարակված անհատների մեծ մասը անախտանիշ են կամ ունեն շատ թույլ արտահայտված ախտանշաններ, որոնք ընթանում են աննկատ կամ շփոթվում են մաշկի այլ խնդիրների հետ: Արդյունքում, վարակված անձանց 81.1% մնում են անտեղյակ իրենց վարակվածության վերաբերյալ: Երբ ախտանշաններն ի հայտ են գալիս, նրանք սովորաբար լինում են մեկ կամ ավելի բշտիկների տեսքով՝ մաշկի, ուղիղ աղու, բերանի և արտաքին սեռական օրգանների շուրջ: Գաղտնի շրջանի միջին տևողությունը վարակվելուց հետո 4 օր է (տատանվում է 2-12 օրվա ընթացքում): Բշտիկները պատռվում են և թողնում ցավոտ խոցեր, որոնք պահանջում են երկուսից չորս շաբաթ, որպեսզի լավանան: Այս ախտանշաններ ունենալը կոչվում է էպիզոդ/դրվագ:
Սեռական հերպեսի կլինիկական նկարագիրը տարբերվում է վարակի առաջին և հաջորդող դրվագի միջև: Հերպեսի առաջին դրվագը զուգակցվում է հերպետիկ վնասվածքների ավելի երկար տևողությամբ, բարձր վիրուսային արտացրմամբ/արտանետմամբ՝ դարձնելով հիվանդության տարծումն ավելի հավանական, և համակարգային ախտանշաններով, ներառյալ` տենդ, մարմնի ցավեր, այտուցված ավշային հանգույցներ և գլխացավ: Սեռական հերպեսի կրկնվող դրվագները հաճախակի են` մասնավորապես ինֆեկցիայի առաջին տարվա ընթացքում: Հիվանդների մոտավորապես կեսը, ովքեր նկատում են հիվանդության կրկնությունները, ունեն պրոդրոմալ նշաններ, ինչպիսիք են` թույլ, ծակող, այրող ցավեր ոտքերում, կոնքում և հետույքում, որոնք ի հայտ են գալիս հերպետիկ ցանավորման դուրս գալուց մի քանի ժամից մի քանի օրվա ընթացքում: Կրկնվող դրվագների ախտանշանները սովորաբար ավելի կարճ են և ավելի քիչ ծանր, քան սեռական հերպեսի առաջին էպիզոդը: Չնայած ինֆեկցիան կարող է մնալ օրգանիզմում անսահման ժամանակ, էպիզոդների քանակը ձգտում է նվազման ժամանակի ընթացքում: Հիվադության կրկնումն ավել քիչ հաճախակի են ՀՍՎ-1 վիրուսով, քան ՀՍՎ-2-ով:
Բարդություններ
Սեռական հերպեսն առաջացնում է ցավոտ սեռական խոցեր, որոնք կարող են լինել ծանր և հարաճող ընկճված իմուն համակարգ ունեցող անձանց մոտ, ինչպիք են ՄԻԱՎ-ով վարակված անձինք: Ե՛վ ՀՍՎ-1, և՛ ՀՍՎ-2 կարող են նաև առաջացնել հազվադեպ, բայց լուրջ բարդություններ, ինչպիսիք են` կուրությունը, էնցեֆալիտը (ուղեղի բորբոքում), ասեպտիկ մենինգիտը (ուղեղաթաղանթների բորբոքումը): Էքստրագենիտալ վնասումների զարգացումը նստատեղում, աճուկում, ազդրերում և աչքում կարող է ի հայտ գալ հիվանդության ընթացքում:
Որոշ անձինք, ովքեր ունեն սեռական հերպես, ունեն անհանգստություններ, թե ինչպես այն կազդի իրենց ընդհանուր առողջության, սեռական կյանքի և հարաբերությունների վրա: Կարող է լինել արտահայտված ամոթխածություն և խարան` կապված հերպեսի ախտորշման հետ, որը նշանակալիորեն կարող է ազդել պացիենտի հարաբերությունների վրա:
Սեռական հերպես և ՄԻԱՎ
Սեռական խոցային հիվանդությունները, որոնք առաջանում են հերպեսի արդյունքում, ՄԻԱՎ վարակի փոխանցումը և ձեռք բերումը սեռական ճանապարով դառձնում են ավելի հեշտ: Մոտավոր հաշվարկներով ՄԻԱՎ ձեռք բերելու ռիսկը երկուսից չորս անգամ մեծանում է, երբ այդ ինֆեկցիայի էքսպոզիցիան տեղի է ունենում, երբ առկա է սեռական հերպես: Սա այն պատճառով, որ սեռական հերպեսը վնասում է մաշկը և լորձաթաղանթները (բերանի, հեշտոցի և ուղիղ աղին պատող շերտը), որն տրամադրում է պաշտպանություն վարակներից` այդ թվում ՄԻԱՎ-ից: Հերպետիկ սեռական խոցերը կարող են հեշտորեն այրունահոսել, և, երբ սեռական հարաբերության ընթացքում շփում կա բերանի, հեշտոցի կամ ուղիղ աղու հետ, այն մեծացնում է ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը:
Բուժում
Հերպեսի համար բուժում չկա: Հակավիրուսային դեղերը կարող են, սակայն, կանխել կամ կարճացնել դրվագները այն ժամանակահատվածի ընթացքում, երբ անձն ընդունում է դեղորայքը: Բացի դա օրեկան/ամենօրյա ընկճող թերապիան, այսինքն՝ հակավիրուսային դեղերի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել հերպեսը զուգընկերոջը փոխանցելու հավանականությունը:
Կանխարգելումը
Պահպանակների ճիշտ և հետևողական կիրառումը կարող է նվազեցնել սեռական հերպեսով վարակվելու ռիսկը: Սակայն հիվանդության դրվագները կարող են ի հայտ գալ այն շրջաններում, որոնք չեն ծածկվում պահպանակով:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, այդ թվում սեռական հերպեսը կանխարգելելու լավագույն տարբերակը սեռական կոնտակտից ձեռնպահ մնալն է կամ երկարաժամկետ, մոնոգամ հարաբերություն ստեղծելն է զուգընկերոջ հետ, ով հետազոտվել է և վարակված չէ:
Հերպեսով վարակված անձինք պետք է խուսափեն իրենց զուգընկերների հետ սեռական ակտիվությունից, երբ հերպետիկ ցաները և հիվանդության այլ նշաններն առկա են: Կարևոր է իմանալ, որ եթե անձը չունի որևէ ախտանշան, նա դեռ կարող է զուգընկերոջը վարակել: Վարակված անձանց սեռական զուգընկերներին պետք է խորհուրդ տալ, որ քանի որ նրանք կարող են վարակվել, պետք է անպայման օգտագործեն պահպահանակներ՝ նվազեցնելու համար վարակման ռիսկը:
Վարդան Համբարձումյան