Հասարակություն առանց բռնության

swvngoՀասարակություն առանց բռնության հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ-ին: Հիմնադիրներ են Աննա Արուճյանը և Նոննա Արուճյանը, ովքեր ներկայումս կազմակերպության հոգաբարձուներն են: Կազմակերպության տեսլականն է առանց բռնության քաղաքացիական հասարակություն ունենալը` հասարակություն, որտեղ պետությունը կկառավարեն ժողովրդավարական արժեքներ կրող անձինք, մարդիկ, ովքեր հարգում են գենդերային հավասարության գաղափարախոսությունը և աջակցում դրա հաստատմանը, հասարակություն, որտեղ կանանց հանդեպ բռնությունը տեղ չունի:

Կազմակերպության մասին ավելին իմանալու համար զրուցեցինք ՀԱԲ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի հետ:

– Ո՞րն է ձեր կազմակերպության առաքելությունը:

Մեր առաքելությունն է կիսել մեր գիտելիքները, փորձը և հմտությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կրթել երիտասարդ կանանց ու աղջիկներին ու ներշնչել` լինելու ակտիվ երկրի քաղաքակական, սոցիալական, մշակութային կյանքում, քաջալերել նրանց դառնալու առաջնորդներ, կին իրավապաշտպաններ: Մեր առաքելությունն է նաև պայքարել ընտանեկան ու ընդհանրապես կանանց նկատմամբ բռնության դեմ, քաջալերել, ոգեշնչել կանանց ու աղջիկներին լինել ավելի ազատ ու ակտիվ և պայքարել իրենց իրավունքների համար: Փորձում ենք նաև կին իրավապաշտպանների ինստիտուտ հիմնադրել ու հավաքագրել ակտիվ կանանց մեր առաքելության շուրջ:

– Ձեր գործունեության հիմքում ի՞նչ փիլիսոփայություն է ընկած:

Մեր գործունեության հիմքում ֆեմինիստական փիլիսոփայությունն է, հարգանքը գենդերային հավասարության,մարդու իրավունքների նկատմամբ և պայքարը հանուն ժողովրդավարության: Ֆեմինիզմն այս ամենն իր մեջ ներառում է: Ասելով ֆեմինիստական արժեքներ` նկատի ունենք մոտեցում, որտեղ կանայք կարևոր դեր ունեն ու գիտակցում են իրենց դերն ու պայքարում են իրենց իրավունքների համար:

– Ո՞րն է ձեր գործունեության շարժիչ ուժը:

Շարժիչ ուժը ակիվիզմն ու աննկուն ոգին է, ինչպես ասել է Սերբիայից սևազգեստ կանանց ցանցի մի ներկայացուցիչ՝ ցանկացած անարդարություն, խտրականություն, ոտնահարում տեսնելու դեպքում միշտ լինել չենթարկվող: Մեր կարգախոսն է` պայքարել ու աննկուն լինել, ինչքան էլ դժվար լինի: Մյուսը թիմային ոգին է.գործում ենք ոչ թե որպես անհատ, այլ որպես խումբ:

one billion rising

– Գործունեության ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել և հանդիպում, ինչպե՞ս եք լուծում դրանք:

Առաջին դժվարությունն այն է, որ շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչով ենք զբաղվում, ինչի համար է այդ աշխատանքը կարևոր ու մեզ պիտակավորում են որպես «ընտանիք քանդողներ»: Այդ իսկ պատճառով մեր ծավալած գործունեության շրջանականերում մենք մշապես փորձում ենք առաջին հերթին մարդկանց իրազեկել, թե ովքեր ենք մենք և ինչ ենք անում: Մենք փորձում ենք մարդկանց տեղեկացնել, թե ինչու է կարևոր գենդերային հավասարությունը և որ կարևոր է, որ կանայք ակտիվորեն ներգրավված լինեն բոլոր ոլորտներում: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես մեր դասընթացների և սեմինարների մասնակիցները վախեցած էին և ունեին կցկտուր պատկերացումներ ֆեմինիզմի, գենդերի և գենդերային հավասարության մասին, սակայն դասընթացների արդյունքում հասկացել են ամեն ինչ և ափսոսում էին, որ մինչ այդ մերժում էին այդ գաղափարները: Եվս մեկ խոչընդոտ է հեռավորությունը. քանի որ երկար տարիներ այցելում ենք մարզեր, սահանամերձ գյուղեր, փոքր քաղաքաներ, լինում են դեպքեր, երբ տաքսու վարորդը հրաժարվում է քաղաքից գյուղ տանել` անմխիթար ճանապարհների պատճառով:

– Ո՞րն է կազմակերպության ամենամեծ նվաճումը:

Ամենամեծն ասելը դժվար է: Ամենամեծ նվաճումներից մեկը այս 13 տարիների ընթացքում Հայաստանում այցելած գյուղերն ու մարզերն են, հազարավոր մարդկանց հետ աշխատնքի փորձն է: Մյուս նվաճումն այն է, որ փորձում ենք գենդերային կրթությունը ոչ միայն ֆորմալ, այլ նաև ոչ ֆորմալ կրթության մաս դարձնել Հայաստանում: Արդեն երկու տարի է, ինչ մենք աշխատում ենք ներդնել գենդերային բաղադրիչը դպրոցական ուսումնական պլան՝ հասարակագիտության առարկայի շրջանակներում, ու եթե այդ ինտեգրացիան լինի, ես կհամարեմ այդ պահին մեր կազմակերպության ամենամեծ նվաճումը:Մեկ այլ նվաճում է, որ մենք որոշ քայլեր կարողացանք անել` նպաստելու կանանց դերի բարձրացմանը խաղաղաշինության և կոնֆլիկտների հաղթահարման ոլորտում:

– Ի՞նչ խորհուրդ կտաք ձեր ընթերցողներին, ովքեր հետաքրքրված են ձեր կազմակերպության գործունեությամբ:

Մարդկանց, ովքեր հետաքրքրված են ակտիվիզմով, հանուն արդարության պայքարով, կանանց իրավունքներով կամ գենդերային հիմնախնդիրներով, խոհուրդ կտամ անդամագրվել ոլորտում գործառնող որևէ կազմակերպության և դառնալ թիմի մաս: Կազմակերպություններն այսօր ակտվիզմով և մարդու իրավունքների համար պայքարող մարդկանց պակաս ունեն. նրանք քո կարիքն ունեն: Պետք է միասին և միասնական աշխատել՝ տեսնելու այն փոփոխությունները, որ ցանկանում ենք:

Նելլի Առաքելյան