Հեպատիտ. չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում

 Հեպատիտն (հունարեն hepat-լյարդ և itis-բորբոքում բառերից) իրենից ներկայացնում է լյարդի բորբոքում և բնութագրվում է մարդու լյարդում բորբոքային բջիջների առկայությամբ: Այն հաճախ հանգեցնում է դեղնախտի, ախորժակի վատացման, ընդհանուր թուլության, սրտխառնոցի, փսխման, որովայնային ցավերի և այլն:

⊗ Գոյություն ունի հեպատիտի 5 հիմնական տեսակ՝ A, B, C, D, E: Հեպատիտ C-ն և B-ն վիրուսային վարակներ են, որոնք բնորոշվում են լյարդի ծանր բորբոքումով: Հեպատիտ B –ի ինկուբացիոն (գաղտնի) շրջանը կարող է տևել 3-6 ամիս, իսկ հեպատիտ C–ինը՝ 2 շաբաթից մինչև 6 ամիս: Վիրուսային հեպատիտի հարուցիչը մարդու օրգանիզմում կարող է մնալ 18 -100 օր և ավել՝ չառաջացնելով հիվանդագին երևույթներ: Փոխանցվում են արյան միջոցով (արյան փոխներարկում, միանգամյա օգտագործման ներարկիչների բազմակի օգտագործում, երիկամների դիալիզ), անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ:

«Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» ֆլեշմոբի մասնակից երեխաները

Հեպատիտների և Հայաստանում դրանց տարածվածության, առկա խնդիրների մասին խոսեցինք «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ, «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի» անդամ Անահիտ Հարությունյանի հետ:

– Անահիտ, ինչպիսի՞ն է հեպատինտների տարածվածությունը Հայաստանում, որքա՞ն մարդ կա վարակված, ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդների բուժումը:

Համաձայն Առողջապահության Նախարարություն (ԱՆ)` մեր կազմակերպության կողմից արված հարցման պատասխանի` ՀՀ ԱՆ կողմից հաստատված վիճակագրական ձևերը ներառում են միայն տվյալներ A և B հեպատիտների վերաբերյալ: Ներկայումս վերանայվում է նաև հեպատիտ C-ի վերաբերյալ տվյալների ներառման հարցը: Նույն աղբյուրի համաձայն՝ 2011թ. գրանցվել է հեպատիտ B-ի 73 դեպք, իսկ 2012թ.՝ 63 դեպք:Հեպատիտ C-ի տարածվածության վիճակագրություն չկա, սակայն առանձին մասնագետներ նշում են դրա բարձր տարածվածության մասին:

Ինչ վերաբերվում է բուժմանը, ապա Հայաստանում առկա է հեպատիտ C-ի բուժման համար նախատեսված դեղամիջոցը` պեգիլացված ինտերֆերոն (պեգասիս), որը, սակայն, բավականին թանկ արժե: Մեկ ամպուլայի արժեքը 141.000 դրամ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ անհրաժեշտ բուժում սկսելուց առաջ և բուժման ընթացքում անհրաժեշտ են որոշակի հետազոտություններ անցնել (դրանք անվճար չեն), և եթե կարիք լինի ստանալ բուժման տարեկան կուրս, ապա անհրաժեշտ կլինի մոտավորապես 16.000 ԱՄՆ դոլար: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մյուս երկրներում ևս բուժման համար նախատեսված գումարը նույնքան բարձր է:

– Կան արյո՞ք անվճար հետազոտության կենտրոններ Հայաստանում, եթե ոչ, ապա որքա՞ն արժե հետազոտությունը:

Որքանով տեղյակ եմ` հեպատիտ C-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը վճարովի է և կազմում է 12.500 դրամ: Դա միայն 1 տեսակի հետազոտության արժեքն է:

– Որո՞նք են այն խնդրահարույց հարցերը՝ կապված հեպատիտների և դրանց բուժման հետ, որոնք անհապաղ լուծում են պահանջում:

Նախ անհրաժեշտ է, որպեսզի ԱՆ-ը հետամուտ լինի մի շարք քայլերի, մասնավորապես.

  • Հեպատիտ C-ի մոնիտորինգի համակարգի արդյունավետ ներդրում, որն իր մեջ ներառում է անվճար հետազոտման ընդլայնում և հեպատիտ C-ով վարակված, այդ թվում նաև բուժման սուր կարիք ունեցող անձանց վիճակագրական հաշվառում:
  • Հեպատիտ C-ի բուժման համար առանձին ծրագրի տրամադրում՝ առանձին ֆինանսավորմամբ. այն պետք է ծածկի բուժման սուր կարիք ունեցող հիվանդների քանակը:
  • Պեգիլացված ինտերֆերոն արտադրող և ներմուծող ընկերությունների հետ բանակցություններ ` դեղամիջոցի արժեքի իջեցման համար:
hepatitis day flashmob

2013թ. Հեպատիտների համաշխարհային օրը կազմակերպվեց «Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» ֆլեշմոբ, որը դարձավ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված համաշխարհային շարժման մաս:

– Անահիտ, խնդրում եմ նշել, թե որո՞նք են, ըստ Ձեզ, հեպատիտների բուժման համար պայքարի արդյունավետ եղանակները:

Արդյունավետ կարող է լինել հստակ վիճակագրության վերաբերյալ տեղեկատվությունը, որի արդյուքնում հնարավոր կլինի հիվանդության տարածվածությունը դուրս բերել ստվերից և արդյունավետ քայլեր մշակել երկրում հիվանդության վերացմանն ուղղված:

– Իսկ կա՞ վիճակագրություն, թե հեպատիտով հիվանդ որքան մարդ է հեռանում Հայաստանից` բուժման նպատակով:

Իմ ընկերներից կան մարդիկ, ովքեր արդեն իսկ լքել են կամ պատրաստվում են լքել Հայաստանը` արտերկրում բուժում ստանալու նպատակով: Բնականաբար ոչ մի վիճակագրություն այս առումով չկա: Ցավոք, այսօրվա դրությամբ, երկրի իշխանությունը գերադասում է լռել և ոչինչ չիմանալ, քան պարզել, հասկանալ և լուծում տալ խնդրին:

«Էկել եմ պոլիկլնիկա, որ թղթերս հավաքեմ հաշմանդամության կարգ ստանալու համար, անցնում եմ կաբինետներով… Վիրաբույժը՝ ասա՜, ինչի՞ ես կարգ ուզում, պատասխանում եմ՝ ունեմ հեպատիտ C և չվիրահատված կոկսարտրոզ… ու չեմ ուզում, այլ հասնում ա…, ասում ա՝ գնա՜ հեպատիտդ բուժի՝ նոր արի…, ես էլ ասեցի, թե ո՞նց հեպատիտս բուժեմ, գներից տեղյա՞կ եք…

Էս մարդն ինձ զռռացրեց… Հիմա պիտի ինֆեկցիոնիստի մոտ մտնեմ, կանգնած զռռում եմ… Էս ինչ քաքն եմ ընկել….»

– Սոնա-Մարինա Քոչարյան

Որպեսզի իրավական տեսանկյունից այս հարցի շուրջ բացեր չմնան՝ խնդիրը մեկնաբանեց «Առողջապահական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Վիոլետ Զոփունյանը:« Ես անմիջապես հղում կտամ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով: Բացի մայր օրենքից նաև առողջապահության ոլորտում ելակետային նշանակություն ունեցող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ՀՀ-ում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Այսինքն յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն, որպեսզի օգտվի և իրականացնի իր իրավունքները: «Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս» եզրույթի առանձնահատկությունն այն է, որ իրավական կարգավորման առարկա են դառնում պետություն, բուժհաստատություն և պացիենտ փոխհարաբերությունները, որտեղ պարտադիր պետք է պաշտպանվեն բուժաշխատողների (ներառյալ ադմինիստրատիվ և բուժքույրական անձնակազմի) և այս եռաստիճան հիերարխիայի ամենաթույլ օղակի՝ պացիենտների իրավունքները: Այստեղ առավել քան մեծ է պետության դերը, քանի որ վերջիններիս իրավունքների պատշաճ իրականացման և պաշտպանության համար պետությունը կրում է պոզիտիվ պարտականություններ:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն ՀՀ ԱՆ-ը անդրադառնում է հեպատիտի խնդրին՝ բազմիցս նշելով ապագա ծրարգրերում այն ընդգրկելու մասին, միևնույն է այժմ գործող օրենսդրությամբ, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից սահմանված պետության կողմից երաշխավորված բուժծառայություններրի ցանկում ընդգրկված չեն հեպատիտները:

Մեր պրակտիկայի ընթացքում ունեցել ենք դեպքեր, երբ խախտվել է հեպատիտով անձանց` բուժում ստանալու իրավունքը:

ՀՀ քաղաքացիներից մեկը, ով ուներ հեպատիտ C, երկար ժամանակ փորձում էր բուժում ստանալ Հայաստանում, այդ հարցով դիմում էր տարբեր պետական կառույցների և ոչ պետական մի շարք կազմակերպությունների, սակայն որևէ դրական պատասխան չէր ստանում: Արդյունքում՝ բժշկական ծառայության այս տեսակի մատչելիության բացակայության պատճառով, այդ անձը լքեց իր հայրենիքը, որպեսզի արտերկրում միջազգային ստանդարտներին համապատասխան բուժում կարողանա ստանալ:

Մեկ այլ պացիենտ, ով ստանում էր բուժում և օգտագործում էր «Պեգինտրոն» դեղամիջոցը շատ մեծ գումարներ էր ծախսում, արդյունքում դեռևս բուժման մեկ տարին չլրացած, պացիենտը մահացավ»:

«… Ես ծնվել եմ Հայաստանում, ես ուզում եմ ապրել Հայաստանում, ես ընկերներ ունեմ Հայաստանում, ես կյանք ունեմ Հայաստանում, ես մարդ եմ Հայաստանում… Հիմա ես եկել եմ, ձեռք եմ մեկնել եվրոպական գթասրտությանը, որը չի կարա անվերջ շարունակվել, Եվրոպան չի կարա անվերջ հիվանդներ ընդունել… Եվրոպացիները հարկեր են մուծում ու էդ հարկերից մեզ ուտելիք են տալիս, տուն են տալիս, փող են տալիս ապրելու համար, բուժում են վերջապես, բուժում են էն հիվանդությունները, որոնց պատճառով բնակչության մեծ մասն արտագաղթում է, որովհետև բուժվելու հնարավորություն չունի Հայաստանում.. Հո չե՞ն մեռնելու …»

– Լուսինե Վայաչյան

Կամո Դավթյան