Նիանքխնում և Խնումհոթեփ

Եգիպտոսը միշտ էլ եղել է գրավիչ ու ձգողական: Հնագույն քաղաքակրթություններից մեկը, որ հազարամյակներ գոյատևեց և փլուզվեց իր իսկ պահպանողական նախապաշարմունքների և ավանդույթների պատճառով, ցայսօր էլ շարունակում է մոգական հմայքով ու իր միստիկ մշակույթով գերել ու զմայլել շատերին:

Հետաքրքիր են հոդվածները “New York Times” և “The Sunday Times” թերթերից: Ստորև կծանոթանանք հոդվածների ընդհանրացված բովանդակությանը:

1964 թվականին էր, Կահիրեի մոտակայքում, հայտնի Աստիճանավոր (Ջոսերի) Բուրգի մոտ (Step Pyramid), Սաքարա նեկրոպոլիսում (Նեկրոպոլիս – մեռյալների քաղաք` խմբագրի կողմից): Նորահայտ բուրգը չապշեցրեց արքայական մումիաներով կամ փայլատակող գանձերով: Սակայն հետազոտողները կանգ առան, երբ իրենց լամպի կերոսինի լույսը շողաց ամենասուրբ սենյակի պատի վրայի արվեստի գործի վրա:

Չնայած ազնվական չէին, նրանք մեծ պատվի էին արժանացել դղյակում որպես թագավորի մատնահարդարներ մոտավորապես մ.թ.ա. 2380 – 2320 թվականների ընթացքում` Հին Թագավորության հինգերորդ դինաստիայի ժամանակներում: Թագավորին խնամելը ազնվաբարո զբաղմունք էր:

Հնագետներն ապշած էին: Հին Եգիպտոսում խիստ ծայրահեղ են դեպքերը, երբ էլիտար դամբարանում ամփոփվում էր երկու տղամարդ, այն էլ` հավասար հասարակական կարգավիճակներով: Մահճային այդ տաճարները սովորաբար արարվել են որպես «խաղաղության» վայր նշանավոր մի այրի, իր կնոջ և երեխաների համար:

Երկար տարիներ նրանց դամբարանի արվեստաշատ պատերը վերլուծության առարկա են եղել` ոգեշնչելով բազմաթիվ մտորումներ:

Չնայած կողոպտիչները դամբարանը մաքրել են մասունքներից, պատի պատկերները բացահայտեցին չափազանց կարևոր ակնարկներ այդտեղ գտնվող «տանտերերի» մասին:

Եգիպտաբանների մեծ մասն ընդունում է այն տեսությունը, որ դամբարանի «տանտերերի» սովորական զույգ եղբայրներ են: Այս վարկածը մեծամասամբ առաջադրել է Ջոն Բեյնսը` հնագետ Անգլիայի Օքսֆորդի համալսարանից:

Գրիգ Րիդըրն է այն անկախ գիտնականը Սան Ֆրանցիսկոյից, ով առաջադրել է զույգի նույնասեռական լինելու վարկածը:

Քանի որ դամբարանային արվեստում տարասեռական զույգերի գրկախառնությունները պարունակում են էրոտիկ և սեռական հարաբերություններ և գուցե անդրաշխարհում դրանց շարունակություն, պարոն Րիդըրն ու իր կողմնակիցները պնդում են, որ երկու տղամարդ պատկերող նմանատիպ նկարները նույն իմաստն ունեն` նրանք հավանաբար նույնասեռական զուգընկերներ են:

Ուշադրություն հրավիրելով ամենաինտիմ պատկերներից մեկի վրա` Րիդըրն ասում է. «Նրանք այնքան մոտ են կանգնած միմյանց, որ ոչ միայն դեմ առ դեմ են, քիթ առ քիթ, այլ իրենց գոտիների հանգույցները դիպում են միմյանց` միացնելով իրենց իրանները: Եթե այս պատկերում նույնասեռ զույգի փոխարեն արական և իգական անհատների պատկերներ լինեին, ապա պարզ կլիներ` ինչ ենք տեսնում»:

Պաշտպանելով իր մեկնաբանությունը` պարոն Րիդըրն ասաց, որ այլ գրկախառնվող ամուսինների և կանանց տեսարաններին նմանությունը պետք չէ անտեսվի:

Նա ավելացրեց, Ուելսում իր դասախոսությունների ժամանակ, որ կա նոր ապացույց, որ տղամարդկանցից մեկն ավելի շուտ էր մահացել, քան երկրորդը:

Այն փաստը, որ երկուսն էլ ընտանիք են ունեցել (կին և երեխաներ – խմբագրի կողմից) չի դիտարկվում որպես նույնասեռական տեսությանը հակադրվող, ասում են եգիպտաբանները: Ինչպես այդ ժամանակ էր ընդունված, նրանք նույնպես հավանաբար երեխաներ են ունեցել, որպեսզի վերջիններս հոգ տանեին իրենց մասին և հավերժորեն պահպանեին իրենց նվիրված և իրենց բարեկեցությունն ապահովող կուռքը (նախնիների պաշտամունքի մի տեսակ – խմբագրի կողմից):

Պատկերներում նրանց կանայք ու երեխաները «վտարվել» են ետնամաս: Մի որմնանկարում, երբ մինչև անդրաշխարհ իրենց ճանապարհորդությունը երկուսը վայելում են վերջին ընթրիքը, Նիանքխնումի կնոջ պատկերը ծեփվել է դամբարանը զարդարած արհեստավորների կողմից: Խնումհոթեփի կինն ընդհանրապես չկա:

Դամբարանի մուտքը.
Վերևի տեքստն ասում է. «Թագավորի վստահված անձ, մատնահարդարների վերակացու` Խնումհոթեփ: Թագավորի վստահված անձ, մատնահարդարների վերակացու` Նիանքխնում» (խմբագրի մենկաբանություն):
Ձախ կողմում գրված է. «Թագավորի վստահված անձ, դղյակի ավագ մատնահարդար` Խնումհոթեփ» (խմբագրի մենկաբանություն):
Աջ կողմում. «Թագավորի վստահված անձ դղյակի ավագ մատնահարդար` Նիանքխնում» (խմբագրի մենկաբանություն):

Երկու տղամարդկանց պատկերը, միմյանց ձեռքերը բռնած, հսկիչ շրջագայություն կատարելիս: Վերոնկարագրյալը կարելի է տեսնել նախամուտքի հարավային պատի վրա: Նիանքխնումն առաջնորդում է Խնումհոթեփին դեպի իրենց դամբարանի խորքերը:

Դամբարանի մուտքի մոտ` պատի վրա, որպես մեկ ամբողջական անուն փորագրված են Նիանքխնումի և Խնումհոթեփի անունները: Երկու անուններն էլ պարունակում են կուժի տեսք ունեցող հիերոգլիֆը, որը կավագործ Խնում Աստծո անունն է: Նիանքխնում անունն աջ կողմում, կուժի և անքի նշանի հետ, թարգմանվում է որպես «Խնումը կյանք ունի»: Ձախ կողմում Խնում անունը, կուժի և զոհաբերության հիերոգլիֆի հետ մեկտեղ, նշանակում է «Խնումը բավարարված է»: Հոթեփ նշանակում է խաղաղություն կամ բավարարվածություն և ներկայացնում է սեղանի վրա մեռյալների համար որպես զոհաբերություն դրված հացի բոքոն: Բացի Խնում Աստծոն վերաբերելուց, խնում հիերոգլիֆը նաև նշանակում էր «միացված» և «միավորել» և հետագայում ներառեց այլ իմաստներ ևս` «գործակիցներ, ուղեկիցներ, ընկերներ», նույնիսկ` «մեկ տան մեջ ապրողներ»: Հնարավոր է, որ սա բառախաղ է, և երկու անունները միասին կարող են նշանակել «Միասին կյանքում և միասին խաղաղության մեջ»:

Զոհասենյակում է, որ ի հայտ են գալիս ամենաինտիմ նկարները: Նրանք շրջապատված են իրենց երեխաներով, բայց կանայք ներկայացված չեն: Երկուսի միջև հարաբերությունը հասկանալի չէ: Եղբայրնե՞ր էին, գուցե զույգ եղբայրնե՞ր, մոտ ընկերնե՞ր էին, միգուցե սիրեկաննե՞ր: Կամ գուցե բոլորը միասի՞ն: Ողջամիտ փաստարկներով կարելի է պաշտպանել յուրաքանչյուր և բոլոր վերոնշյալ դիրքորոշումները:

Զոհասենյակի արևելյան պատի վրա նույնական զույգը ցուցադրված է ամենամտերմիկ գրկախառնության պատկերով, որը թույլատրելի էր հին եգիպտական արվեստի կանոններով: Նիանքխնումն աջ կողմում է` բռնած իր զուգընկերոջ աջ նախաբազուկը, իսկ Խնումհոթեփը` ձախ կողմում, ձեռքն իր զուգընկերոջ մեջքի վրա` ամուր բռնելով նրա ուսը: Կրկին երկուսի քթերն իրար են շոշափվում և այս անգամ նրանց իրաններն այնքան մոտ են, որ իրենց գոտիների վրայի կապերը կարծես իրար են հպվում, գուցե նույնիսկ մեկը մյուսին են կապված: Այստեղ` իրենց միացյալ դամբարանի ամենաանձնական մասում, երկուսը կանգուն են` հավերժորեն գրկախառնված:

Սևակ Կիրակոսյան

Աղբյուրները` Egyptology.com
The New York Times
The Sunday Times
Tour Egypt