ԼԳԲՏԻ+ մարդկանց իրավունքների նվիրյալը․ Մագնուս Հիրշվելդ

1919-ին իրականացավ հայտնի սեքսոլոգ ու գեյերի իրավունքների պաշտպան Մագնուս Հիրշվելդի երազանքը. հուլիսին Բեռլինում տեղի ունեցավ «Սեռական գիտությունների ինստիտուտ»-ի բացումը: Քաղաքական առումով ինստիտուտի հիմնադրումը մաս էր վեյմարյան շրջանի առաջադիմական բարեփոխոմների, մինչդեռ դրա գիտական արժեքը մարդու սեռականության կենսա-բժշկագիտական բացատրությունների շրջանակում է դիտարկվում: Դա աշխարհում սեռական գիտության հիմնադրման առաջին փորձն էր:

Մագնուս Հիրշվելդն իր կարիերայի մեծ մասը նվիրել էր սեռականության ու գենդերի ուսումնասիրություններին` նույնասեռականության համատեքստում: Լինելով գեյերի իրավունքների եռանդուն պաշտպան` նա հիմնադրեց Գիտական Հումանիտար Կոմիտեն (Scientific-Humanitarian Committee), որն աշխարհում գեյերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջին կազմակերպությունն էր: Հիրշվելդին ակտիվիստական գործունեության դրդեցին բժշկական օգնության կարիք ունեցող իր գեյ այցելուների ինքնասպանության դեպքերը:

Սեռի, գենդերի ու սեռականության մասին Հիրշվելդի մոտեցումները բեկումնային էին: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին նրա աշխատությունները թրենդային դարձան Գերմանիայում, ինչի շնորհիվ սեռականության թեման ավելի լայն ու բաց քննարկման արժանացավ: Գերմանիան առաջատար դարձավ մարդու սեռականության բնույթի գիտական հետազոտությունների ոլորտում, ինչը գիտական դեբատների կարևոր թեման էր: Հիրշվելդը, մատչելի իրազեկում ապահովելու նպատակով, սկսեց սեռականության և գենդերի մասին թռուցիկներ և գրքույկներ կազմել ու բաժանել հանրության ու բուժաշխատողների շրջանում:

Հիրշվելդն է որպես գիտական ու բժշկական տերմին առաջ քաշել տրանսվեստիտ տերմինը. գերմանական այս տերմինով էին բնութագրվում այդ պատմական ժամանակաշրջանում ընդունված ստանդարտից դուրս գենդերային ինքնությունները, ինչը հետագայում արտահայտում գտավ ԼԳԲՏԻ+ հավաքական տեսքով: Նա հայտնի է նաև որպես «Սեքսի Այնշտայն»:

Հետագայում նա ներկայացավ սեռականության մասին նոր տեսություններով: Նրա հետաքրքրութան առարկան էր նույնասեռական սիրո ու ցանկության արտահայտումը: Գիտնականի մտքերը մարտահրավեր էին նույնասեռական հրապուրանքի` պաթոլոգիկ այլասերություն լինելու մասին լայնորեն ընդունված կարծիքին: Նա պնդում էր, որ սեռական ինքնությունն ի ծնե է` հիմնավորելով, որ սեռականությունը չի կանխորոշվում անհատի բնավորությամբ կամ դաստիարակությամբ և տարբեր չէ, օրինակ, աջլիկ կամ ձախլիկ ծնված լինելու հանգամանքից: Հետևաբար նույնասեռական անհատները չպետք է խտրականության ենթարկվեն կամ պատժվեն իրենց սեռականության համար: Գործածելով «արդարություն` գիտության միջոցով» կարգախոսը` Հիրշվելդը հույս ուներ, որ կհաջողվի վերացնել հանրային մտքում դաջված նախախնամությունները: Նա հանրային աջակցություն էր ակնկալում քրեական օրենսգրքի` սեռականությանը վերաբերող կետերի փոփոխության համար:

Շուրջ 30 տարի նրա հիմնած հանձնաժողովը պայքարեց տղամարդկանց միջև սեռական կապի ապաքրեականացման համար: 1909-ին հանձնաժողովը ցույցերով հանդես եկավ կանանց միջև սեռական կապի քրեականացման օրինագծի դեմ: Երկու դեպքում էլ` ապարդյուն: Բայցևայնպես, կոմիտեի գործողությունները նպաստեցին հանրության լայն զանգվածների իրազեկմանը:

Լինելով հրեա ու գեյ` Հիրշվելդը պարբերաբար ենթարկվում էր ճնշումների: Նրա հիմնադրած հաստատությունները վարկաբեկվում էին ու պիտակավորվում իբրև «հրեական», «սոցիալ-դեմոկրատական» կամ «անբարո»: Նացիստներն առևանգում էին նրա աշխատություններն ու հավաքածուները: Նացիստական կուսակցությունը մերժում էր գենդերի ու սեռականության մասին նրա նոր գաղափարները: 1933-ին նրա հիմնադրած ինստիտուտն իշխանության ճնշումների ներքո փակվեց, իսկ գիտական աշխատությունների մեծ մասը հրապարակավ այրվեց: Նրա գիտական աշխատանքի կորուստը վառ օրինակ է նացիստների ձեռքով ոչնչացված մի ողջ գիտական ու մշակութային ժառանգության: Նացիստների հետապնդումների պատճառով Հիրշվելդը պարտադրված է լինում լքել Գերմանիան և տեղափոխվել Ֆրանսիա։ 1934-ին նացիստները զրկում են նրան գերմանական քաղաքացիությունից։

Հրիշվելդը փորձում է Փարիզում նոր ինստիտուտ հիմնադրել, սակայն նրան դա չի հաջողվում, ինչից հետո տեղափոխվում է Նիս, որտեղ էլ մահանում է 1935-ին, իր ծննդյան տարեդարձի օրը։

Երբ 70-ականներին գեյերի իրավունքների համար պայքարող շարժումները կրկին ի հայտ եկան, մի խումբ ուսանողներ հիմնադրեցին Մագնուս Հիրշվելդ կազմակերպությունը (Magnus Hirschfeld Society), որի շրջանակում տասնյակ երիտասարդ գիտնականներ ու ակտիվիստներ վերջին 40 տարիներին ջանք չխնայեցին աշխարհով մեկ փնտրելու Հիրշվելդի աշխատությունները: Մասամբ դա հաջողվեց նրանց, և այսօր Բեռլինում գործում է կազմակերպության փոքրիկ գրադարանը, ուր այցելում են ԼԳԲՏԻ+ պատմությամբ հետաքրքրվողներ, ուսանողներ, հետազոտողներ:

1999-ին գերմանացի ռեժիսոր Ռոզա ֆոն Փրաունհայմը Հիրշվելդի մասին ֆիլմ է նկարահանում՝ «Սեքսի Այնշտայն» վերգրությամբ։

Նյութի աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր
Լուսանկարը՝ sciencefriday.com-ի